«Իմ քայլում» կա պատգամավորների որոշակի շրջանակ, որ չի վստահում կառավարությանը․․․

«Իմ քայլում» կա պատգամավորների որոշակի շրջանակ, որ  չի վստահում կառավարությանը․․․

Ամիսներ առաջ, երբ դատարանը փոխել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, էջմիածնում բողոքի ցույցեր սկսեցին ու դրանք տևեց օրեր։ Հանրային ընդվզումը հաշվի առնելով, նրան նորից ձերբակալեցին։

Մի քանի օր առաջ կրկին փոխեցին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց բողոքի ցույցեր չեղան։  Ու ահա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղում«Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ալիք չեղավ այս անգամ։ Մեղմվե՞լ է արդյոք հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ եւ որքանով է առողջական խնդիրների մասին մամուլում զետեղված լուրերը համապատասխանում իրականությանը»։

Ամենաթունդ ընդդիմադիրն անգամ վերապահումով նման հարց կուղղեր կառավարությանը։

Երկու անգամ էլ խափանման միջոցը փոխելը կապված էր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ։ Ինչու՞ առաջին անգամ մեծ ցույցեր եղան, երկրորդ անգամ չեղան։

Բաց տեքստով սա նշանակում էր՝ ինչու՞ այս անգամ ցույցեր չկազմակերպվեց։ Սա անհանգստությու՞ն էր որոշակի խմբի համար, թե՞ պարզապես հասկացնում էին, որ իրենք էլ «գլխի են ընկնում», թե քամին որտեղից է փչում։ Ինչևէ, հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Առողջական խնդրի մասով կար տեղեկություն, որ դրանք խորացել են․․․» Սպասում էի, որ պատգամավորը կասեր․ «Իսկ այն ժամանակ առողջական վիճակը չէի՞ք կարող նման խորությամբ ներկայացնել, ինչպես հիմա եք ներկայացնում», որ հանրության մոտեցումը մեղմվեր։ Նման բան չասվեց, բայց այս նախադասությունը «կախված մնաց յուրաքանչյուրի գլխում»։

Մի՞թե սա վկայություն չէ այն բանի, որ «Իմ քայլում» կա որոշակի շրջանակ, որ  չի վստահում կառավարությանը։   Ուրիշ էլ ի՞նչ կերպ կարող են հայտնել իրենց անհամաձայնությունը, անվստահությունը,  եթե ոչ շիվերի միջոցով։  Արմատը ավելի խորն է։