Հայի խաչը ծանր է, երբեմն անմարսելի ծանր

Հայի խաչը ծանր է, երբեմն անմարսելի ծանր

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրել է․

«Օրը թող սկսվի ներումով:

Սուրբ Խաչի երևման տոնն է այսօր: Մարդ պիտի հոգով մաքուր, ոգով ամուր մնա, որ կարողանա «տեսնել» Խաչը, գնալ ՆՐԱ հետևից և ի վերջո ապրել՝ Հավիտենությանը ձգտելով:

Հայի խաչը ծանր է, երբեմն անմարսելի ծանր, այնքան, որ կքում ենք տակը, որ թվում է էլ երբեք չես ուղղի մեջքդ, կյանքդ չես վերագտնի...Բայց Խաչն իր զորությունն ունի, իր՛ օգնությունը:

Իսկ, երբ նայում ես՝ ինչպես անցավ Քրիստոս իր Գողգոթան ու ինչպե՛ս տարավ իր Խաչը, հասկանում ես նորից, որ իրավունք չունես ընկճվելու, հուսահատվելու ու մանավանդ՝ չարանալու: Սիրով ու միմյանց օգնելով պիտի տանենք մեր Խաչը, Տիրոջն աղոթելով, որ ներում շնորհի բոլորին... առաջին հերթին մեզ նեղացնողին. քանզի չեն հասկանում, թե ինչ են անում:

Հ.Գ. Երբեք չալարել ու գոնե Կիրակին նվիրել Տիրոջը: Օրհնյալ Պատարագ ու բարի կիրակի բոլորիս:

Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:

Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո»: