Վրեժխնդրություն է. Մեղրիի համայնքապետն իր կնոջ տերմինալի գործունեության կասեցման մասին

Վրեժխնդրություն է. Մեղրիի համայնքապետն իր կնոջ տերմինալի գործունեության կասեցման մասին

Ապրիլի 21-ին, երբ սյունեցիները մարզից վտարել էին իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իրեն ուղեկցող խմբակին, իշխանությունների տակ գործող իրավապահ մարմինները հետապնդումների շարք էին սկսել Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի։

Իշխանությունները, առանց որևէ փաստի, տեղեկություններ էին տարածել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեմ՝ փորձելով նրան ներկայացնել իբրև Սյունիքում բողոքի գործողությունների կազմակերպիչ, ու հաջորդ օրը Երևանի Քննչական կոմիտեում Զաքարյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) առաջին մասով, երրորդ մասով, 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) առաջին մասով։ Սակայն դատարանը մերժել էր Զաքարյանին կալանավորելու միջնորդությունը։

Ապրիլի 21-ին նաև Պետական եկամուտների կոմիտեն բողոքի ակցիաներից հետո ստուգումներ էր սկսել ու բանավոր հրամանով դադարեցրել Մեղրիի մաքսակետի հարևանությամբ գործող «Ագարակ տերմինալ» ընկերության գործունեությունը, որը պատկանում է Զաքարյանի կնոջը և ձեռք է բերվել 2004 թվականին։

Իսկ արդեն ապրիլի 28-ին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյան Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ ներկայացրեց, որով վերացվեց «Ագարակ տերմինալին» տրված արտոնությունը։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Մեղրիի համայնքապետի հետ։

- Պարո՛ն Զաքարյան Ձեր դեմ հարուցված քրեական գործից ի՞նչ նորություն կա։

- Դե դա ընթացքի մեջ է։ Ճիշտ կլինի, իրավաբաններին հարցնեք։

- Իսկ Ձեր տան կամ համայնքապետարանի մոտակայքում Ձեզ հետևող ոստիկանական ուժերի կամ այլ անձանց նկատո՞ւմ եք։

- Կա այդպիսի բան։ Ուղղակի մենք չենք ուզում  նկարել կամ այլ բան։ Կա այդպիսի բան, այո։

- Իսկ քաղաքացիակա՞ն հագուստով են, թե՞ ոստիկանական համազգեստով։

- Ոչ, ոստիկանական։ Բայց այս թեման․․․ ես կասեմ․ «Կա այդպիսի բան», իրենք կասեն «ՉԷ, էդպիսի բան չկա։ Դա օպերատիվ ծառայություն է, իրենք ծառայություն են տանում»։ Ակնհայտ ոչ մի բան չկա։

- Մեղրիի մաքսատունը, որ փակվել էր, բացվե՞լ է։

- Մեղրիինը մաքսակետ է։ Իրենք մաքսակետի հարևանությամբ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի գործունեությունն են կասեցրել։ Արտոնություն, որ ասում են, դա այդքան էլ արտոնություն չէ։ Այդ մաքսային պահեստի, մաքսային տերմինալի տարածքի 100 տոկոս սեփականատերն իմ կինն է։ Դա ո՛չ մենք թաքցնում ենք, ո՛չ ամաչում ենք դրա համար։ Ընդհակառակը, հպարտանում ենք, որ կարողացել ենք այդպիսի լոգիստիկ հնարավորություն ստեղծել Մեղրիում։ Այդ արտոնության շնորհիվ մի փոքր հնարավորություն էր ստեղծվել, որ հայկական բեռնափոխադրող տրասնպորտային միջոցները կարողանան մրցակցել իրանականի հետ։ Իմիջիայլոց, այդ արտոնության վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հուլիս ամսին կառավարության նիստի ժամանակ։ Հետո Ազգային ժողովն ընդունել է այդ օրենքը։ Որ ասում են․ «Նախկին կառավարություն, բան», չկա այդպիսի բան։ Դա իրենց ընդունած այն քիչ օրենքներից է, որը նպաստում էր մեր ՀՆԱ-ի ավելացմանը։

- Դա ի՞նչ առավելություն էր տալիս տերմինալին։

- Հայաստան մտնող իրանական մեքենաները վճարում են 182 հազար դրամ, որպեսզի կարողանան մտնել Հայաստան։ Օրինակ՝ գնան Երևան, Գյումրի։ Ճանապարհային հարկ է, որ վճարվում է մեր ճանապարհներն օգտագործելու համար։ Միջազգային պրակտիկայում ընդունված է «զրոյական կիլոմետր» գաղափարը, այսինքն՝ եթե մեքենաները մտնում են մեկ կիլոմետր շառավղով Հայաստան, չեն շարունակում իրենց ուղերթը դեպի Հայաստանի խորքերը, այլ բարձման, բեռնաթափման լոգիստիկ աշխատանքները կատարում են մաքսակետի հարևանությամբ, իրենք ազատվում են այդ ճանապարհային հարկից, քանի որ մեր ճանապարհները փաստացի չեն օգտագործում։ Եկան բեռնաթափման տերմինալ, հետ գնացին։ Այդ դեպքում 182 հազարի փոխարեն 32 հազար են վճարում։ 150 հազար դրամ ֆորա է տրվում հայկական տրանսպորտին։ Տերմինալից արդեն դեպի Երևան հայկական տրանսպորտն էր իրականացնում փոխադրումը։ Իրանում, գիտե՞ք, դիզվառելիքը համարյա ձրի է։ Այդ 150 հազարը մուծելուց հետո արդեն շատ փոքր ծախս է մնում Երևան բեռ հասցնելու համար, և այս դեպքում հայկական տրանսպորտն ընդհանրապես շանս չունի մրցակցել իրանականի հետ։ Այդ առավելության շնորհիվ մեր հայկական տրանսպորտը կարողանում էր շնչել։ Հիմա վերացավ դա։ Այսինքն, ամբողջ դաշտը մնաց իրանական մեքենաներին։ Արդեն մաքսատուրք են վճարելու ու քշեն մինչև Երևան։ Այդ տերմինալը մրցակցում է ոչ թե Հայաստանի մյուս տերմինալների հետ, այլ՝ իրնական կողմի, կամուրջի մյուս ափին Մեղրիի մաքսակետի դիմաց իրանական մաքսակետն է։ Նրա հարևանությամբ 4 մաքսային տերմինալ է գործում։ Էլի հիմնական լոգիստիկ աշխատանքները՝ բարձում, բեռնաթափում, իրանական կողմն է կատարում, շնորհիվ դրա [արտոնության] մի փոքր շարժը եկել էր Հայաստան։ Այսինքն՝ այդ լոգիստիկ աշխատանքները, որ «Ագարակ տերմինալն» էր անում, չի անելու։ Զավեշտ է, մեկ հայկական հարկատու են վերացնում, որի պարագայում այլընտրանքն իրանական տերմինալն է, իսկ տրանսպորտի պարագայում՝ իրանական տրանսպորտը։  

- Այլ կերպ ասած՝ Ձեր դեմ վրեժի պատճառով, վնասում են Հայաստանի տնտեսությանը։

- Գիտե՞ք, ինձ համար դա փոքր հարց է։ Որովհետև դա շարունակելու դեպքում...
Չեմ ուզում վերամբարձ խոսքեր ասել, բայց էդպես շարունակելու դեպքում այդ տերմինալն իմաստ չունի, որովհետև Հայաստան չի մնալու, ուր մնաց մի տերմինալ գործի կամ չգործի։ Դա շատ փոքր բան է ինձ համար, անում են, թող անեն։ Վրեժխնդրություն է։

- Իմքայլականներից Սիսակ Գաբրիելյանը երկու օր առաջ օրինագիծ առաջարկեց, որ դրանով զրկեն այդ արտոնությունից։

- Մեծ արագությամբ՝ մի օրում երկու ընթերցմամբ, անց կացրին, «մալադեց» իրանց։ Դրա փոխարեն մեր տնտեսությունը խթանող ավելի հրատապ օրենքներ կան։ Դրանցով էին կարող զբաղվել, բայց էլի եմ ասում՝ էդ Սիսակ Գաբրելյանի ասածը 100 տոկոսանով սուտ է, որ «Նախկին իշխանության ժամանակ Կարեն Կարապետյանին նամակ է գրել... »։ Իհարկե ես դիմել եմ, հիմա էլ եմ պատրաստ դիմելու։ Նախապատրաստական աշխատանքները նախկին կառավարության ժամանակ է գնացել, բայց կրկնում եմ, օրենքի նախագիծը հաստատվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում։ Հիմա եթե կարդարանան․ «Հա, չենք նկատել, այդ մի օրենքն էլ այդպես է անցել», «մալադեց» իրանց։

- Երեկ Ճամբարակի փոխհամայնքապետի հետ էի խոսում, ասաց, որ 1-2 դիրքային կրակոցներ են լինում սահմանների ուղղությամբ։ Մեղրիում այդպիսի խնդիր կա՞, ինչ-որ կրակոցներ լինո՞ւմ են ադրեբեջանական կողմից Մեղրիի սահմանների ուղղությամբ։

- Մեղրի համայնքի տարածքում, հայ-ադրբեջանական սահմանին մեր հայ զինվորականների հետ հավասար ռուսական սահմանապահներն էլ են ծառայություն տանում։ Այդ առումով մենք շահեկան դիրքում ենք, մեզ մոտ բարվոք է վիճակը։ Այսինքն՝ Ձեր ասած խնդիրը չունենք։