ՀԿ-ների պահանջը կատարեց

ՀԿ-ների պահանջը կատարեց

Երբ փետրվարի 24-ին 46 հասարակական կազմակերպություններ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում «սորոսական» հորջորջվողները, հայտարարություն արեցին՝ ուլտիմատում ներկայացնելով իշխանություններին, շատերը դրան լուրջ չվերաբերվեցին։ Մինչդեռ ծավալուն, քաղաքական ենթատեքստով հագեցած հայտարարությամբ նրանք պահանջում էին քաղաքական գնահատական տալ նախկիններին՝ ազդարարելով վերջին 20 տարիներին «իշխանությունների կողմից պետության զավթման փաստը», սահմանել «պետության ապազավթման կամ զավթման համակարգի ապամոնտաժման համակարգային գործողությունները», իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, ընդունել նոր Սահմանադրություն եւ օրենքներ։ Սակայն խնդիրը ոչ այնքան հայտարարության բովանդակությունն էր, որքան վերջնագրի լեզուն․ «մինչեւ նշանակված սահմանադրական հանրաքվեի անցկացումը պահանջում ենք հրատապ կերպով» ԱԺ հայտարարության կամ բանաձեւի տեսքով կատարել մեր պահանջը եւ ներկայացնել միջազգային հանրությանը։ Թվում է՝ շանտաժի առաջ չնահանջող Նիկոլ Փաշինյանը պետք է կարդար այդ ուլտիմատումն ու քմծիծաղ տար, սակայն պարզվեց, որ «սորոսականներն» ավելի հզոր են, քան մենք կարող ենք պատկերացնել։ Եվ երեկ Նիկոլ Փաշինյանը կատարեց 46 հայտնի ու անհայտ ՀԿ-ների պահանջը։ Նա 6 կետից կազմված հանրաքվեի հռչակագրի տեքստ հրապարակեց, որտեղ 95-ից սկսած բոլոր ընտրությունները, բացի 1999-ի եւ 2018-ի ԱԺ ընտրությունները, հայտարարեց կեղծված։ Նշեց, որ զուգահեռ գործել է կոռուպցիոն համակարգ՝ ատկատներով, մենաշնորհներով եւ այլն, իսկ իշխանության թեւերը սպասարկել են այդ համակարգին, ու պաշտոնյաներն էլ կուտակել են մեծ հարստություն, որը պետք է խլել նրանցից։ Կարող ենք արձանագրել, որ մեր պետությունը կառավարում են ՀԿ-ները։