ՀԱԿալոգիկա

ՀԱԿալոգիկա

Այսօր, երբ մարտի 1-ը կարելի է ամբողջովին բացահայտված համարել, լևոնական քարոզիչները տակավին համարձակվում են գրել. «Ղազախական դեպքերից հատկապես ոգևորված են քոչարյանականները, որովհետև, իրենց կարծիքով, պատեհ առիթ են գտել 2008 թ․ մարտի մեկի դեպքերը խեղաթյուրելու համար»: Ներողություն, հարգելի լևոնականներ, բայց մարտի մեկի դեպքերը խեղաթյուրելու հնարավորություն արդեն ոչ ոք չունի, քանզի ձեր, հենց ձեր Նիկոլն այն բացահայտել է մինչև վերջին փամփուշտը: Իսկ թե ինչ է ստացվել Նիկոլի բացահայտումից, կարող եք ինքներդ կարդալ համացանցում, այդ թվում և դատարական մարմինների հայտարարություններում ու վճիռներում: Մի բան էլ հիշեցնեմ՝ մարտի 1-ի զոհերի հարազատների բերանը քոչարյանականները չեն փակել, Նիկոլն է փակել՝ 30-հազարական դոլարով՝ որպեսզի գլուխն ազատի մարտի մեկը ի վնաս ՀՀ 2008թ. իշխանությունների բացահայտելու իր անիմաստ խոստումից:

Մի խորհուրդ տամ՝ մի քիչ մտածեք, հետո գրեք: 

Իսկ հիմա կարդանք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի հետևյալ հատվածը․«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը»։ Տեր-Պետրոսյանի ձիանոցում կարծում են, որ Սերժ Սարգսյանի այս «թափանցիկ» ակնարկը բացառապես նշանակում է, որ նա ասում է, թե ունի նոր մարտի 1 սարքելու հնարավորություն, բայց դա իրենը չէ: Հետևաբար, եզրակացնում է ձիանոցը, «Սերժ Սարգսյանը ձգտում է մաքրվել 2008թ. ոճիրից»: Ներողություն խնդրելով ՀՀՇ գեղի կլուբի մոզգերից մի հարց տամ՝ այսքան բան ձեզ Սերժ Սարգսյա՞նն է պատմել, թե՞ ինքներդ եք գլխի ընկել: Ես, իհարկե, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը ձեզ որևէ բացատրություն տված լինի այս մասին, բայց նախանձում եմ ձեր մտքի թռիչքին: Գուցե կօգնե՞ք ինձ հասկանամ Սերժ Սարգսյանի խոսքերի նաև հետևյալ մասը՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»: Դիցուք՝ ինչո՞ւմ էր ճիշտ Նիկոլը և որտեղ էր սխալվել ինքը: Եվ ուրեմն խնդրում եմ, հենց մի բան իմանաք այս մասին, գրեք, որ մենք էլ իմանանք:
Այսքանով հանգիստ թողնենք Սերժ Սարգսյանին և տեսնենք, թե այդ ի՞նչ են ասում Քոչարյանի աջակիցները, որ այսպես վրդովեցրել ու ոտի է հանել Նիկոլի բարձր հովանու ներքո մրափող ՀԱԿ ձիանոցը:

Քոչարյանի կողմնակիցները, ասացեք խնդրեմ, համարձակվել են ասել ու պնդել, որ 2008-ի երևանյան ցույցերը «գունավոր հեղափոխության» փորձ էին։ «Սուտ է,- աղաղակում են լևոնականները,- 2008-ին հայ հասարակության մի ստվար զանգված չէր հաշտվում նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների, դրանց ընթացքում եղած բռնությունների հետ։ Չկար նաև «գունավոր հեղափոխություններին» բնորոշ դրսի ուժերի աջակցությունը։ Չկար և չէր կարող լինել, որովհետև ընդդիմության առաջնորդը ոչ թե սովորական կուսակցական գործիչ էր, այլ ՀՀ առաջին նախագահը։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք դրսի ուժերի խամաճիկը չէր եղել և չէր լինելու։ Ուստի նրա առաջնորդած շարժումը զուտ հայաստանյան էր, այսինքն՝ բխում էր միայն մեր պետության շահերից»։ Ահա այսպես: Պաթոսի պակաս էլ չկա: Ուղղակի այս ամենից մի անպատեհ հարց է ծագում՝ մարտի 1-ի դեպքերը, հավանաբար, տեղի են ունեցել Հայաստանի հեռավոր գյուղերում և ոչ թե օտարերկրյա դեսպանատների քթի տակ, այո՞: Ի դեպ, եթե չգիտեք, տեղեկացնեմ նաև, որ ԱՄՆ դեսպանատանը (նոր շենքում) դեռ պահվում է «սպանված երեխայի» կոշիկը, որ նրանց է տրամադրել Սծյոպիկ Սաֆարյանը, որպես ՀՀ 2008թ. իշխանությունների վայրագության ապացույց: Ուրիշ մասունքներ էլ կան: Օրինակ՝ խոզի ծնոտ, որ դրսի ուժերին է տրամադրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակցի ծնոտի փոխարեն: Ամաչելու կարիք չկա, Քոչարյան Անդոյի գլխավորությամբ մի հատ էքսկուրսիա կազմակերպեք ԱՄՆ դեսպանատուն, և այդ ամենը ձեզ ցույց կտան:

Թե բա՝ 2008-ին հայ հասարակության մի ստվար զանգված չէր հաշտվում նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների և դրանց ընթացքում եղած բռնությունների հետ: Գիտե՞ք ինչ, պարոնայք լևոնականներ, հայաստանյան բոլոր ընտրություններում էլ եղել է մի ստվար զանգված, որ չի հաշտվել ընտրությունների արդյունքների հետ: Բայց չի եղել դեպք, որ պարտված թեկնածուն, այն էլ ոչ սովորական թեկնածուն, կանգնի հրապարակում և պաշտպանության փոխնախարարներին օգնության կանչի պետական կարգը շուռ տալու նպատակով՝ Մանվել-Մանվել, Գագիկ-Գագիկ… Այսքանից հետո էլ դեռ լևոնական մոզգերը գրում են. «… խաղաղ ցույցերով սահմանադրական կարգ չեն խախտում, սահմանադրական կարգի խախտումը իշխանությունը բռնի ուժով պահելն է»: Հավանաբար նրանց թվում է, որ մարտի 1-ից հետո միայն իրենք են ողջ մնացել կամ, ինչպես ասում են, գեղից մարդ չկա ու կարող են մարտի 1-ը ներկայացնել որպես հրեշտակահավաք: Պարոնայք լևոնականներ, ոստիկանությունը ձեզ ժամանակ չի՞ տվել դադարեցնելու Ազատության հրապարակի չարտոնված հանրահավաքները, չի՞ առաջարկել հավաքել տեղադրված վրանները, վերջապես, խաղաղ ցույցի այլ հրապարակներ չի՞ առաջարկել:

Ամեն ինչ էլ արվել է օրենքով, միայն թե, ինչպես ասում են, առաջնորդը գնացել էր վաբանկ ու որոշել ինչ գնով էլ լինի վերադարձնել իշխանությունը՝ արյունով կլիներ, թե այլ կերպ, դա իրեն քիչ էր մտահոգում: Բայց, քանի որ Քոչարյանը մեկուսացրել էր այդ առաջնորդին, հարցը ես Նիկոլին կտամ՝ խաղա՞ղ ցույց էր արդյոք Մյասնիկյանի հրապարակի հավաքը, որն, ինչպես հավատացնում էիք, տեղի ունեցավ ինքնաբուխ… շատ չէ, թեթև զինված՝ լոմեր, մետաղյա ձողեր, մոլոտովի շշեր, հետո արդեն ոստիկանական ավտոմեքենաներ, մահակներ, այդ ամենը ողջունող հայտարարություններ: Դե իսկ ամենաանսպասելին էլ, թերևս,  Լֆիկի խանութի թալանն էր: Դուք որտե՞ղ եք տեսել, որ ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարները խանութ թալանեն: Չէ՞ որ ընտրությունների արդյունքները բողոքարկողները գաղափարական մարդիկ են լինում, սովորոբար: Բայց մեկ էլ պարզվեց, որ մարտի 1-ի «հանրահավաքի» 80 տոկոսը հարբած է, այդ թվում նաև ՀԱԿ գլխավոր շտաբի առանցքային դեմքերը՝ սկսած Ալիկ Արզումանյանից: Եթե սուտ եմ ասոմ՝ հերքեք, ասեք որ Ալիկ Արզումանյանին Լֆիկի բարիքներից բան չի հասել:

Եվ վերջում մի քանի խոսք ՀԱԿ ձիանոցի հանգիստը խանգարած հարցադրման մասին: Ի՞նչ նմանություններ կան 2022թ. ղազախական և 2008թ. մարտի 1-ի հայաստանյան դեպքերի միջև և ինչու Տոկաևը դիմեց ՀԱՊԿ-ին, իսկ Քոչարյանն ինքնուրույն լուծեց հարցը: Նմանությունները շատ չեն, բայց դրանք անհերքելի են՝ երկու դեպքում էլ տեղի ունեցան հեղաշրջման և իշխանազավթման փորձեր: Տարբերությունը մասշտաբների մեջ էր, որ արտահայտվում էր բացառապես Ղազախստանի և Հայաստանի համեմատության մեջ: Իսկ թե ինչու Քոչարյանը չդիմեց օգնության, իսկ Տոկաևը դիմեց՝ դա արդեն մարդկային գործոնով է պայմանավորված: Քոչարյանը՝ Քոչարյան է, իսկ Տոկաևը՝ Տոկաև: Երևանում ամեն ինչ մի քանի ժամում խաղաղվեց, ապստամբների հեռահար նպատակները չիրականացան, բայց նրանք, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, այդ գիշեր հանգիստ քնեցին, իսկ առավոտյան ասացին, որ 10 զոհն իրենց կազմակերպած «քյալլագյոզության» համար միանգամայն նորմալ է: Հերքեք, թե կարող եք, ասեք, որ ԼՏՊ-ն այդ գիշեր հանգիստ չի քնել, Արզումանյան Սաշիկին էլ չի ասել, որ 10 զոհը նորմալ է:

Տոկաևը Ռոբերտ Քոչարյանի չափ ոստիկանություն ու զորք չունե՞ր: Ուներ, իհարկե, բայց որոշեց գնալ այլ ճանապարհով ու զանգեց Նիկոլին: Չեմ կարծում, որ առաջինը Նիկոլին է զանգել, բայց որ ասում են, թող այդպես լինի: Տոկաևը սեփական իշխանությունը պահելու խնդիր էր լուծում: Իսկ ի՞նչ խնդիր էր լուծում հեռացող նախագահ Քոչարյանը: Նա չէ՞ր կարող ձեռքը թափ տալ ու թողնել, որ Երևանի փողոցներ լցված խուժանը գար իշխանության: Կարող էր, բայց չարեց:

Հ.Գ. Ի դեպ ղազախական դեպքերի բերումով նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հանճարեղ մտքեր հայտնել փողոցային սբրոդի և իշխանության գալու վերջինիս հավակնությունների մասին: Հետևեք «Նիկոլ Փաշինյան» ՖԲ էջին, այնտեղ իրավիճակ է փոխվել: