Ասում է՝ հարկատուն հերոս է, բայց աշխարհում ոչ մի այլ երկրում հերոսին չեն զրկում արտոնություններից և չեն կեղեքում

Հայաստանում հունվարի 1-ից ավելացավ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը, շատերի համար անգամ կրկնակի չափով: Շրջանառության հարկը կբարձրանա 5-ից մոտ 10 տոկոսի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ կարճ տեսանյութ էր պատրաստել շրջանառության հարկի մասին, որտեղ հիմնավորում էր, թե «շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է»։ Ըստ Փաշինյանի՝ սա նաև հնարավորություն է փոքր բիզնեսի համար։
Ըստ վարչապետի՝ հունվարի 1-ին ուժի մեջ մտնող փոփոխությունը ՓՄՁ-ներին հնարավորություն է տալիս կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված կլինի:
Բանն այն է, որ նման կարգավորում հիմա էլ է գործում, սակայն դրանից շատ քչերն են օգտվում, իսկ պատճառն այն է, որ չի ստացվում ձեռք բերել փաստաթղթեր բոլոր օղակներում։ Այսինքն՝ փոքր բիզնես ունեցողը փաստացի հնարավորություն չունի փաստաթղթավորված շրջանառություն ապահովել, քանի որ իրեն ապրանք վաճառողները բոլորը չէ, որ փաստաթուղթ են տալիս: Ու ստացվում է, որ այդ գործարարների համար հարկը բարձրանում է:
Բացի այդ, տնտեսագետները պնդում են, որ հարկային օրենսգրքում փոփոխություններն առաջարկելիս կառավարությունը հաշվի չի առել տարածքային զարգացման խնդիրները, քանի որ հարկային բեռի ավելացումը խնդիր է լինելու հեռավոր գյուղերի խանութների, հյուրատների, այնտեղ գործող միկրոբիզնեսի այս տեսակի համար։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն, անդրադառնալով հայ ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու համառ ու անթաքույց փորձերին, «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Շատ կարևոր է հարկերի բեռի ավելացումը ոչ թե ընդհանուր առմամբ, այլ շատ կարևոր է դրա կառուցվածքը: Բազմաթիվ մասնագետներ հայտնում են մտահոգություններ, որոնք վերաբերում են հարկային բեռի կառուցվածքին: Հարցն այն է, թե այս ամենն ինչպես է ազդում երկրի ընդհանուր տնտեսության վրա: Հիմնական մտահոգությունն այստեղ է. առաջինը՝ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռի թռիչքաձև աճին է վերաբերում: Մարդիկ հազիվ ծայրը ծայրին հասցնելով կարողանում են իրենց զբաղվածությամբ կեցության խնդիր լուծել, հայտնվել են թիրախում: Փաշինյանն ասում է՝ հարկատուն հերոս է, բայց աշխարհում ոչ մի այլ երկրում հերոսին չեն զրկում արտոնություններից և չեն կեղեքում: Կրկնապատկվեց շրջանառության հարկը։ Հիմա էլ քննարկվում է արտոնյալ համակարգն առհասարակ վերացնելու հարցը։ Իշխանության թեզը հետևյալն է՝ թող ազատ մրցակցի փոքր բիզնեսը խոշորի հետ: Սա է արդյունավետ տնտեսություն ունենալու իշխանության պատկերացումը։ Չկա որևէ երկիր, որն ունի կայուն զարգացում՝ տնտեսական առումով և չունի փոքր ու միջին բիզնեսի համար արտոնություններ: Տեղի է ունենում հարկային տեռոր: Օրինակ՝ ավտոներկրողների ավելացված արժեքի հարկերը վերադարձնելու ապօրինությունները, փոքր բիզնեսին տուգանելու նոր մեթոդները և այսպես շարունակ: Հարկային բեռը ավելացնում են տնտեսական անկայուն շրջանում։ Այսինքն իշխանություններն ամեն ինչ անում են հակառակ: Երբ ունեինք տնտեսական աճ, այդ շրջանում հարկային փոփոխություններ չեղան: Հիմա, երբ ակնհայտ է, որ տնտեսական աճի տեմպերը թուլանում են՝ տարօրինակ, անտրամաբանական, խնդրահարույց փոփոխություններ են տեղի ունենում: Ինչը մեծ խնդիրներ է առաջացնում», - նշում է Թադևոս Ավետիսյանը:
Կարծիքներ