Այլեւս «հաղթելու ենք» չանեք

Այլեւս «հաղթելու ենք» չանեք

Երեկ կրկին պատերազմի շունչը զգացինք: Տեղ գյուղում առաջ եկած թշնամին, որը դիրքեր էր կառուցում հայկական հողում, պարզվեց` հենց այնպես չի առաջ եկել, այլ հեռուն գնացող ծրագիր ունի: Երեկ ադրբեջանական զինուժը նախ ռմբակոծեց մեր դիրքերը, ապա տեղեկատվական գրոհ սկսեց` հայտարարելով, որ հայկական կողմն է ագրեսիա կիրառում, անօդաչու սարքեր օգտագործում եւ այլն: Եվ հայկական կողմը, որը նորից զոհեր ու վիրավորներ ուներ, սկսեց արդարանալ` մենք չենք կրակում, մենք անօդաչուներ չենք օգտագործել, մենք զենք ու զավթողական մտադրություններ էլ չունենք, մենք խաղաղասեր ենք` անկախ ձեր պահվածքից: Ապա սկսեցին հանդիմանել ու սաստել հայկական լրատվամիջոցներին` մի գրեք, հասարակությանը մի տեղեկացրեք, թե ինչ է կատարվում Տեղում ու Վարդենիսում, ՊՆ-ն կհաղորդի պաշտոնական տեղեկատվություն: Եվ սկսեց «հաղորդել»` մեղմելով կատարվածը. այս պահին կայուն իրավիճակ է Տեղում, այս պահին Վարդենիսում չեն կրակում, ունենք զոհեր ու վիրավորներ, բայց դրանց մասին լրացուցիչ կհայտնենք:

Այս ծածկադմփոցի նպատակը մեզ դեռ 2020-ից է հայտնի` հանրության շրջանում իբրեւ թե խուճապ չառաջացնել: Թեեւ այնպես չէ, որ Երեւանում բնակվող մարդիկ խուճապի ենթարկվելու ունակ են: Իսկ խուճապ ասելով՝ իշխանությունը հասկանում է` իշխանությունների հանդեպ դժգոհությունը չմեծանա, չսկսեն հայհոյել իշխող թիմին եւ պահանջել, որ հեռանան: Բայց թե ինչու են արդարանում, ասելով` մենք չենք կրակում, անօդաչուներ չենք գործածում, թերեւս դա էլ ուղղված է միջազգային հանրությանը, որից, պարզվում է, ՀՀ պետական կառույցները դեռ սպասելիքներ ունեն: Մի բան պարզ է, որ եթե ռազմական գործողություններն ընթանում են Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքում, կնշանակի՝ մենք չենք նախահարձակ եղել: