18 կամրջից 2-ն է նորոգվել․ մի տեղ գնալու համար մարդիկ գյուղեգյուղ են անցնում

18 կամրջից 2-ն է նորոգվել․ մի տեղ գնալու համար մարդիկ գյուղեգյուղ են անցնում

Մայիսի 25-26-ի առատ տեղումներից առաջացած ջրհեղեղը Լոռու մարզին հսկայական վնասներ է հասցրել։ Կառավարության մայիսի 30-ի նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խրոխտ ներկայացրեց աղետի հետեւանքով առաջացած վնասները, կարծես տեղի ունեցածում իրենց մեղքը բոլորովին չկա, եւ այս լուսավոր դարում հնարավոր չէր դա կանխատեսել ու գոնե մի քանի վայրում ափապաշտպան կառույցներ ստեղծել, որպեսզի Դեբեդը հունից դուրս չգար: Աղետից մոտ 4 ամիս անց ալավերդցիներն ահազանգում են, որ Քարկոփից Ալավերդի հասնելու համար ահռելի ժամանակ ու ճանապարհ են անցնում, քանի որ հեղեղից փլված կամուրջները դեռ չեն վերականգնվել: Ամենից շատ տուժած գյուղում` Քարկոփում, ժամանակավոր կամուրջ էին տեղադրել, ինչը հունիսին տեղացած առատ անձրեւի հետեւանքով կրկին փլուզվել է: Լոռեցիների խոսքով` Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանը որոշակի կշիռ եւ հեղինակություն ուներ, կարողանում էր համայնքի հարցերը լուծել, սակայն ՔՊ-ական իշխանությունը նրան ապօրինաբար հեռացրեց պաշտոնից, եւ համայնքապետ կարգեցին Շնողի նախկին գյուղապետին, ով անկարող է ինչ-որ բան անելու: Քարկոփ գյուղի բնակիչ Գոհար Մ․-ն մեզ հետ զրույցում ասում է, որ անգամ շինարարական աշխատանքները դեռ չեն սկսել, եւ որպեսզի քարկոփցիները հասնեն Ալավերդի, չորս-հինգ գյուղ են կտրում, քանդված ու վտանգավոր ճանապարհներով անցնում: Թեմայի շուրջ նախ զրուցեցինք Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանի հետ:

- Տիկին Հերմինե, ձեր համայնքի բնակիչներն ասում են, որ Ալավերդի հասնելու համար մի քանի գյուղ են կտրում-անցնում: Աղետից 4 ամիս է անցել, ինչո՞ւ դեռ ոչինչ չի արվել:

- Տեղյակ չեմ մանրամասներից, բայց ասել են, որ շուտով խնդիրը կլուծվի:

- Աշխատանքներ կատարվո՞ւմ են այժմ: Կամուրջ կառուցվո՞ւմ է, գոնե` ժամանակավոր:

- Այս պահին չի կատարվում, ուղղակի այս պահին ավարտված է նախագիծը, բայց աշխատանքներ դեռ չեն իրականացվում:

- Իսկ չե՞ք հետաքրքրվել` շուրջ չորս ամիս անց ինչո՞ւ ոչինչ չեն անում:

- Հետաքրքրվել ենք, երկու կամուրջ` այլ վայրերում, ավարտին են հասցրել, երեւի հերթը մերն է լինելու: Քանի որ Քարկոփն Ախթալայով կարողանում էր ճանապարհ դուրս գալ, դրա համար այն բնակավայրերի կամուրջները նորոգվեցին, որոնք արտաքին աշխարհի հետ կապը կորցրել էին: Քարկոփը մնաց հետո, հույս ունեմ, որ այս հարցն էլ կլուծվի:

- Այսինքն՝ 18 կամրջից միայն երկուսն են նորոգել: Իսկ ո՞ր կամուրջներն են: Ի դեպ, ինչպե՞ս եք հասնում Ալավերդի:

- Գնում ենք Ճոճկան գյուղ, Ճոճկանից հասնում ենք Այրում, Այրումից՝ Ախթալա, նոր միայն հասնում ենք Ալավերդի: Այո, մի քանի գյուղ ենք անցնում, որպեսզի հասնենք ներպետական ճանապարհին: Մենք գյուղում մի խանութ ունենք ընդամենը, ամեն ինչ այդ առումով նորմալ է, սնունդ առաքվում է: Ասում են, որ կատարված է նախագիծը, սպասում են, որ շինարարներն աշխատանքները սկսեն:

Զրուցեցինք նաեւ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ:

