Ի գործ

Ի գործ

Նայելով վերնագրին՝ ընթերցողը սարկաստիկ կժպտա՝ մտածելով. «Ո՞վ էր կասկածողը»: Եվ տողերիս հեղինակն էլ կհամաձայնի: Իհարկե, Նիկոլը Սերժ չէ: Կարծում եմ, որ ակնհայտ է՝ թե ինչ է նշանակում «Սերժ չէ» արտահայտությունը: Իսկ, եթե, այնուամենայնիվ, ոմանց համար այդպես չէ, ապա ասեմ. Սերժն այն ղեկավարը չէր, որ արյուն կթափեր հանուն սեփական իշխանության պահպանման: Անցնենք առաջ կամ, ավելի ճիշտ, վերադառնանք ետ: Տողերիս հեղինակն ինքն իրեն ու Նիկոլին մերժող ընթերղողին կհարցնի՝ եթե համաձայնվում ենք, որ Նիկոլը Սերժ չէ, ապա ինչո՞ւ ենք արդեն ավելի քան երկու տարի վարչապետի պաշտոնից նրան հեռացնելու նպատակով անում այն, ինչ արել է հենց ինքը 2018 թվականի ապրիլ ամսին: Եվ եթե ընդունում ենք վերնագրում արտահայտված դատողությունը, ապա պետք է անենք այնպիսի մի բան, որ, նախ, համապատասխանում է այսօրվա իրավիճակին, երկրորդ՝ հաշվի է առնում վերը նշված դատողությունը, և երրորդ՝ հերթական անգամ չի կրկնում այն ամենը, ինչ հաջողություն չի բերել: 

Անցնենք վերը բերված հարցերի պատասխաններին. եթե Նիկոլը կանգ չի առնի արյուն թափելու առջև (հիշենք անօրինական ծառահատման հետ կապված իջևանյան պատմությունը), ապա փողոցային՝ հանրահավաքային, այդ թվում՝ երթով ավարտվող, շարժման տարբերակն օգուտ տալ չի կարող: Հատկապես հույս ունենալով, որ առաջիկա տարում փողոցում կրկին կհավաքվի հիսուն-վաթսուն հազար մասնակից, ինչն իրատեսական չէ: Ծրագրեր մշակել ու քննարկումներ իրականացնելը ևս իրատեսական չեմ համարում: Որովհետև վերջին երկուսուկես տարում փողոցային շարժման հետ միասին քննարկումների պակաս չի եղել: Բայց այդ ամենը որևէ արդյունքի չի հանգեցրել: Հիշենք նաև, որ հանրահավաքային և կամ երթային շարժման ժամանակ մասնակիցներն անընդհատ պահանջել են ավելի արմատական գործողություններ: Բայց քանի որ խորհրդարանական ընդդիմությունը դրան գնալ չէր կարող՝ սահմանափակված էր օրինական դաշտում պայքար մղելու անհրաժեշտությամբ, այդ պահանջները կյանքի չեն կոչվել: Կյանքի չեն կոչվել նաև այն ժամանակ, երբ փողոցում հավաքված զանգվածին առաջնորդում էին արտախորհրդարանական ուժերը և կամ առանձին անհատները: Պատճառն ավելի քան ակնհայտ էր՝ խուսափել են իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց: 

Ի դեպ, արդեն քանիերորդ անգամ հիշեցնեմ՝ 2017 թվականի նոյեմբերի 7-ին (նոր տոմարով) բոլշևիկյան հեղաշրջումը հաջողությամբ պսակվեց, քանի որ այդ օրը լրանում էր հեղափոխական Լև Տրոցկու 38-ամյակը, և վերջինս որոշեց ինքն իրեն ծննդյան օրվա առումով նվեր մատուցել: Այսինքն, պատասխանատվություն ստանձնեց և ընդամենը երեք հազար նավաստիների միջոցով մայրաքաղաքում դրեց հսկա երկրի իշխանության փոփոխության սկիզբը: Քանի որ Հայաստանում չկան ո՛չ տրոցկիներ, ո՛չ էլ նավաստիներ, կամ էլ զինվորականներ, ապա այդ տարբերակը մեզանում չի աշխատի: Մնում է ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ակտիվ քաղաքացիների միջոցով կազմակերպել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը առանձին քաղաքացիական խմբերի կազմավորում և գործողությունների իրականացում: Բնականաբար, օրինականության սահմաններում: 

Թե երբ, որտեղ և ինչպիսի ակցիաներ՝ որոշելու է հենց տվյալ խումբը: Այն կախված չի լինելու այլ խմբերի գործողություններից կամ նույնիսկ դրանց առկայությունից: Հատկապես առկայությունից, քանի որ մեկ խմբի օրինակը չի կարող չլինել վարակիչ՝ եթե, հատկապես, մի քանի անհաջող գործողությունից հետո այդ խումբն ունենա ակնհայտ ինչ-որ հաջողություն: Խմբերի կազմավորումը կարող է տեղի ունենալ ֆեյսբուքում, Տելեգրամ ալիքներում և այլ տարբերակներով: Ճիշտ կլինի համախոհների այդ խմբերը ձևավորել ըստ թաղամասերի՝ լինեն դրանք Երևանում, Գյումրիում թե այլուր: Որպեսզի ծանոթանան միմյանց և անհրաժեշտության դեպքում կարողանան կարճ ժամանակում հավաքվել իրար գլխի: Թաղամասին կամ համայնքային (փոքրերի դեպքում) ակտիվիստների խմբերն, ի դեպ, կազմավորվում էին նախկինում ՀԿ-ների կողմից: Որքան գիտեմ, այդ գործընթացը շարունակվում է նաև այժմ: Եվ, իմ կարծիքով, հենց այդ խմբերն ապահովեցին 2018 թվականի ապրիլյան շարժման մարդաշատությունը: Իսկ ֆեյսբուքյան լիդերներ կամ համակարգողներ կարող են լինել այն անձինք, ովքեր ունեն հետևորդների մեծ շրջանակ: Կամ էլ բազմաթիվ հավաքող անհատներ: Ի դեպ, դա հենց այն միակ պահն է, երբ ֆեյսբուքով իշխանություն գրաված Փաշինյան Նիկոլը ստիպված կլինի հրաժարական ներկայացնել հենց ֆեյսբուքի կամ նման այլ հարթակի միջոցով:

Կարծում եմ, որ ներկայացված տարբերակը մի քանի ամիս անց կարող է տալ իր դրական արդյունքները: Եթե ոմանց կարծիքով մի քանի ամիսը երկար դիտվի, ապա չմոռանանք, որ խայտառակ պարտությունից անցել է երկու տարի երկու ամիս, իսկ պարտություն կրած գերագույն կամ գլխավոր հրամանատարը դեռևս մնում է իր պաշտոնում: Այնպես որ՝ ի գործ…