Հայկական լեռնաշխարհի թեման հանվել է Տավուշում փորձարկվող 10-րդ դասարանի դասագրքից

Հայկական լեռնաշխարհի թեման հանվել է Տավուշում փորձարկվող 10-րդ դասարանի դասագրքից

Սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով: Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023-ի սեպտեմբերից, իսկ մինչ այդ՝ մեկ տարի այն կփորձարկվի այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում, որտեղ շաբաթներ շարունակ վերապատրաստվեցին թե՛ ուսուցիչները, թե՛ տնօրենները։ Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշիչի փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած, վերջացրած նոր բովանդակությամբ ուսումնական նյութերով: 

Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցը համապատասխան գրականությունն արդեն ստացել է, անհրաժեշտության դեպքում, եթե հարցեր են առաջանում, վերապատրաստողների հետ կապ են հաստատում եւ իրենց հուզող հարցերը հեռախոսով ճշտում։ 

Ուսումնական տարվա մեկնարկը նոր չափորոշիչներով եւ նոր ուսումնական նյութերով տրվել է նաեւ Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցում։ Տնօրեն Նինա Պողոսյանի խոսքով, մինչ այս պահը խնդիրներ չեն արձանագրել․ «Պակաս դասագրքերը կամաց-կամաց բերում են, այսօր ստացել ենք որոշակի խմբաքանակ, մյուս մասն էլ շուտով կլինի»։ Թե ինչու են ուշացումով ստանում դասագրքերը, տնօրենն ասաց․ «Այնպես է, որ հենց առաջին օրվանից դա պարտադիր չէ, թեմաներ կան, որ այլ դասագրքից կարող ենք անցնել։ Առարկաներ կան, որտեղ ընդհուպ մշակված է, թե ինչ հարցադրումներ պետք է ուսուցիչն անի»։ Տնօրենը հավելում է, որ մինչեւ սեպտեմբերի 10-ը ողջ ուսումնական գրականությունն իրենց ձեռքի տակ կլինի։

«Բնականաբար, դժվարություններ կլինեն, չի կարող ամեն ինչ հարթ անցնել, անունը հենց դրա համար էլ փորձաշրջան է, հիմա մեզ վրա դրված պատասխանատվությունը մեծ է, որովհետեւ 3 տարի հետո այս ամենն ամբողջ հանրապետության դպրոցներում պետք է ներդրվի»։ Ինչ վերաբերում է ուսումնական նյութերի բովանդակությանը, ապա անակնկալ ոչինչ չի եղել, քանի որ այդ ամենն իրենց նախօրոք ասվել է․ «Ամեն ինչ պլանավորված գնում է, եւ այդ ամենը թե՛ ԿԶՆԱԿ-ը, թե՛ «Այբ»-ը իրենց պլանի մեջ մանրամասն նկարագրել են»։

Թեպետ դպրոցում ուսուցիչների 70 տոկոսից ավելին պատվաստված է, բայց դիմակները պարտադիր են բոլորի համար, ուստի հիմք ընդունելով պատվաստումների նման բարձր ցուցանիշը՝ դիմել են մարզպետարան՝ թույլտվություն խնդրելով դասերն անցկացնել առանց դասարանները կիսելու, «որովհետեւ օրումեջով, հատկապես այս փորձաշրջանում, դժվար կլինի հասկանալ՝ աշխատո՞ւմ է չափորոշիչը, թե՞ ոչ»,- ասում է տնօրենը։  

Վերապատրաստված ուսուցիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին դժգոհելու ոչինչ չունեն, պակասող ուսումնական նյութերն էլ շուտով կստանան։ Բայց մի բան նրան շատ է զարմացրել, թե ինչու 10-րդ դասարանի հայոց պատմության դասագրքում, որը հիմա վերանվանվել է «Հայկական պետականությունների պատմություն», դուրս է թողնվել հայկական լեռնաշխարհի թեման։

Ասում է՝ թեպետ դասագրքից հայկական լեռնաշխարհի թեման հանվել է, բայց ինքը խախտել է կարգը եւ երեխաներին դասավանդել այն՝ հորդորելով լավ իմանալ մեր պատմությունը։ Զրուցակիցս, որ համառորեն ուզում էր արդարացնել այս քայլի հեղինակներին, հայկական լեռնաշխարհի թեման դուրս թողնելու հանգամանքը բացատրում է նրանով, որ այն տեղափոխվել է «Մեր հայրենիքը» դասագրքի մեջ, որն անցնում են, սակայն՝ միջին դասարաններում։

Հետաքրքրվեցինք՝ 10-րդ դասարանի «Հայկական պետականությունների պատմություն» դասագրքում արդյոք կա՞ հիշատակում Արցախի պետականության մասին։ Մեր զրուցակիցը նշեց, որ ուսումնական նյութը սկսում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից՝ Արրատա պետությունից, եւ հասնում մինչեւ 14-րդ դարի վերջը, հետեւաբար՝ այս գրքում Արցախի մասին որեւէ հիշատակում չկա։ Զրուցակցիս ենթադրությամբ՝ հնարավոր է Արցախի պատմության, պետականության մասին անդրադարձ լինի 11-րդ դասարանի դասագրքում, որը կոչվելու է Ազատագրական շարժումների պատմություն, բայց վստահաբար չի կարող պնդել, քանի որ այդ նյութերին ծանոթ չէ։