Քննիչները կադաստր են գալիս, ասես՝ մշտական աշխատողներ

Քննիչները կադաստր են գալիս, ասես՝ մշտական աշխատողներ

Կադաստրի կոմիտեի այլեւս նախկին պետ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումից հետո, թե հեռանում է համակարգից, քանզի «չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», կոմիտեի 150-ի հասնող նախկին ու ներկա աշխատակիցները նոյեմբերի 7-ին բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծումներ տալ ոլորտում կուտակված բազմապիսի հիմնախնդիրներին։ Մենք զրուցեցինք Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից, նոյեմբերի 7-ի ակցիայի նախաձեռնող խմբի ղեկավար Գուրգեն Պողոսյանի հետ։

- Նոյեմբերի 7-ի ակցիայի վերջում Դուք վարչապետին ուղղված նամակ էիք հանձնել: Որեւէ պատասխան ստացե՞լ եք:

- Պաշտոնական ոչ մի պատասխան դեռ չի եղել: Սակայն մեզ հաջողվել է պարզել նամակի հետագա «ճակատագիրը»: Ամսի 15-ին զանգահարեցի կառավարություն, եւ ինձ ասացին, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մեր նամակն արդեն ուղարկված է Կադաստրի կոմիտե…

- Այդպիսով գոնե մասամբ փարատվե՞ց Ձեր անհանգստությունը:

- Ինչ-որ չափով՝ այո, փարատվեց: Բայց նաեւ պետք է խոստովանեմ, որ ավելացավ մեկ այլ կարգի անհանգստություն: Նախ, անհասկանալի է, թե ինչու է մեր գրությունն ուղարկվել հանձնելուց մեկ շաբաթ անց: Հետո՝ որքանով է արդարացված նամակի հանձնումն այն նույն կառույցին, որի սխալ գործելաոճի եւ կոպտագույն թերացումների դեմ է մեր պայքարը: Եվ ամենակարեւորը՝ Կադաստրից ո՞վ կամ ովքե՞ր են հավուր պատշաճի, մասնագիտորեն պատասխանելու կառավարության հարցմանը, եթե ներկա դրությամբ Կադաստրն «անգլուխ» է՝ պաշտոնանկ են արված թե՛ նախագահը, թե՛ տեղակալները:

- Դրանք կասկածնե՞ր են առաջացնում գործընթացի օբյեկտիվության հարցում:

- Իհարկե: Թե որքանով են դրանք հիմնավոր կամ անհիմն, անշուշտ, կպարզվի մինչեւ դեկտեմբերի 7-8-ը, երբ, ըստ սահմանված կարգի, ստացած կլինենք կառավարության պաշտոնական պատասխանը: Բայց, կարծում եմ, գործադիրն օբյեկտիվության ուղղությամբ շատ կարեւոր քայլ արած կլինի, եթե իր պաշտոնական պատասխանը մեզ ուղարկելուց հետո մեզ եւ կադաստրի ներկայացուցիչներին հրավիրի «դեմ-դիմաց» ձեւաչափով բաց, կառուցողական քննարկման: Ի վերջո, դա է պահանջում համակարգի ներկա վիճակը, որն իրականում շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել կողմնակի հայացքով:

- Հնարավորինս հակիրճ ներկայացրեք, խնդրեմ, հիմնական թերացումներից մեկը։

- Օրինակ՝ քարտեզների խնդիրը: Դրանց փոխադարձ ճշգրտման, համադրման ուղղությամբ քայլ անգամ չի արվել թե՛ նախորդ վարչակարգի օրոք, թե՛ անցած մեկուկես տարում։ Տեսեք, ենթադրենք՝ Երեւանի քաղաքապետարանում կա X կոորդինատներով հասցե եւ գույք, մեկ էլ տեսնում ես՝ նույն հասցեի նույն գույքը, ըստ կադաստրի քարտեզի, Y կոորդինատով է անցնում։ Այս երեւույթն ամեն օր դատական նոր վեճերի, բանկային խնդիրների, բյուրոկրատական քաշքշուկների առիթ է դառնում։ Բավական է նշել, որ կադաստրի դատական հայցերի 80 տոկոսը չի բավարարվում, եւ որպես հետեւանք՝ նրա պարտքը միայն արդարադատության նախարարության հանդեպ գերազանցում է 250-300 միլիոն դրամը…

- Բացատրեք՝ ի՞նչ կոռուպցիոն ռիսկերի մասին եք ահազանգել վարչապետին ուղղված նամակում:

- Օրինակ, Կադաստրի կոմիտեի լոգոտիպը փոխելու համար ծախսվել է 2․3 միլիոն դրամ։ Միթե համակարգի ամենահրատապ խնդիրը լոգոտիպ փոխելն էր, այն էլ՝ այդ գնով, կամ հին լոգոտիպի ի՞նչն էր խանգարում ձեր աշխատանքին: Նախկին ղեկավարությունը, չգիտես ինչու, հանկարծ որոշեց մարզային ստորաբաժանումներից մի քանիսը միացնել Երեւանին: Կատարվեցին խոշոր ծախսեր, բայց արդյունքը եղավ զրո: Ոչ մեկը չկարողացավ բացատրել՝ որքանով էր մեր երկրին սույն պահին անհրաժեշտ այդ տարօրինակ, փաստորեն, վնասաբեր խոշորացումը։ Երբ 2015-ին յուրաքանչյուր ռեգիստր գրանցում էր 15-20 գործ, էլի քննիչների մոտ հարցեր էին առաջանում։ Հիմա նույն ռեգիստրն օրական փակում է մոտ 50 գործ։ Բայց միթե հնարավոր է օրական 3-4 անգամ շատ գործ փակել եւ զերծ մնալ նույնքան անգամ շատ վրիպումներից։ Բնական է՝ ոչ: Դրա համար էլ հիմա քննիչները կադաստր են գալիս, ասես՝ մշտական աշխատողներ:
Համակարգն ուռճացած է, իսկ արհեստավարժ կադրերը՝ շատ քիչ։ Եվ տարօրինակն այն է, որ Երեւանի մասնագետին այսօր ասում են՝ մարզերի հարցերով, գյուղի հողերով զբաղվիր․․․ Ո՞նց կարելի էր այդքան մարդկանց մարզերից հանել-բերել Երեւան, ասելով՝ վարձով ապրեք, աշխատեք, ստացեք 120 հազար դրամ ու դեռ ընթացքում էլ գնացեք քննիչների մոտ՝ հարցաքննվելու։
Հատուկ ուշադրության է արժանի սեփականության վկայականների խնդիրը: Օրենսդրական փոփոխություններից հետո դրանք այլեւս չեն վավերացվում կնիքով։ Որպես մասնագետ՝ ինձ թույլ եմ տալիս կանխատեսել, որ դա մոտ ապագայում հանգեցնելու է լրջագույն ռիսկերի։ Օրինակ, կարող են խթանվել կեղծ վկայականների ի հայտ գալն ու շրջանառությունը:
Հիմա կադաստրի ողջ արխիվն ուզում են տեղափոխել Վանաձոր։ Մնում է միայն կռահել՝ ինչո՞ւ են ուզում տեղափոխել, ինչո՞վ էր արխիվն իրենց այստեղ խանգարում, եւ ո՞վ է պատասխան տալու արխիվի անկորուստ-անվտանգ տեղափոխման, տեղավորման եւ վերագործարկման համար։ Ներկայումս Վանաձորում վերանորոգվում է մի շենք, որի համարժեքներն առկա են թե՛ Երեւանի, թե՛ մարզային գրասենյակների հաշվեկշիռներում։ Տպավորությունս այն է, որ դա ինչ-որ մեկին պետք է՝ կադաստրի բյուջեից լրացուցիչ ծախսեր կատարելու, գումարներ դուրս գրելու համար: Ուրեմն նա էլ թող պարզաբանի՝ արդյոք Վանաձորում կա՞ն արխիվի մասնագետներ, որ գնան աշխատեն։ Եթե չկան, ինչ է, Երեւանի՞ց եք մասնագետներ տանելու, որ այնտեղ վարձով ապրեն ու ստանան 50-60 հազար դրամ աշխատավարձ…

- Որո՞նք են Ձեր հետագա քայլերը՝ կառավարությունից ցանկալի պատասխան չստանալու դեպքում:

- Մեր նախաձեռնող խումբը ներկա դրությամբ դեռեւս լավատես է: Հուսանք՝ դեկտեմբերի 8-ից հետո այդ հարցը մեզ եւ ձեզ համար կլինի ժամանակավրեպ: