Ինչո՞ւ հաղթանակած ազգից վերածվեցինք անհասկանալի ամբոխի. Կարին Տոնոյան

Ինչո՞ւ հաղթանակած ազգից վերածվեցինք անհասկանալի ամբոխի. Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անընտրանի ու անղեկ ժողովրդին զուր մի դատեք:

Ամեն օր կարդում եմ հազար ու մի տեղին ու անտեղի մեղադրանք մեր ժողովրդի հասցեին ու օրեցօր մտահոգվում ավելի ու ավելի..... իսկ ով է փոխելու այդ ժողովրդին, ինչո՞ւ հաղթանակած ազգից վերածվեցինք ժողովրդի ու հիմա էլ անհասկանալի ամբոխի....

Որպես երկար տարիների մանկավարժ, միշտ շատ մեծ նմանություն եմ նկատել ժողովրդի կառավարման ու մանկավարժության միջև, ժողովրդի ու աշակերտության միջև....

Շուրջ 25 տարի աշխատելով երեխաների հետ, իսկ 15 տարի որպես տնօրեն աշխատելով նաև մանկավարժների հետ, նկատել եմ մի օրինաչափություն՝ դպրոցը մի փոքրիկ պետություն է, որտեղ երեխաների դաստիարակությունն ու կրթումը շատ նման է պետության կառավարմանը. դասարանի աշակերտների և կրթական, և վարքային մակարդակը ուղիղ համեմատական է  դասվարի, դասղեկի ու ուսուցիչների կրթական ու վարքային մակարդակին, իսկ դպրոցի ընդհանուր մակարդակը, մթնոլորտն ու միջավայրը՝ ղեկավարող կազմի մակարդակին: Շատ եմ նկատել, որ նույն դասարանի աշակերտների նկարագիրը արագ նմանվում է դասղեկի նկարագրին, իսկ առարկայի նկատմամբ հետաքրքրությունն ու սովորելու աստիճանը կախված է այդ առարկան դասավանդող ուսուցչից: Նույն դասարանը, որից բոլորը դժգոհ են եղել՝ անկարգության, թափթփվածության ու ծուլության պատճառով, դասղեկի կամ ուսուցչի փոփոխությունից հետո աննկարագրելի փոխվել է: Կամ հակառակը՝ փայլուն դասարանը «ձեռքից գնացել է»:
Նույնն է նաև պետության մասշտաբով. շատ բան է կախված, թե ով է ղեկավարում ժողովրդին, հենց ղեկավարության որակներից էլ ձևավորվում է երկրի ընդհանուր մթնոլորտը, միջավայրային ազդեցությունը, արժեհամակարգային մտածողությունը և, իհարկե, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը:

Արցախյան 1-ին պատերազմը մեզ ստիպեց վեր հանել մեր ազգային հատկությունները, որովհետև կար ընդհանուր նպատակ և, որքան էլ չցանկանանք ընդունել, կար խորհրդային տարիներին տրված  հայրենասիրական ընդգծված կրթություն ու դաստիարակություն, թեկուզ «սովետական հայրենիքի» նկատմամբ, կարևորը որ կար այդ դաստիարակությունը և այն կիրառվեց ազգային նպատակի համար ու հաղթանակ բերեց:

Բայց ի՞նչ եղավ հետո իր ոգու օլիմպիական հաղթանակին հասած այդ «դասարանի» հետ..... ուղղակի հանկարծ այդ մեծ հաղթանակը տարած «աշակերտների» աչքի առաջ դպրոցի ղեկավարները սկսեցին մեջ-մեջ անել, սեփականաշնորհել հաղթանակի պտուղները, մեծամտացան, լիովին բավարարվեցին այդ հաղթանակով և այլևս ոչ նորմալ «դաս» էին կազմակերպում,  ոչ «դպրոցի» զարգացման մասին մտածում, ոչ էլ ........ և....

Շատ շուտով «ուսուցիչները» սկսեցին նմանվել տնօրենությանը, «աշակերտները» սկսեցին նմանվել ուսուցիչներին և դպրոցում սկսվեց համատարած հետընթացն ու արժեհամակարգային խեղումը: Հետո երբ բոլորը նկատեցին անկումը, «դպրոցում» սկսվեց փոխադարձ մեղադրանքների հեղեղը, և նույն «փայլուն աշակերտները» վերածվեցին «ծույլ ու աննպատակ» ամբոխի:

Իսկ քանի անգամ է եղել, որ տնօրենի, դասղեկի կամ ուսուցչի փոփոխությամբ դպրոցը կամ դասարանը աննկարագրելի վերելք է ունեցել և կամ՝ հակառակը.....  

Այո, ինչպես դասարանը ուսուցչի, այնպես էլ ժողովուրդը հայելային արտացոլանքն է իր ղեկավարության. ինչ ցանես, այն էլ կհնձես սկզբունքով: Մենք բազում ինքնազրկանքների գնով հաղթանակած ազգից վերածվեցինք միայն «իր քյարը» ընկալող ժողովրդի, իսկ վերջին 3 տարում արկածախնդիր ու պատեհապաշտ ամբոխի...... 

Այնպես որ ժողովրդին ազգ դարձնելու համար այդ նպատակը ունեցող ընտրանի է պետք ձևավորել, ցավոք դա մեկ օրում չես անի»: