Շաբաթօրյակը՝ «Նաիրիտի» նկատմամբ ուշադրություն գրավելու տարբերակ
«Նաիրիտ» գործարանում անորոշ իրավիճակ է։ Նախկին աշխատակիցները մտադիր են գործարանի մասին հիշեցնելու համար նոր ակցիա անել՝ հավաքվել «Նաիրիտի» մոտ եւ մերձակայքում շաբաթօրյակ կազմակերպել։ Գործարանի դռները փակ են։ Տարածքն արգելափակված է, եւ նախկին աշխատակիցները միայն դրսում, դռների առաջ կարող են իրականացնել իրենց ակցիան։ «Սա «Նաիրիտի» մասին հիշեցնելու մի տարբերակ է, որը ոգեւորել է մարդկանց»,- ասում է «Նաիրիտի» նախկին տնօրեն, համակարգող խմբի անդամ Կարեն Իսրայելյանը։
Սնանկ հայտարարված գործարանի ներսում դեռ մոտ 300 մլն դոլարի թանկարժեք սարքավորումներ կան, որոնց պահպանության ծախսերը հոգում է ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մեկ տարի առաջ ՀՀ կառավարությունը հուշագիր էր ստորագրել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ՝ այն մասին, որ կորպորացիան վերացնելու է Երեւանում փակված «Նաիրիտ» քիմիական կոմբինատի թափոնները, իսկ կառավարությունը փոխհատուցելու է կորպորացիայի կատարած ծախսերը՝ թափոնների վերացման ուղղությամբ։ Հետագայում պլանները փոխվեցին։ Կորպորացիայի ներկայացուցիչները սկսեցին խոսել գործարանի տարածքի ամբողջական ռեկուլտիվացիայի, այսինքն՝ այն անվտանգ վիճակի բերելու մասին, ինչի դիմաց պահանջում էին գործարանում առկա թանկ սարքավորումներն ու ողջ ունեցվածքը։ Հայկական կողմը չհամաձայնեց, եւ ծրագիրը սառեցվեց։
Կարծիքներ