- Առատ տեղումների հետեւանքով երկու տասնյակի հասնող կամուրջ է փլուզվել, մարդիկ գյուղեր են անցնում Քարկոփից՝ միջպետական ճանապարհին հասնելու համար: Ինչո՞ւ ոչինչ չի արվում դեռեւս:

- Քարկոփի կամուրջը նորոգվել չի կարող, պետք է նորմալ, ամուր կամուրջ կառուցվի:

- Ե՞րբ, քանի՞ ամիս, քանի՞ տարի է հարկավոր դրա համար:

- Դե, ժամանակավոր շուտով կկառուցվի:

- Ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի մարդկանց վերջնական ամուր կամուրջներով ապահովեք:

- Վերջնականը մի քիչ երկար կտեւի, էնպես չէ, որ արագ ինչ-որ կամուրջ ենք սարքելու, ուզում ենք էնպիսի ամուր կամուրջ սարքենք, որը ոչ թե պիտանի կլինի երկու տարվա, այլ երկար սպասարկելու համար: Ենթադրում եմ, որ մինչեւ ամսվա վերջ ժամանակավորը կկառուցվի: Պետք է հասցնենք: Ասում ենք՝ ժամանակավոր, իսկապես ժամանակավոր է, բայց ամուր, նորմալ կամուրջ է:

- Ո՞ր կամուրջներն եք նորոգել:

- Դե, օրինակ, Սանահին կայարանում տեղադրել ենք էդպիսի ժամանակավոր կամուրջ, մտածում ենք` ժամանակավոր է, բայց կարող է մնալ որպես հիմնական:

- Իսկ ինչո՞ւ եք այս չորս ամսվա ընթացքում այսքան քիչ գործ արել, ինչո՞ւ անգամ չեք սկսել շինարարական աշխատանքները:

- Զուտ ժամանակի եւ հնարավորության հարց է: Կամուրջը հենց այնպես հարց չէ, մանավանդ՝ եթե լավն ենք ուզում: Կա` որակով, կա` անորակ, կա` արագ կառուցվող եւ կա` միակողմանի, կա` երկկողմանի: Բարձրության հարց կա, շատ են հարցերը: Մեզ էլ է պետք, որ մի օր շուտ այդ հարցը լուծենք: 

- Ինչքան հասկացա, այդ 2 էլ Սանահին կայարանի ժամանակավոր կամուրջներ են, այսինքն` ոչ մի կամուրջ դեռ չի՞ կառուցվել, չե՞ք էլ սկսել:

- Կառուցել չենք սկսել, բայց նախագծման փուլում են:

- Ասում են` տուժածների դրամական փոխհատուցումներն էլ պատշաճ չեք տրամադրում: Ինչո՞ւ: Քանի՞ ընտանիքի եք փոխհատուցել:

- Արդեն 54 ընտանիքի գումարներ ենք հատկացրել:

- Ինչո՞ւ այդքան քիչ: Ընդամենը 54 ընտանի՞ք է տուժել:

- Ոչ, մնացածների փաստաթղթերում խնդիրներ են եղել:

- Ի՞նչ խնդիրներ:

- Այսինքն՝ մարդու բնակարանը չունի վկայական, ժառանգությունը չեն ճանաչել, չափագրման խնդիր կա: Կոնկրետ կառավարության կողմից տրվող գումարների մասով չկա խնդիր: Ում փաստաթղթերը լիարժեք են, ստացել են կամ կարող են գնալ ստանալ: Մենք զանգահարել եւ տեղեկացրել ենք, մնացածն իրենց տիրույթում է:

- Որքա՞ն գումար եք հատկացրել:

- Տարբեր: Քառակուսի մետրից է կախված: Մոտավորապես` 3 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն եւ այլն.... Կախված է բնակարանի մեծությունից ու փոքրությունից:

- Առատ տեղումների պատճառների մասին շատ խոսվեց, մասնագիտական գնահատականներ հնչեցին, նշվեց, որ գետի հունը չի մաքրվել, եւ նմանատիպ պատճառներ, ինչի հետեւանքով Ալավերդին ջրի մեջ էր հայտնվել: Այժմ աշխատանքներ արվո՞ւմ են` նոր աղետից խուսափելու համար:

- Գետի հունի մաքրման աշխատանքներ կատարվելու են, կա որոշում, դրա համար էլ է նախագիծ եւ հաշվարկ պետք, որպեսզի նորից խնդիրը չկրկնվի: Այս պահին դեռեւս չի արվել նման աշխատանք, բայց կարվի: Սպասում ենք նախագծի ավարտին, որպեսզի աշխատանքները սկսենք: