Քարկոծվելու հերթը հասավ էդգար Ղազարյանին
Գալիս ենք համոզման, որ Փաշինյանն այնպես է հիասթափեցրել հասարակությանը եւ այնպես է կասկածամիտ դարձրել շատերին, որ մարդիկ այլեւս չեն հավատում, չեն հավանում ու վստահում ոչ մի առաջնորդի, որն ուզում է ղեկավարել ընդդիմադիր շարժումը: Երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ծնվեց Հայրենիքի փրկության շարժումը եւ հանրությանը ներկայացրին, որ շարժման առաջնորդը Վազգեն Մանուկյանն է` նա լինելու է ժամանակավոր, անցումային կառավարության ղեկավարն ու ընտրություններից հետո չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին, Մանուկյանը հայտնվեց շատերի քննադատությունների կենտրոնում։
Սկսեցին հիշել Գետաշենը եւ նրա կորստի մեջ մեղադրել Մանուկյանին: Ոմանք սկսեցին շահարկել նրա տարիքը, թե` ծեր է, չի կարող եւ այլն: Գանանը Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ թափ հավաքեց դիմադրության շարժումը: Այս անգամ էլ թիրախում հայտնվեց Վանեցյանը. հիշեցին «տուշոնկա շոուն», «հաստատեցին», որ նա Սերժի «պրոյեկտն է», Միշիկի հետ է ինչ որ հարաբերություններ ունեցել, Նիկոլի հետ է աշխատել եւ այլն: Ապա շարժման համակարգումը ստանձնեց Իշխան Սաղաթելյանը: Ի տարբերություն Վազգեն Մանուկյանի՝ երիտասարդ, կայտառ, աշխույժ Իշխանն իր բոցաշունչ ելույթներով ամիսուկես եռացնում էր ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը, այլեւ առավոտից երեկո գլխավորում էր քայլերթերը՝ մայրաքաղաքի փողոցներում, կոչ անում, ոգեւորում, ոտքի հանում «լաոյին»: ՈՒ այս ամենը՝ առանց հոգնելու: Բայց բազմոցին թիկնած «ընդդիմադիրները» Իշխանին էլ չհավանեցին. Իշխանը իշխան չէ, այլ շերեփուկ, բոյը կարճ է, դաշնակ է, հարուստ է՝ հյուրանոց ունի, Նիկոլի ժամանակ մարզպետ է աշխատել եւ այլն…Որպես ընդդիմության վարչապետի թեկնածու սկսեց շրջանառվել Արման Թաթոյանի անունը: Թվում է` անխոցելի թեկնածություն, բայց նրան պիտակավորելուց էլ զերծ չմնացին սոցցանցերի քննադատները:
Այսօր ասպարեզում է նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Մարդ, ում անունը որեւէ կոռուպցիոն երեւույթի, «ալան-թալանի» հետ չի կապվել, որեւէ կրիմինալի հետ չի նույնանում, բավականին կիրթ, գրագետ, եռանդուն մարդ, որն ունի կառավարման փորձ, համարձակ է, չի վախենում, հայրենասեր է: Սակայն, այն պահից` երբ նա սկսեց ակտիվ գործունեություն ծավալել, հանդես եկավ ծավալուն ուղիղ եթերով, ներկայացրեց 44-օրյա պատերազմում արձանագրված կոպտագույն սխալները եւ կոչ արեց հասարակությանը օգոստոսի 23-ին դուրս գալ հրապարակ՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սկսվեց դաժան հակաքարոզչություն` Էդգար Ղազարյանի նկատմամբ:
Զարմանալի է, բայց համացանցում նրա ու նրա ձեռնարկած շարժման դեմ հատկապես ակտիվ պայքար են ծավալել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրները: Նրանցից ոմանք կոչ արեցին իրենց գաղափարակիցներին՝ ովքեր հավատում են Քոչարյանին, չգնալ Էդգարի հանրահավաքին, սկսեցին տարբեր մեղքերի մեջ մեղադրել Ղազարյանին, պատմության արխիվից տեսանյութեր պեղեցին, թե ինչպես է Էդգար Ղազարյանը ՀՀԿ համագումարում ելույթ ունենում: Ոմանք հիշեցին, որ նա աշխատել է նաեւ Նիկոլի վարչապետության օրոք, հետեւաբար, երկիրը կործանող թիմին հարել է: Այս եւ այլ փաստերով մարդիկ ուզում են ներկայացնել, թե Էդգար Ղազարյանը նախկին է, սերժական է, նիկոլական է, վատն է: Ոմանց էլ դուր չի գալիս Ղազարյանի հագուկապը, խոսելաձեւը, սանրվածքը. այն նմանեցնում են Բերժնեւի սանրվածքին: Այս ամենն արվում է Ռոբերտ Քչարյանի՞ ներքին հրահանգով, թե՞ այս մարդիկ սեփական նախաձեռնությամբ են ելել Ղազարյանի դեմ, հայտնի չէ:
Հայաստանը չի պատրաստվում որեւէ ընտրության, օգոստոսի 23-ի հանրահավաքը ոչ թե վարչապետ ընտրելու, այլ՝ եւս մեկ անգամ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար է եւ ցույց տալու համար, որ նա լեգիտիմ չէ եւ իրավունք չունի հայկական գյուղերը նվիրել թշնամուն: Շարժումը միտված է Հայաստանի պետականության գահավիժումը դադարեցնելուն, Արցախի վերջնական հանձնումը կասեցնելուն: Ինչո՞ւ են Քոչարյանի համակիրներն այսպես խառնված, կոչ անում՝ չգնալ հրապարակ: Որքան էլ երկրորդ նախագահը փորձառու ղեկավար է եւ շատերիս կողմից ընդունելի, Հայաստանի պատմությունը Քոչարյանով չի սկսվել ու Քոչարյանով չի ավարտվելու: Ի վերջո՝ ընդդիմադիր դաշտը որեւէ մեկի սեփականությունը չէ, այստեղ մոնոպոլիա չկա…Իսկ երբ հաջողվի Փաշինյանի հեռացնել եւ նոր ընտրութոյւններ անցկացնել, ապա յուրաքանչյուրը կարող է գնալ եւ իր սրտի ընտրությունը կատարել: Այսօր կարեւորագույն խնդիրը Փաշինյանին հեռացնելն է…
Կարծիքներ