Ինչու՞ է Յարխուշտան վարչապետին դուր եկել

Ինչու՞ է Յարխուշտան վարչապետին դուր եկել

 

Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն Յարխուշտայի փառատոնի վերաբերյալ։

Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Ս/թ հունիսի 13-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում տեղի կունենա Յարխուշտայի 1-ին փառատոնը, որը պիտի դառնա ամենամյա:

 Ինքս ինձ միտք եմ անում՝ լավ յարխուշտան ինչու՞ է այդքան դուր եկել վարչապետին, որ ամենամյա փառատոն է ուզում կազմակերպել։ Պատճառը գտա։ Յարխուշտան պատկանում է ծափ պարերի տեսակին, ամենակարևորը՝  ռազմահեղափոխական է։

Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Բնական է, ռազմական պար է, մի կողմում մերոնք են, մյուս կողմում՝ հակառակորդը։  Ձեռքերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ։ Հենց այդ ծափերն են երևի դուր եկել վարչապետին, կռիվը հակառակորդի հետ։ Ռազմական այս պարում հակառակորդը թշնամին է։ Մինչդեռ Փաշինյանի համար հակառակորդը սևերն են։ Գեղարվեստական ղեկավարի  այս տարբերակմամբ լավ զույգ կարող են լինել սևերն ու սպիտակները։ Ի զեն, ի ծափ։

Ակամայից հիշում եմ ի մարտ պայքարի կոչելու  հնչած ծափերն ու դըմփերը, որոնք ազգային չէին  և հասկանում եմ վարչապետին։ Երանելի ժամանակներ էին, դըմփ- դըմփ ու ծափ, մարդիկ "մագնիսացել ու մոռացել էին ազգայինը"։ Ժամանակները փոխվել են, որպեսզի հանրությունն ընդունի նոր ծափերը, կհրամցվի  նորովի, այս անգամ՝  ազգային հանդերձով․․․

Ի դեպ Յարխուշտան պարսկական բառ է․ պարսկերենից ՛՛յար՛՛, բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ "խըշտ", "խըշտիկ"՝ կարճ նիզակ, զենք։