Ինչպես շոգ եղանակին խուսափել ինֆարկտից․ օգտակար խորհուրդներ

Ինչպես շոգ եղանակին խուսափել ինֆարկտից․ օգտակար խորհուրդներ

Բժիշկները ներկայացրել են մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես շոգ եղանակին խուսափել ինֆարկտից եւ ընդհանրապես՝ սիրտ-անոթային համակարգի խնդիրներից։ 

Առաջին հերթին բժիշկները հորդորում են պահպանել օրվա ընթացքում հեղուկներ ընդունելու ռեժիմը։ 

Բացի այդ, խորհուրդ են տալիս շոգ եղանակին ամբողջապես հրաժարվել ալկոհոլային խմիչքների օգտագործումից եւ ծխախոտի օգտագործումից։ 

Ցանկալի է նաեւ, որ շոգ եղանակին հնարավորինս սահմանափակվի էներգետիկ ըմպելիքների օգտագործումը։ 

Զուգահեռաբար, կարեւոր է շոգ եղանակին ֆիզիկական ակտիվության պահպանումը։ Սակայն պետք է հիշել, որ եթե մարդը ողջ կյանքում օրինակ սպորտով չի զբաղվել, ու հանկարծ որոշել է վազել առավոտյան կամ «գանտելներ» բարձրացնել, ապա ավելի լավ է կամ չանի դա, կամ անի խիստ սահմանափակ ձեւով, որպեսզի սրտի վրա, որը առանց այն էլ շոգ եղանակին ծանրաբեռնված է, հավելյալ ծանրաբեռնվածություն չավելանա։ 

Չի կարելի սպորտով զբաղվելը համատեղել վատ սովորության հետ, օրինակ՝ ֆուտբոլ խաղալ, ապա ընդմիջման ժամանակ՝ ծխել կամ էներգետիկ ըմպելիք խմել։ 

Մասնագետները նշում են, որ շոգ եղանակին ինֆարկտի սպառնալիքը առկա է թե տարեցների եւ թե երիտասարդների մոտ։ Ընդ որում, երիտասարդների դեպքում այն ավելի բարդ ընթացք ունի։ Ու եթե մարդը զգում է սրտի աշխատանքում խաթարումներ, չափազանց ուժգին զարկերակային բաբախյուն, շնչահեղջություն, կրծավանդակի շրջանում տհաճ զգացողություն, ապա պետք է անհապաղ դիմի սրտաբանին, քանի որ սրանք շատ «ահազանգող» ու մտահոգիչ ախտանշաններ են։