Պետական համակարգում ոչ ոք չի տեսել հայոց լեզվի դեմ դավադրությունը

Պետական համակարգում ոչ ոք չի տեսել հայոց լեզվի դեմ դավադրությունը

Հուլիսի 8-ից հանրապետության տարբեր համայնքների փողոցներում հայտնվեցին ոստիկանության նոր ստորաբաժանման՝ պարեկային ծառայության ծառայողներն ու մեքենաները, եւ արձանագրվեց, որ նորերը ոչ միայն տեղյակ չեն սեփական աշխատանքից, այլեւ նրանց համազգեստն ու մեքենաներն էլ ավելի շատ օտար լեզվով բառեր են պարունակում, քան հայերեն: Աղմուկ բարձրացավ: Հուլիսի 10-ին Հայաստանի լեզվի կոմիտեն հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Պարեկային ծառայության ավտոմեքենաների եւ պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից եւ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու եւ օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։ Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է»:

Պարեկային ծառայության ստեղծման մասին «հպարտների» իշխանությունը խոսում է առնվազն 2020 թվականից, առնվազն մեկ տարի: Լավ, թող լինի կես տարի: Իսկ Լեզվի կոմիտեի հայտարարությունը նշանակում է, որ կոմիտեում տեղյակ չեն եղել պարեկների համազգեստի ու մեքենայի լեզվական բաղադրիչին ու հանրության նման կանգնել են կատարված փաստի առաջ: Պարեկային ծառայությունը ստեղծվում էր պարտությամբ հպարտ իշխանության կամոք գեներալ դարձած ոստիկանապետ Վահե Ղազարյանի անմիջական հսկողությամբ եւ վարչապետի աթոռին նստող Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ: Մեծ փողեր են ծախսվել: Ուրեմն պարտությամբ հպարտ երկու հոգի, առանց մասնագետների կարծիքը լսելու, մեծ փողեր են ծախսել ու խախտել ՀՀ Սահմանադրությունը: Պետական համակարգում ոչ ոք չի տեսել հայոց լեզվի դեմ դավադրությունը: Սա նշանակում է, որ պետական համակարգում չկա համակարգված աշխատանք, աշխատանքների համակարգում: Չկա ո՛չ համակարգ, ո՛չ աշխատանք:

Սահմանադրության խախտման մասին խոստովանող Լեզվի կոմիտեն պատժիչ գործառույթ չունի: Մնում է պարզել, թե իրավապահ կառույցներից որ մեկը համարձակություն կունենա լրատվամիջոցների հրապարակումների եւ պետական կառույցներից մեկի պաշտոնական հաղորդագրության հիման վրա քրեական գործ հարուցել ու դատարան տանել հայոց լեզուն անտեսող, Սահմանադրությունը խախտող պետական պաշտոնյաներին: Մեղքի ապացույցների պակաս չի զգացվի: Միակը համարձակության հարցն է:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