Փոշմանեցի, որ «լայվդ» նայեցի, պարոն վարչապետ

Փոշմանեցի, որ «լայվդ» նայեցի, պարոն վարչապետ

Մի քանի օր ուշացումով նայեցի վարչապետի նշանավոր «լայվը», որտեղ նա ներկայացնում է իր նոր առանձնատունը։ Միանգամից ասեմ, որ շատ տհաճ զգացում մնաց մեջս։ Բոլորովին չէի սպասում, որ մեկուկես տարվա ընթացքում մարդը կարող է այդքան փոխվել՝ ցինիզմն ու ծաղրը հասարակության նկատմամբ ուղղակի սպանիչ էին։ Ու հասկացա, որ մարդն այնքան է կտրվել իրականությունից, որ կարծում է, թե էդ պալատի ցուցադրությունը կցրի ավելորդ կասկածները եւ դրական կազդի իր հեղինակության վրա։ Նախ ասեմ, որ Հայաստանի միայն 5 տոկոսն է երեւի նման պալատներում ապրում, եւ նրանց համար կարող է եւ այդ տեսարանը սովորական լինել։ Ու դա այն 5 տոկոսն է, որոնց դիզածը Նիկոլ Փաշինյանն ուզում է «կոպեկ առ կոպեկ» վերադարձնել, սնանկացնել, բերել 1998 թվականի «ստատուս- քվոյին»։ Մնացած 95 տոկոսը, եթե 2018-ից հետո անսպասելիորեն պաշտոնյա ու պատգամավոր դարձած եւ Փաշինյանին աստվածացնող զանգվածը չէ ու զոմբի չէ, որ համարի՝ «բա մեր թագավորը տենց պայմաններում պետք ա ապրի, բա ո՜նց», մտածում է՝ «ինչի՞, մենք հեղափոխությունը սրա համա՞ր արեցինք»։
Հիմա մի քանի հարց-հարցադրում եմ ուզում գրել՝ մասամբ հռետորական, մասամբ՝ պատասխան պահանջող։

Հարց 1-ին

Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակն էր հերքել, իր խոսքով, ֆեյք-լուրերը, թե այդ առանձնատան վրա 2 միլիոն դոլար է ծախսվել, պետք չէր այդ էքսկուրսիան կազմակերպել։ Որովհետեւ մենք չենք տեսել, թե նախկինում այդ շենքն ինչպիսին է եղել, ու համեմատել էլ չենք կարող։ Դա միայն Սերժ Սարգսյանն ու իր կինը կարող են, նրանք էլ հաստատ կլռեն։ Ընդամենը պետք էր կառավարության գաղտնի որոշումը, որով այդ առանձնատան նորոգման համար գումար էր հատկացվել, հրապարակել՝ պատճենները տեղադրել իրենց կայքերում, եւ մարդիկ կտեսնեին, թե ինչքան փող է ծախսվել այդ շենքի վրա։ Եվ թող չասեն, թե ինչ-որ օրենք կա դա արգելող։ Եթե կարող են նախաքննական գաղտնիքներ հրապարակել, մարդուն առանց մեղադրանք առաջադրելու աշխարհով մեկ հայտարարել, թե նա հանցագործ է, ուրեմն էդ որոշումներն էլ կարելի է հրապարակել։ Ինչո՞ւ պետք է ես՝ շարքային քաղաքացիս, հավատամ հազար անգամ ստի վրա բռնված պաշտոնյաների խոսքերին ու հավաստիացումներին, լինի՝ դիջեյ Էդո, թե վարչապետ Փաշինյան։
 
Հարց 2-րդ

Ինչո՞վ հարմար չէր ու լավը չէր նախկին առանձնատունը, որտեղ հեղափոխությունից 2 օր հետո շտապ տեղափոխվեց վարչապետի ընտանիքը (դեռ այն ժամանակ հասկանալի դարձավ, որ էս մարդիկ մեծ փափագ ունեն փափուկ կյանքի ու վայելքների)։ Նախկին «լայվից» ու ինտերնետում հայտնված նկարներից պարզ էր, որ նախորդն էլ շատ լավ առանձնատուն է՝ բարեկարգ ու շքեղ։ Ի՞նչ իմաստ ուներ 2 միլիոն, լավ՝ թեկուզ 200 հազար դոլար ծախսել ոչ անհրաժեշտ մի նորոգման վրա։ Իմա՜ստը․․․ ինչպես ընդունված է ասել։

