«Պատերազմը խաղաղություն է»  

«Պատերազմը խաղաղություն է»  

Արևմտյան պատժամիջոցներն, ըստ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելի, անհրաժեշտ են ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար: Պարոն Վարհելի խիստ ինքնատիպ այդ դատողությունը միակը չէ: Այն մեկ այլ արևմտյան միջպետական կառույցի՝ ՆԱՏՕ-ի, գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յանս Ստոլտենբերգի մտքի փայլատակումը լրացնող տարբերակ է: Իսկ վերջինս հայտարարել էր, որ «Ուկրաինայում խաղաղության միակ ճանապարհը Կիևին զենքի մշտական մատակարարումն է»: Այսինքն, մի կողմից՝ զենքի մատակարարում հակամարտող մեկ կողմին, մյուս կողմից՝ պատժամիջոցների կիրառում մյուս կողմի նկատմամբ: 

Իրականում, կարծում եմ, պատժամիջոցներն ու սպառազինության անընդհատ մատակարարումը ոչ թե նպաստում են պատերազմի դադարեցմանը, այլ դրա անընդհատ շարունակմանը: Ինչը հանգեցնում է անընդհատ ավերածությունների և մարդկային (զինվորական և քաղաքացիական) զոհերի քանակի ավելացմանը: Ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում շոշափվող մնացած հարցերում, այս հարցում ևս արևմտյան չինովնիկների տրամաբանությունը հակասում է առողջ դատողությանը: Եվ այդ հանգամանքը չտեսնելու համար պետք է լինել արևմտյան պետությունների և միջպետական կառույցների ղեկավարներ և ավելի ցածր կարգի պաշտոնյաներ: Զարմանալիորեն՝ լինելով արևմտյան լավագույն բուհերի շրջանավարտներ: 

Իսկ հիմա այցելենք գրադարան և թերթենք բրիտանահպատակ Էրիկ Արթուր Բլերի կամ Ջորջ Օրուել (1903-1950) գրական կեղծանունով վիպասանի «1984» անվանումով հակաուտոպիական վեպը: (Փակագծերում ասեմ, որ մեր իրականությունում ավելի հայտնի է նրա մյուս՝ «Անասնաֆերմա» անվանումով վիպակը): Չվերապատմելով «1984»-ի բովանդակությունը՝ ասեմ, որ աբսուրդային իրավիճակների նկարագրությունից բացի վեպը հագեցած է բազմաթիվ դատողություններով: Բխելով վեպում նկարագրված իրականությունից՝ դրանք, սակայն, որևէ առնչություն չունեն մարդկային առողջ տրամաբանության հետ: Դրանցից մեկն, օրինակ, «պատերազմը խաղաղություն է» դատողությունն է: Զարմանալիորեն, վեպի հրատարակումից 73 տարի անց մենք իրական կյանքում բախվում ենք դրանց հետ: Եվ այն էլ ոչ թե Խորհրդային Միության (որին «նվիրված» էր վեպը) իրավահաջորդ Ռուսաստանի, այլ արևմտյան աշխարհի և, մասնավորապես, վիպասանի հայրենի երկրի կապակցությամբ: 
Փաստորեն, պատերազմի երկարաձգմանն օբյեկտիվորեն նպաստող հիմնական գործոնը՝

Ուկրաինային անընդհատ սպառազինություն մատակարարելը, Արևմուտքում որակվում է որպես խաղաղության հաստատման միջոց: Եթե Ուկրաինան պատերազմեր, ասենք, իր մակարդակի մեկ այլ պետության դեմ, ապա հակամարտող մի կողմին զենք մատակարարելու պարագայում մյուս կողմը հաստատ կպարտվեր: Եվ արևմտյան չինովնիկների՝ վերը նշված դատողություն կարող էր նաև իրատեսական լինել: Սակայն քանի որ հակամարտող մյուս կողմը ոչ պակաս սպառազինված Ռուսաստանի Դաշնությունն է, որ պարտվելու ցանկություն չունի, ապա այդ դատողությունն իրատեսական չի կարող լինել նույնիսկ տեսականորեն: Սակայն Ռուսաստանին, ի վերջո, խեղճացնելու արևմտյան ձգտումը արևմտյան գործիչներին զրկում է տրամաբանելու կարողությունից:

Բարեբախտաբար, արևմտյան երկրներում առկա է հասարակական կարծիք կոչված երևույթը, և այն աստիճանաբար սկսում է ձեռք բերել առողջ տրամաբանության որակներ: Դա երևում է եվրոպական այս կամ այն երկրում ծագող բողոքի ցույցերից, ինչպես նաև այդ երկրներում և ԱՄՆ-ում անցկացվող սոցհարցումների արդյունքների պատկերի փոփոխությունից: Իսկ այդ փոփոխությունների առաջնագծում հանդես են գալիս առանձին վերլուծաբաններ և լրագրողներ: Դրանցից մեկն, օրինակ, ամերիկյան հանրապետականներին մոտ կանգնած «Fox News» հեռուստաալիքի համացանցային կայքի սյունակագիր Թոդ Վուդն է։ Վերջինս կարծիք էր հայտնել, որ Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնությունն ու սպառազինությունն ամբողջությամբ չի ծառայում իր նպատակին: Եվ որ պաշտոնական Կիևը շահագրգռված չէ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, քանի որ այդ երկրի ղեկավարությունը «լվանում է Կիևին օգնելու համար հատկացվող գումարները»: Նրա ասելով՝ այդ գումարների զգալի մասը հոսում է արտերկիր, որտեղ ուկրաինացի պաշտոնյաները ձեռք են բերում անշարժ գույք: Վուդը հույս էր հայտնել, որ փողի հոսքը Ուկրաինա կդադարի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունն հանրապետականներին անցնելուց հետո: 

Արտերկրում գույք ձեռք բերելու թեմային և Թոդ Վուդին հրաժեշտ տալով՝ հավելենք, որ տարբեր տեսակի անհատական զենքի՝ Ուկրաինայից դուրս վաճառքի մասին վաղուց սկսել են գրել արևմտյան լրատվամիջոցները: Դրա վտանգավորության մասին սկսել են խոսել նաև արևմտյան երկրների իրավապահ կառույցների ղեկավարները: Լուրջ վտանգավորության, քանի որ անօրինական զենքի շուկայի խողովակներով այդ զենքը բաժին է հասնում ոչ միայն զուտ հանցագործ, այլև միջազգային ահաբեկչական խմբավորումներին: Խնդիրը գիտակցվում է նաև Միացյալ նահանգներում, որտեղ փորձում են մշակել մեխանիզմներ Ուկրաինային հատկացվող սպառազինության օգտագործման վերահսկողության նպատակով: ԱՄՆ պարբերականների հոդվածների՝ ռուսական լրատվական կայքերի վերահրապարակումներից էլ երևում է, որ ավելի ու ավելի շատ հանրապետականներ սկսում են խոսել ընդդեմ տրամադրվող Կիևին օգնության: Կարծում եմ, որ մի օր, վերջապես, արևմտյան երկրների ղեկավարները կհասկանան, որ այդ պատերազմում Ռուսաստանը պարտվել ուղղակի չի կարող: Ինչը կստիպի իրենց վերանայել սպառազինության անընդհատ մատակարարումների հարցը: Իսկ դա, իր հերթին, Ուկրաինայի ղեկավարությանը կստիպի պատերազմը դադարեցնելու առաջարկով բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: Եվ այդ դեպքում միայն հնարավոր կլինի խոսել խաղաղության հաստատման մասին: 

Հ. Գ. «1984» վեպն էկրանավորվել է բրիտանացի ռեժիսորների կողմից 1956 և 1984 թվականներին: Կարծում եմ, որ խիստ արդարացի կլիներ, եթե այն էկրանավորվեր երրորդ անգամ, և այս անգամ «գլխավոր դերում» հանդես գար արևմտյան երկրների ղեկավարությունը: