Պատժամիջոցների տարափ՝ ընդդեմ ՌԴ-ի․ Ավստրալիան ևս միացավ

Պատժամիջոցների տարափ՝ ընդդեմ ՌԴ-ի․ Ավստրալիան ևս միացավ

Գրել ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցին ընդառաջ հակառուսական պատժամիջոցներն ընդյալնելու մասին ազդարարել են ԱՄՆ, Կանադան ու Եվրամիությունը։
Նրանց միացել է նաև Ավստրալիայի կառավարությունը՝ լրացուցիչ ֆինանսական սահմանափակումներ և ճանապարհորդության արգելք սահմանելով Ռուսաստանի 55 քաղաքացու և 37 կազմակերպության համար։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցների պատճառը «Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շրջաններից ուկրաինացի երեխաների արտաքսումն է»։ 

Նախարարի խոսքով, նոր պատժամիջոցները «հաջորդում են Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ-ում երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու վերաբերյալ որոշմանը»։

Նոր սահմանափակումների ենթակա քաղաքացիների և կազմակերպությունների ամբողջական ցանկը դեռ չի հրապարակվել։ Ինչպես նշել է Վոնգը, ցուցակում ներառված են «Ռուսաստանի պաշտպանական համալիրի ձեռնարկությունները, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտները, մի շարք լրատվամիջոցներ և կազմակերպություններ, որոնք կապված են Բելառուսում, Իրանում և Հյուսիսային Կորեայում ռուսական գնումների ցանցերի հետ»:

2014 թվականի մարտից ի վեր Ավստրալիայի կառավարությունը 28 անգամ հայտարարել է հակառուսական սահմանափակումներ մտցնելու մասին։ 

Ավստրալիայի իշխանություններն ամբողջությամբ դադարեցրել են առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ, սառեցրել են սև ցուցակում հայտնված անձանց ակտիվները և արգելել ազգային կազմակերպություններին բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ։ Սահմանափակումները արգելում են զենքի արտահանումը և ամբողջությամբ արգելափակում ռուսական բանկերի մուտքը Ավստրալիայի կապիտալի շուկաներ։ 

Բացի այդ, ամբողջությամբ արգելվում է Ռուսաստանի Դաշնությունում նավթի, գազի և օգտակար հանածոների որոնման և արդյունահանման համար նախատեսված ապրանքների և ծառայությունների արտահանումը: