Վարդանյանը դեռեւս անուններ չի հնչեցնում

Վարդանյանը դեռեւս անուններ չի հնչեցնում

ԱԺ  նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի դեմ ելույթ ունենալու պատճառով ՀՅԴ շարքերից հեռացված Աղվան Վարդանյանը երեկ սենսացիոն 13 հարց-բացահայտում ներկայացրեց հանրությանը։

Առաջին հարցադրումը․ «2019-ին արդյո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, Ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել Ձեր ղեկավարին։ Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասելով՝ տես թե էդ անասուններն ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»։
Երկրորդ հարցադրումը, որում ներգրավված է նաեւ Փաշինյանի կինը․ «Արդյո՞ք սուրճի սեղանի շուրջ, ընտանեկան միջավայրում, Նիկոլին ասվել է՝ մի արա։ Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի։ Իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյո՞ք նրա ամուսինը (կնոջը ամուսին ասում են, չէ՞) միջամտել է՝ ի՞նչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել»։ Իսկ վերջին՝ 13-րդ կետով Վարդանյանը հարցնում է․ «Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռ. Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել ընկճախտից»։

Հարցրինք՝ հարցադրումները, ենթադրաբար, հռետորական չեն, փաստեր ունի՞, կարո՞ղ է անուններ հնչեցնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյան է Ադրբեջանի ներկայացուցչից նման առաջարկ ստացել, եւ որքան գումար է առաջարկվել Արցախի դիմաց։ «Ես վստահ եմ, որ այն, ինչ կատարվել է Հայաստանի, Արցախի հետ, մեր վաղվա պետական մարմինները, համապատասխան կառույցներն այս իմ ասածների վերաբերյալ, եթե կան այդ մարմինները, գործում են նաեւ այսօր, պիտի իրականացնեն համապատասխան հետաքննություն, ստեղծեն քննիչ հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն այս ամբողջ գործընթացները։ Ես վստահ եմ, որ իմ ասածների առնվազն մի մասին տիրապետում են շատ մարդիկ։ Մենք ունենք մի խնդիր, երբ առաջինը բարձրաձայնելու, սխալները մատնանշելու եւ ճշմարտությունն ասելու դժվարություն ունենք շատ-շատերս։ Այսօր ես անուններ չեմ տա, բայց ես իմ խոսքի վերջում ասացի՝ արդյոք սխալվա՞ծ կլինեմ, եթե ասեմ, որ այս դրվագներին տիրապետում են նաեւ տարբեր երկրների համապատասխան մարմինները»,- ասաց նա։ Մտավախություն չունի՞, որ համապատասխան մարմիններն իրեն կհրավիրեն ու հարցեր կտան։ «Եթե ինձ ինչ-որ մեկը մի տեղ է հրավիրում, ես սիրով հրավերն ընդունում եմ։ Ցանկացած տեղ, նույնիսկ՝ քննչական մարմիններ»։