Հարց 3-րդ

Վարչապետն ու իր ընտանիքի անդամները որոշել են Ֆեյսբուքում, լրատվամիջոցներում, խոհանոցներում, խաշի սեղանների շուրջ հնչող ցանկացած մեղադրանքի ու քննարկման արձագանքե՞լ։ Ամեն ինչ հերքել, բոլորի բերանը փակել, որտեղ մի անճշտություն կա, վերագրել նախկինների ծախսած քարոզչական փողերին ու ռեւանշի՞ն։ Հիմա ի՞նչ՝ էլ իրավունք չունե՞նք ասելու՝ համեստ ապրեք, չարտերների ու անիմաստ նորոգումների վրա պետական փողերը մի մսխեք, գործ արեք, ոչ թե շոուներ, լսեք ձեզ քննադատողների կարծիքն ու մի ծաղրեք նրանց՝ ժամանակին նույնը դուք էիք անում, ու ձեզ չէին ծաղրում եւ այլն։ Կարող եմ էս շարքը շարունակել՝ վրեժ մի լուծեք ինչ-որ մարդկանցից, ձեր չկայացածությունը մի ցուցադրեք, չտեսություն մի արեք։ Որ մանկության տարիներին հեծանիվ չեք քշել, չի նշանակում, թե այսօր 500 հազարանոց մեքենա պետք է քշեք եւ այլն։

Հարց 4-րդ

Մի միտք Նիկոլ Փաշինյանի «լայվից» գրավեց ուշադրությունս՝ ուղղակի ուղեղս ծակեց։ Ասում է՝ այս կառավարությունը 130 միլիոն դոլարի լրացուցիչ եկամուտ է ապահովել։ Հիմա բացատրեմ, թե ինչ է ուզում ասել։ Ուզում է ասել՝ այ ստորներ, բա իմ նման տղեն աշխատում ա, 130 միլիոն ա բերել ձեր նման ապերախտների բյուջե, դուք ինձ մի 2 միլիոնն ափսոսո՞ւմ եք։ Դե, եթե կողքին մի գիտակից մարդ լիներ, կասեր՝ ապեր, դու ու քո կառավարությունը ոչ մի լումա էլ չեք բերել պետական բյուջե։ Էդ 130 միլիոնը ղազախներն են բերել մեր բյուջե՝ ավտոմեքենա են եկել տարել Հայաստանից, էդ 130 միլիոնը Վիվառոն ու ՏՈՏՈ-ն են բերել։ Մի չնչին մաս էլ, ճիշտ է, քո բերածն է, որը բյուջե է մտել նախկին պաշտոնյաներին շանտաժով բերդեր լցնելու արդյունքում։ Էդ գործերից ոչ մեկով դեռ չես կարողացել ապացուցել մարդկանց մեղքը, անգամ տուշոնկա Մանվելի, բայց բերդերում հայտնված մարդիկ, որ փափուկ կյանքի սովոր են, իրենց ազատությունը փորձում են «առնել»՝ մի երկու կոպեկ ձեզ գցելով, որն ամենամեծ խայտառակությունն է, որ կարող էր լինել մեր երկրում։ Իսկ դու ու քո կառավարությունը մենակ ավերել եք մեկուկես տարի՝ ոչ մի ներդրում չեք ապահովել, ոչ մի նոր ծրագիր չեք սկսել, եթե ինչ-որ բան էլ «բացել» եք, նախկինների ժամանակ սկսված ծրագրերն են եղել։ Ոչ մի նոր պայմանագիր չեք կնքել՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական։ Ոչ մի օպտիմալացում չեք արել․ 18 նախարարություն դարձրել եք 12, բայց հաստիքների թիվը մի 500-ով ավելացել է։ Ոչ մի համակարգ այսօր չի աշխատում։

Չէ, մի քանի բան արել եք։ Ասենք՝ հայի ավանդական մտածողությանը հզոր հարված եք հասցրել՝ գեյերի նկատմամբ հանդուրժողականություն քարոզելով։ Մեկ էլ ձերոնց՝ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն եք բարձրացրել՝ անօրինական ու անբարոյական ձեւերով։ Ու էդ ամեն ինչը գաղտնի, ծածուկ, առանց ձեզ իշխանության բերած ժողովրդին տեղեկացնելու։
Վերջում էլ մեր սիրելի վարչապետը սպառնաց, որ այսուհետ էլ անդրադառնալու է «կեղծ լուրերին»՝ ոչ մի լուր առանց հերքման չի թողնելու։ Կարո՞ղ ենք ազգովի խնդրել, որ չանի նման բան։ Նախ, որովհետեւ ոչ թե «հերքում», այլ «բացատրություն», իսկ ով հավատում էր, նրանց անիմաստ է, քանի որ, միեւնույն է՝ չեն հավատալու։ Ու տակը մնալու է նստվածքը, որը ես, օրինակ, չեմ կարողանում հաղթահարել։

Մարատ ԽԱՉԱՏՐՅԱՆ