Նիկոլը՝ կկվի նման. «Վա՜յ, չկտրես, Աստված սիրես, էս մինն ահա՝ տար քեզ ծառա»

Նիկոլը՝ կկվի նման. «Վա՜յ, չկտրես, Աստված սիրես, էս մինն ահա՝ տար քեզ ծառա»

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը նորից կրքեր բորբոքեց։ Քաղաքագետ Սարո Սարոյանն էլ բարկացած գրել է․ «Ամբողջությամբ լսեցի Նիկոլին։ Վայ այն երկրին, որի ղեկավարը տգետ, դեմագոգ, վախկոտ մեկն է։ Ցավոք, մենք այդ երկիրն ենք։ Իմ յուրաքանչյուր որակումից մեկական հիմնավորում բերեմ, որպեսզի անապացույց գնահատական չհամարվի...»։ Մենք զրուցել ենք Սարո Սարոյանի հետ եւ մի շարք հարցեր ուղղել գրառման մեջ տեղ գտած որոշ հայտարարությունների կապակցությամբ։

- Ալիեւի հետ Փաշինյանի 2 հանդիպումների օրակարգը եւ թեման քողարկված էին, այնուամենայնիվ, ի՞նչ հասկացաք՝ ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ եւ մինչեւ ո՞ւր։

- Իր խոսքից երեւաց, որ պատրաստ է ցանկացած լուծման, միայն թե դրանից հետո իրեն հանգիստ թողնեն։ Ինքը դա հանրային լսարանի առաջ վերագրեց Հայաստանին, բայց․․․ ոչ ոք էլ չի պատրաստվում։ Առհասարակ, միջազգային հարաբերություններում հանգիստ թողնելու երեւույթ գոյություն չունի։ Իսկ եթե անձնապես, ապա ոչ մի կառավարիչ չի գալիս-նստում պետության ղեկին՝ վայելքներին տրվելու համար։ Դա հայկական արատներից է, որ իրենց թվում է, որ «թագավորն ապրած կենա»-ն մշտապես փափուկ բարձերի մեջ է ապրում։ Հիմա ինքն իր ուսերի վրա զգում է այդ բեռը, ու իր ողջ համոզմունքն այն է, որ իրեն ինչ-որ կերպ հանգիստ թողնեն։ 

- Գուցե նկատի ունի, որ այդ պայմանագիրը ստորագրելուց հետո հանգիստ թողնեն։

- Ի՞նչ պայմանագիր ստորագրելուց հետո պիտի հանգիստ թողնեն․ աշխարհում կա՞ նման բան, որ ինչ-որ մի բանից հետո դա ավարտվում է, ու սկսվում է բարգավաճման դարաշրջան։ Քաղաքականություն է, անընդհատ էլ մարտահրավերները լինելու են, մանավանդ՝ մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը շրջապատված է թուրքական աշխարհով։ Այսինքն՝ ո՞վ է պատրաստվում իրեն հանգիստ թողնել, կամ ինչո՞ւ պիտի հանգիստ թողնեն․ ինքն ինչո՞ւ պիտի կանգնի, եթե տեսել է, որ դիմացինն իրենից վախենում է ու պատրաստ է ամեն ինչ զիջել։ Էդ կկվի մասին հայկական հեքիաթն է, չէ՞, որ՝ առ էս մի ձագս (վա՜յ, չկտրես, Աստված սիրես, էս մինն ահա, տար քեզ ծառա), միայն թե էդպես մի ջնջիր մեզ, եւ աղվեսն էլ անընդհատ գալու է։ Բա էդ հեքիաթն ինչի՞ համար է գրված։ Հայերի համար, ու հայերն են գրել։ Դա իր երազանքն է ընդամենը, իրեն ոչ ոք հանգիստ չի թողնելու։ Հանգիստ թողնելու համար ատամներ պիտի ցույց տաս, ոչ թե պացիֆիստական ինչ-որ կեղծ բաներով ու օրակարգերով առաջնորդվես։

- Բայց նաեւ ասաց՝ այդպես չի լինի, որ Ադրբեջանը մատը Հայաստանի որ կետի վրա դնի, ասի՝ իմն է։

- Ինքը զբաղված էր մենախոսությամբ։ Շատ լավ տեսնում է, որ թուրքական կողմը կանգ չի առնում, նստում՝ մենախոսում է, հռետորական հարցեր է տալիս՝ հռետորական պատասխաններով, որն իրականության հետ չի համընկնում։

- Ձեր գնահատմամբ՝ ո՞ւմ էին ուղղված հիմնական մեսիջները․ միջազգային հանրությա՞նը, ՌԴ-ի՞ն, Ադրբեջանի՞ն, Հայաստանի ներքին լսարանի՞ն։

- Բոլոր բաղադրիչներն էլ կային։ Սկսենք ներքաղաքականից։ Գիտեք, որ կա հանրային շրջանակ, որը հիմա փողոցում պահանջում է հրապարակել այն ամենը եւ փաստաթղթերը, որոնք առնչվում են սահմանազատման-սահմանագծման գործընթացի հետ եւ այլն։ Ներքաղաքական այլ շրջանակներ նույնպես ակտիվություն են ցուցաբերում վերջին շրջանում եւ այդ հարցերի հետ կապված ինչ-որ հակաքայլեր էին անում․ իբրեւ թե ոչ ոք ոչինչ չի թաքցնում, եւ որ գործընթացները բնականոն հունով ընթանում են եւ այլն։ Արդեն կա Ալիեւի հետ 2 հանդիպման մասին հայտարարություն, որոնք պետք է տեղի ունենան առաջիկայում, եւ հանրության մոտ էլի որոշակի կասկածներ կան։

- Դիմեց նաեւ Ադրբեջանին, թե մի՞թե ուզում են մեզ կրկին ցեղասպանել։ 

- Հռետորական հարցուպատասխան էր՝ իր սեփական հարցն ու պատասխանը։ Խնդիրն այն է, որ կա հայության համար գոյութենական խնդիր, եւ այն արտահայտեց իր խոսքում։ Այսինքն՝ ինքը չի մերժում, հաստատում է դա, իսկ եթե այն կա, ապա անվտանգության ամենաբարձր մակարդակով ու անվտանգության երաշխիքներով պետք է այդ հարցերը լուծվեն։ Մենք ի՞նչ ունենք այս առումով։ Դրա փոխարեն ունենք իր պացիֆիստական քաղաքականությունը, որը, ուզում եմ հարցնել, որքանո՞վ է համահունչ այն իրողությանը, որն ինքն արձանագրում է։ Այն է՝ գոյաբանական խնդիր։ Ու ի՞նչ, հնարավո՞ր է, որ երբ սրով են գալիս, իսկ դու այդ ես դեմ տալիս։

- Գրել էիք՝ Նիկոլը տգետ է, քանի որ պնդում է, որ ՀՀ պետական սահմանների որոշման հիմքում պետք է ընկած լինեն ՀՍՍՀ-ի սահմանները։

- Ես դա գրելով՝ հղում եմ արել միջազգային իրավագետ-իրավաբան Լեւոն Գեւորգյանին, որն այս պահին Հաագայում մեր շահերի պաշտպանությամբ է զբաղված։ Ինքը բազում հրապարակումներ ունի այդ հարցի կապակցությամբ, որ տարածքային ամբողջականության սկզբունքը որեւէ կապ չունի տարածքի պատկանելության կամ վարչական սահմանների՝ միջազգային սահմանների վերածելու հետ, այն չի բացառում պետությունների միջեւ տարածքային վեճերը, այն չի բացառում տարածքային հավակնությունները։  ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով պետությունները ճանաչել են տարածքային ամբողջականության սկզբունքը (որը, ի դեպ, իրենց ճանաչելով կամ չճանաչելով չէր, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունք է), այլ ոչ թե ԽՍՀՄ սահմանների շարունակականությունը։ Տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադրում է միայն մեկ բան՝ մեկ պետություն չի կարող հավակնել մեկ այլ պետության տարածքի նկատմամբ, երբ այդ տարածքն արդեն անվիճելիորեն այդ վերջին պետությանն է։ Իմ գրառումները հիմնված են մասնագիտական կարծիքների վրա։ Եվ եթե պետության ղեկավարն այդ մասնագիտական կարծիքից ու հրապարակումներից չի օգտվում եւ հարկ է համարում շարժվել 30 տարվա այդ արատավոր ճանապարհով, բնականաբար, իմ գրառումն այն մասին էր, որ եթե մարդը տեղյակ չէ, թե այդ հարցի կապակցությամբ միջազգային իրավունքն ինչ է ասում, ինքը հավատացած է, որ ՀՀ սահմանները ՀՍՍՀ-ի սահմաններն են, ուրիշ ի՞նչ որակում պիտի տրվեր։ Եթե մարդը տեղյակ չէ իրականությունից, իրավունքից։