«Լուռ տունը»՝ մարդկանց, նրանց ճակատագրերի ու երկրի մասին

«Լուռ տունը»՝ մարդկանց, նրանց ճակատագրերի ու երկրի մասին

Շատ տարբեր ու անծանոթ աշխարհ է մեզ համար հարեւան Իրանը, որի մասին մենք ավելի շատ պետք է իմանայինք։ Հնարավոր է՝ այդ դեպքում շատ նմանություններ ու զուգահեռներ գտնեինք մեր իրականության հետ։ «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը տվեց այդ հնարավորությունը։ 

«Լուռ տունը» պատմում է Թեհրանի հարյուրամյա մի տան ու այնտեղ ապրած երեք տարբեր սերունդների մասին։ Ֆիլմի երկու ռեժիսորները՝ Ֆարնազ եւ Մոհամադ Ռեզա Ժուրաբչյանները, որ քույր ու եղբայր են, պատկերում են իրենց ընտանիքի պատմությունը՝ Թեհրանում կատարվող իրադարձությունների համատեքստում։  
Նրանք բավականին համարձակ որոշում են կայացրել՝ հանրային դարձնել իրենց ընտանիքի շատ անձնական ու բարդ խնդիրները։ Բայց սա նրանց համար լուծում է՝ ոչ միայն վերակենդանացնել իրենց պապի ու ողջ ընտանիքի համար այդքան կարեւոր տունը, այլ նաեւ պատմել Թեհրանի մասին։ 

Ի վերջո, ո՞վ է ֆիլմի գլխավոր հերոսը՝ մարդիկ, որ տասնամյակների ընթացքում ապրել են այս տանը, նրանց ձեռքերում եղած ֆոտո-տեսախցիկները, որ վավերագրել են թե՛ պատմությունը, թե՛ հենց ինքը՝ տունը։
Այս տունը կարելի է համարել Իրանի վերջին հարյուր տարվա պատմության խորհրդանիշ, որովհետեւ տանն ապրող մարդիկ անցել ու անցնում են այն փոփոխությունների միջով, որով իրենց երկիրն է անցնում։ Նրանք էլ պայքարում են, տառապում, հուսահատվում ու փորձում նորից սկսել ապրել։ Տունն էլ այնտեղ ապրող մարդկանց պես երբեմն ծաղկում ու լուսավորվում է, երբեմն էլ՝ մթնում ու լռում։

Տան բնակիչներից ամեն մեկի համար այս տունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Տան հիմնադրի համար, որ ռեժիսորների պապն է, այս տունը հնարավորություն էր՝ իր անունը թողնել պատմության մեջ։ Չէ՞ որ այս հռչակավոր ու գեղեցիկ տունը պատկանել է իշխանուհի Էսմաթին, հենց այստեղ է տեղի ունեցել Ստալինի, Չերչիլի եւ Ռուզվելտի գաղտնի հանդիպումը՝ Թեհրանի հայտնի կոնֆերանսից առաջ։ Բայց այս տունը ռեժիսորների պապի համար դառնում է ծուղակ եւ ինչ-որ առումով կործանարար նշանակություն ունենում․ նա իսլամական հեղափոխությունից հետո ստիպված է լինում իր կարողության մեծ մասը տալ ու գնել իր սեփական տունը։ 

«Լուռ տունը» ֆիլմի կենտրոնում էլ կինն է, նախ՝ ռեժիսորների տատը, ապա՝ մայրը։ Այսպես, ռեժիսորների տատի համար այս տունը հիշեցումն է իր չիրականացած երազանքների, որովհետեւ բալետի պարուհի դառնալու փոխարեն ստիպված է լինում շատ երիտասարդ տարիքում ամուսնանալ, ընտանիք կազմել ու փակվել այս տուն ամրոցում։ Նրա դստեր՝ ռեժիսորների մոր համար այս տունն ամեն ինչ է՝ երջանիկ ամուսնություն, ամուսնու հանկարծակի վախճան ու անդադար եռանդ՝ իր երեխաներին ամենալավ կյանքով ապահովելու համար։

Նա պատրաստ է ամեն ինչի՝ կարգավորել երեխաների հոգեբանական վիճակը, մասնակցել ու լուսանկարել հեղափոխական վտանգավոր իրադարձությունները, տունը դարձնել կինոտաղավար, բացել գրախանութ, առաջադրվել ընտրություններում՝ որպես թեկնածու, արդեն հասուն տարիքում նորից քննություններ հանձնել ու սովորել։ 
Իսկ հենց ռեժիսորներ Ֆարնազի եւ Մոհամադ Ռեզայի համար այս տունն իրենց մանկությունն ու երիտասարդությունն է՝ լցված շատ գեղեցիկ ու երբեմն էլ դառը հիշողություններով։ Անգամ հազարավոր կիլոմետրեր հեռանալուց հետո նրանք ուզում են վերադառնալ այս տուն, չնայած որ այն վաղուց կորցրել էր նախկին փառքն ու հայտնվել ընտանեկան խժդժությունների կենտրոնում։ 

Տունը, որ այդքան կարեւոր նշանակություն ունի ֆիլմի ռեժիսորների ու նրանց ողջ ընտանիքի համար, այժմ վաճառքի է հանված։ Բայց տեսախցիկի շնորհիվ Թեհրանի այս գեղեցիկ տունը ոչ թե լռում է, այլ՝ պատմում երկրի ու մարդկանց բարդ ու հետաքրքիր ճակատագրերի մասին։ Այսպիսի «լուռ տներ», հաստատ, Երեւանում ու Հայաստանի այլ հատվածներում էլ կան, որոնք կպատմեին շատ հետաքրքիր պատմություններ, եթե որեւէ մեկը նրանց օգներ «խոսել»։

Լիլիթ Երանյան
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