Փաշինյանը պետք է պատասխանի այս հարցերին

Փաշինյանը պետք է պատասխանի այս հարցերին

Մայիսի 8-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը նրա քաղաքական կյանքի ամենաամոթալի էջերից մեկն էր, որի մասին ինքը դեռ երկար է հիշելու։ Պետք է փաստել, որ այդ ելույթով նա վիճարկել է իր իսկ քաղաքական սկզբունքները, հարված հասցրել ինքն իր գործունեությանն ու կենսագրությանը։

Ասվածից ելնելով բազմաթիվ տրամաբանական հարցեր են առաջանում հենց Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհի վերաբերյալ։

Եվ  այսպես, երբ Փաշինյանն ըմբոստ ուսանող էր, և իրեն ԵՊՀ-ից հեռացնում էին, արդյոք հենց ինքն էր սադրե՞լ, որ իրեն հեռացնեն, թե ընդամենը ազատամիտ հայացքներ ունեցող ուսանող էր։

Երբ խիստ կասկածելի ընթացակարգերով Փաշինյանի օրաթերթը փակում էին, արդյոք իր լրատվամիջոցում լույս տեսնող հոդվածներով նա սադրո՞ւմ էր, որը թերթը փակեն, թե պարզապես այլընտրանքային լրատվության միջոցի խմբագիր էր։

Երբ Փաշինյանին պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան պայթեցրեցին, արդյոք ինքն էր սադրե՞լ, թե պարզապես անհաշտ լրագրող էր, և այդ գործունեության պատճառով էր մեքենան պայթեցվել։ 

Երբ Փաշինյանը «Այլընտրանք» նախաձեռնության և «Իմպիչմենթ» դաշինքի  կազմում պայքարում էր ռեժիմի դեմ, և այդ շարժումների նկատմամբ քաղաքական հետապնդումներ էին իրականացվում, արդյոք նա սադրո՞ւմ էր իշխանությանը, թե պարզապես զբաղված էր ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ։

Մարտի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու բազմաթիվ այլ գործիչներ հետապնդվել են, ստացել տարբեր բնույթի և աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ի վերջո այդ օրը 10 քաղաքացի է զոհվել։ Նախկին իշխանությունը մինչ օրս էլ այդ դեպքերը ներկայացնում է որպես սադրանք և զանգվածային անկարգություն։ Արդյոք դա Փաշինյանի կողմից սանձազերծված սադրա՞նք էր, թե քաղաքական պայքար և բողոքի օրինաչափ ակցիա։ 

Վեց տարվա պատգամավորական գործունեության ընթացքում, երբ Փաշինյանը սուր քննադատության էր ենթարկում այն ժամանակվա իշխանությանը, արդյոք դա սադրա՞նք էր, թե ընդդիմադիր գործունեություն։

 2016 թ․, երբ Սասնա ծռերը գրավել էին ՊՊԾ գունդը, Նիկոլ Փաշինյանը փորձում էր դրսում հանրահավաքներ նախաձեռնել։ Ինչպես հայտնի է, վերջնարդյունքն այն եղավ, որ խմբավորման ղեկավարները պահանջեցին Փաշինյանի հեռացումը և նույնիսկ սպառնացին աղբարկղը նետել։ Արդյոք դա սադրա՞նք էր նրա նկատմամբ։ 

Ինձ թվում է,  պարոն Փաշինյանը պետք է պատասխանի այս յոթ  հարցերին։ Լրագրողներին խնդրում եմ վաղվա մամուլի ասուլիսին անպայման հնչեցնել գոնե մի քանիսը։