Իսկապես որ՝ իյա, իրո՞ք
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հերթական անհեթեթությունը երկար չդիմացավ: Խոսքը վերջինիս՝ «Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից» ֆեյսբուքյան գրառման մասին է: Չդիմացավ, քանի որ 2800 էմոձիից (վերաբերմունք արտահայտող նշանից) 740-ը ծիծաղի (կամ արհամարհական) նշան էր, ինչը կազմում է ավելի քան 26 տոկոս: Պատկերացնում եք՝ վարչապետի պաշտոնական էջում կատարված գրառմանն արձագանքածների քառորդ մասից ավելին ծիծաղում է նրա ասածի վրա: Դա տեսնելով վերջինս փորձել է գրածի տակից դուրս գալ ու ավելացրել է. «Թեզ է, որը լրացուցիչ ստուգման կարիք ունի, բայց գրեթե վստահ եմ, որ ստուգումների արդյունքում կհաստատվի»: Իսկ ես առավել քան վստահ եմ, որ անկողմնակալ ու չեզոք աուդիտի դեպքում վարչապետի աթոռից կառչած անձի կողմից ասված հերթական խոսքը կնետվի աղբարկղ:
Խոսքս հիմնավորեմ իմ անձնական օրինակով: «65+» տարիքի թոշակառու անձը, որի տեսակը բազմաթիվ է մեր օրերում, եթե կողքից այլ եկամուտներ չստանար, ապա կա՛մ սովամահ պետք է լիներ և կա՛մ առողջական խնդիրներից մահանար: Որովհետև կոնկրետ իմ՝ 42 հազար կազմող թոշակից դեկտեմբերի 13-ի դրությամբ մնացել է 571 դրամ 90 լումա: Դա ծախսվել է սննդի՝ այն էլ ոչ այնքան թանկարժեք, և դեղերի վրա: Ի գիտություն՝ «65+» տարիքում մարդիկ սովորաբար եկամուտի մի զգալի մասը ծախսում են հենց դեղերի վրա: Իսկ եթե փռից գնված հացի համար առձեռն գումարով չվճարեի՝ դա շատ ավելի արագ է կատարվում, քան քարտի դեպքում, ապա թոշակի գումարը կվերջանար դեռևս առաջին տասնօրյակում: Դա հենց պետական բնուջեից ինձ վրա ծախսված գումարն է: Ի դեպ, իմ թոշակն ավելի պակաս է, քան վերջին 15 տարում իմ աշխատավարձից պետբուջե գնացած եկամտահարկը:
Պետական բյուջեից ինձ վրա որևէ կոպեկ (հա, վայ, լումա) չի ծախսվում առողջության պահպանման առումով: Որովհետև աշխատանքային վերջին քառորդ դարում աշխատել եմ ոչ պետական կազմակերպություններում՝ սկզբում որպես լրագրող, իսկ այնուհետև՝ հասարակական կազմակերպության աշխատակից: Որքան հիշում եմ՝ վերջին 10-15 տարում չեմ օգտվել պետական, այսինքն՝ անվճար, պոլիկլինիկանների ծառայությունից: Հասկանալի է, որ այս հարցում ես բացառություն եմ, քանի որ պետպատվերի կամ անվճար պոլիլիկլինիկաններից օտվում են շատերը: Հա, նաև տղա զավակ չեմ ունեցել, որպեսզի վերջինիս բանակում ծառայելու՝ պետբուջեից իջեցված գումարը ևս հաշվարկվեր որպես մեր ընտանեկան բյուջեի համալրում: Բայց եթե լիներ, ապա չեմ կարծում, որ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության վրա ծախսվող գումարը ևս պետք է հաշվարկվի ասվածի համատեքստում:
Այնպես որ, եթե թոշակային համակարգը հիմնված լիներ ոչ թե, այսպես կոչված, սերունդների համերաշխության, այլ որպես եկամտահարկ մուծված գումարի հաշվարկի վրա, ապա Նիկոլի ղեկավարած իշխանությունն ինձ պարտք կմնար: Ի դեպ, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ կուտակային թոշակների առումով կողմ եմ եղել նախկինների քաղաքականությանը՝ լինելով ընդդիմադիր: Չնայած, կուտակայինի մեկ բաղադրիչի՝ պետական մասնակցության առումով դեմ է՝ դեռևս 2000-ականների սկզբից իմ կողմից հարգված նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Քիչ էր մնում մոռանայի՝ եթե հայաստանյան շուրջ (կամ ավելի քան՝ ճշգրիտ թիվը չգիտեմ) 750 հազար ընտանիքների վրա հաշվարկվի նաև պետական պարտքը, ապա նույնիսկ ես չեմ խուսափի պետբյուջեից ֆինանսավորվողի կարգավիճակից: Չնայած ուր է գնում և որքան արդյունավետ է պետական պարտքը՝ գիտեն երևի միայն Նիկոլն ու իր մերձավորները, կամ էլ երևի չգիտեն: Ամեն դեպքում, պետպարտքի հետ նույն շարքում են, ասենք, ֆինանսների տեսքով պետական արտոնությունները, որ տրվում են այս կամ այն մասնավոր ընկերությանը:
Կարծիքներ