Ճայթյունավտանգ Հայաստան
Էս գլխից ասեմ, որ ես հակված չեմ հավատալու «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ, այսպես կոչված, իշխանությունների որեւէ, այսպես կոչված, մեկնաբանության: Ի՞նչ պետք է ասեն՝ սաղ ճայթուկների խանութի վաճառո՞ղն է մեղավոր: Դե ուրեմն՝ բայ-բայ, տղերք, դուք սխալ ճանապարհի վրա եք: Ես ավելի հզոր վարկածներ ունեմ, եթե չասեմ՝ լուրջ կասկածներ, որ ինչ-ինչ կազմակերպություններ փորձում են իշխանություններին ուղղորդել դեպի այլ հարթություններ: Զորօրինակ, ի՞նչ նպատակ է հետապնդում այն կազմակերպությունը, որ հայտարարում է, թե ինքն արդեն տուգանել էր գործարարներին եւ պարտավորեցրել ինչ-ինչ գումարներ վճարել: Եվ կամ մյուս կազմակերպությունը, որ ինքը բազմիցս զգուշացրել է տաղավարների եւ շենքերի միջեւ համապատասխան տարածության բացակայության, հակահրդեհային միջոցառումների անբավարարության եւ ընդհուպ՝ մուտքի դռները դեպի ներս բացվելու անթույլատրելիության մասին: Արդյոք փորձ չի՞ արվում սլաքներն ուղղել «անբարեխիղճ» գործարարների կողմը, ինչը թույլ կտա ՀՀ, այսպես կոչված, իշխանություններին, այսպես կոչված, հետեւություններ անելու:
Ամբողջ հանրապետությունը գիտի, որ Էդիկ Անդրեասյանը (ծնվ. 1961թ.) վերջին 61 տարում ԿԳԲ-ԱԱԾ-ում երբեք հաշվառված չի եղել եւ երբեք այնտեղ չի աշխատել: Այս հանգամանքը, սակայն, չի խանգարում Էդիկ Անդրեասյանին ասելու, որ ՀՀ ԱԱԾ-ն իրեն առնվազն տարօրինակ է պահել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի ֆոնին: Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ ԱԱԾ-ն հավատացել է ԱԻՆ-ի թեթեւ վարկածին, թե՝ «սաղ ճայթուկների խանութի վաճառողն ա մեղավոր կամ պահեստապետը»: Իմ կարծիքով՝ ԱԱԾ-ն տեղյակ էր, որ տեղի է ունենալու լոկալ պայթյուն: Այսինքն՝ ԱԱԾ-ի համար այս պայթյունն անսպասելի չի եղել: Կա՞ն ԱԱԾ-ից հակառակը պնդողներ: Չկան, որովհետեւ համազգեստի պատիվը թույլ չի տալիս նրանց խոստովանել, որ ՀՀ ԱԱԾ-ն բառիս բուն իմաստով անգործության է մատնված, եւ, որպես դրա հետեւանք, անտերության է մատնված ողջ երկիրը: Բայց, այնուամենայնիվ, ընդունենք, որ ԱԱԾ-ն նախապես տեղյակ չի եղել այս ամենին:
Ի՞նչ կաներ նորմալ ԱԱԾ-ն «Սուրմալուի» հզոր պայթյունից հետո: 2001թ. Նյու Յորքի առեւտրի զույգ կենտրոնների ավիախոյահարումներից վայրկյաններ անց փակվեցին ԱՄՆ գրեթե բոլոր օդանավակայանները, Պենտագոնն ու Սպիտակ տունն առնվեցին հսկողության տակ, նախագահը ժամանակավորապես տեղափոխվեց բունկեր: Մեզ մոտ կատարվել է միայն վերջին կետը՝ մի տարբերությամբ, որ բունկեր է տարվել ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը:
Ընդ որում, վերջինս «Սուրմալուի» պայթյունի մասին իմացել է արդեն բունկերում՝ կայքերից, Գնել Սանոսյանից եւ այլ աղբյուրներից: Բայց շատ չշեղվենք: Ի՞նչ պետք է աներ նորմալ ԱԱԾ-ն, եթե այս պայթյունն անսպասելի էր նրա համար: ԱԱԾ-ն առաջինը պետք է մտածեր, որ սա ահաբեկչություն է: Պետք է րոպեների ընթացքում փակվեին բոլոր առեւտրի կենտրոնները, մետրոն, արգելվեին մարդաշատ հավաքները, քաղաքացիներին պետք է ուղարկեին տուն եւ խնդրեին դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Անգլիայում, օրինակ, այդպես են վարվում, երբ բեռնատարի հարբած վարորդը, մեքենայով հանդերձ, մխրճվում է բազմության մեջ: Բայց մեր ԱԱԾ-ի, ինչպես տեսաք, տանձին էլ չէր «Սուրմալուի» պայթյունը: Մոլերում առեւտուրը եռում էր, սրճարաններում ասեղ գցելու տեղ չկար, «Երազ» այգում էլ հո տժժում էին բոլորը: Եվ, ուրեմն, հարգելի ԱԱԾ, վաղը ինձ չասեք, թե այս ամենը ձեզ համար անսպասելի էր:
Հաջորդը Գռզոյի հետ կապված վարկածն է: Ես ոչինչ անել չեմ կարող իշխող խմբակցության պատգամավորի համար, երբ համառ լուրեր են պտտվում, որ նա վաղուց աչք ուներ «Սուրմալուի» տարածքի վրա: Մարդիկ հիշում են այստեղ 2019-ին տեղի ունեցած խոշոր հրդեհը, «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոններում ստեպ-ստեպ ձեւավորվող անհնազանդության օջախները եւ այլն, եւ այլն: Այսպիսի դեպքերում, իմ կարծիքով, ճիշտ կլինի անուններ չտալ՝ հարգելով, դիցուք, Խաչատուր Սուքիասյանի անմեղության կանխավարկածը: Բայց չասել, որ «Սուրմալուի» պայթյունը կարող էր բիզնեսների առճակատման հետեւանք լինել, նույնպես ճիշտ չէ: Ի դեպ, այս վարկածը շատ լավ տեղավորվում է այն թեզի մեջ, որ ԱԱԾ-ն գիտեր, թե ինչ է լինելու ՍԻԼ առեւտրի կենտրոնից եւ Սուքիասյանին պատկանող ալրաղացից ոչ հեռու գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում:
Քաղաքական եւ աշխարհաքաղաքական վարկածներ. կա՞ն արդյոք այդպիսիք: Պատկերացրեք՝ կան, եւ դրանցից ոչ մեկը ճայթուկների խանութի վաճառողի կամ պահեստապետի դեմ չէ: Չափազանց հետաքրքիր է պայթյունի հատկապես քաղաքական երեսը: Բանն այն է, որ ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները հայտնվել են իրենց համար մի էկզոտիկ իրավիճակում, երբ շատ դժվար է, եթե չասենք՝ անհնար, նախկիններին մեղադրելը: Բայց մեկին մեղադրել պետք է, չէ՞: Այլապես սոցիալական հարթակները գործող իշխանություններին են մեղադրում հերթական կատակլիզմը ժողովրդի գլխին բերելու մեջ, որպեսզի շրջանցվի Բերձորի եւ Աղավնոյի հանձնման թեման: Ահաբեկել, սսկացնել ժողովրդին, ստիպել, որ ՀՀ քաղաքացին մտածի միայն իր անձի, իր ընտանիքի անդամների, իր բնակարանի անվտանգության մասին, հանկարծ իր բակում եւ իր տանն էլ պայթյուն չլինի՞… Ինչի՞ մասին է օդանավակայանում, մետրոյում, պետական եւ ռազմական նշանակության շենքերում, մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերի այս շարանը: Այս ամենը, այո, նույն օպերայից է՝ շեղել մարդկանց ուշադրությունը ՀՀ, այսպես կոչված, իշխանության հերթական տնաքանդությունից:
Եվ վերջապես՝ «Սուրմալուի» պայթյունի աշխարհաքաղաքական նշանակության մասին: Ի՞նչ տեղի ունեցավ օգոստոսի 3-14-ը Հայաստանում: Օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրեց Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին, որ զգույշ մնան, խուսափեն մարդաշատ վայրերից: Օգոստոսի 14-ին պայթեց «Սուրմալուն»: Այս երկու ամսաթվերի միջեւ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպանը Թուրքիային եւ Ադրբեջանին կոչ արեց՝ ձեռնպահ մնալ հայ-իրանական սահմանի մոտ ահաբեկիչներ խաղացնելու անհեռանկար պրակտիկայից, հայտարարություն եղավ Կապանում ԻԻՀ հյուպատոսություն բացելու մասին, եւ մեկ օր անց բացվեց այն: Որպեսզի հասկանանք, թե ում է ձեռնտու Հայաստանում իրավիճակի ապակայունացումը, պետք է նախ հասկանանք, թե ովքեր են դեմ Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդմանն ու մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանմանը: Կարծում եմ՝ հասկանալի արտահայտվեցի, եւ ՀՀ, այսպես կոչված, իշխանություններն առնվազն աչքաթող չպետք է անեն Իսակովի պողոտայում հանգրվանած ամերիկյան միջնաբերդը, եթե, իհարկե, ուզում են ամեն ինչ իմանալ «Սուրմալուի» պայթյունի մասին եւ ճայթուկների խանութի վաճառողին ու պահեստապետին անկապ քարշ չտան դատարան: Իսկ դատ պետք է լինի՝ ունենք զոհեր, վիրավորներ, նաեւ՝ նյութապես տուժածներ:
Կարծիքներ