Մշակույթ

Նա հանձնում է, ժող ջանն էլ ասում է՝ կեցցե մեր վարչապետը, սարը տվեց՝ ազգը փրկեց

Նա հանձնում է, ժող ջանն էլ ասում է՝ կեցցե մեր վարչապետը, սարը տվեց՝ ազգը փրկեց

Արցախի հայաթափումից ու վերջնական օկուպացիայից հետո, վերջին մեկ ամսում շատերն են բարձրաձայնում ու կարեւորում Արցախում գործող պետական, կրթական, մշակութային կառույցների նույնությամբ պահպանումը ՀՀ-ում։ 
Մեծ հնչեղություն ստացավ հատկապես Արցախի պետական համալսարանի պահպանության հարցը, բայց ոչ պակաս կարեւոր է հենց արցախյան մշակույթի պահպանությունը՝ ի դեմս ԱՀ մշակույթի նախարարության։  

Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում գերատեսչությանը, հնարավո՞ր է փոքր կազմով այն գործի ՀՀ ԿԳՄՍՆ-ին կից։ «Եթե գոնե 1 տոկոս հույս ունենամ, որ նման մտքերը կարող են կյանքի կոչվել, ապա հազար ու մի տարբերակ կարող եմ առաջարկել, բայց, ցավոք սրտի, ինչքանով տեսնում եմ, դա ներկայիս իշխանություններին ընդհանրապես պետք չէ։ Մինչդեռ Արցախը եւ, առհասարակ, երկիրը պահում է 2 հիմնասյուն՝ հողը, որտեղ մարդն ապրում է, եւ մշակույթը՝ այդ ազգի էությունը, որը կրում են մարդիկ։ Հիմա մեզ հողից զրկեցին, մնում է 2-րդ սյունը՝ մշակույթը, որը, բնականաբար, փորձելու են քանդել, որպեսզի չլինեն մեր բարբառը, լեզուն, մշակույթը ու, որպես առանձին միավոր, գոյություն չունենան։ Ավելին՝ այս պահի դրությամբ ոչ մի ռազմավարական նշանակության միջոցառում ՀՀ իշխանությունները չեն ձեռնարկում, որպեսզի դրանք պահպանվեն, ընդհակառակը՝ անտարբերության է մատնված, որպեսզի ժամանակի ընթացքում վերջնականապես թերթեն Արցախի վերջին էջը»։

Այս մեկ ամսվա ընթացքում շփումներ ունեցե՞լ են ՀՀ կառավարության ներկայացուցիչների եւ հենց իրենց գործընկեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների հետ։ 

«Այս ընթացքում մեկ անգամ հանդիպել ենք նախարարի հետ, ու քանի որ ես սպորտի ոլորտն եմ համակարգում, նշեցի, որ մենք շատ լավ եւ ուժեղ մարզիկներ, մարզիչներ ունենք, առաջարկեցի նրանց ընդգրկել այստեղի համապատասխան սպորտաձեւերում, որպեսզի համագործակցեն այստեղի համապատասխան սպորտային ֆեդերացիաների հետ։ Մարդն ամբողջ կյանքում մարզիչ է եղել եւ հիմա չի կարող արագ վերապրոֆիլավորվել, բայց մենք կարող ենք, չէ՞, օգտագործել այդ մարդու պոտենցիալը, իր տարիների փորձը, այսինքն՝ պետք չէ նոր սպորտհամալիրներ բացել, ուղղակի պետք է այդ մարդկանց ընդգրկել Հայաստանում գործող համապատասխան ֆեդերացիաներում ու հնարավորություն տալ, որ իրենց մարզչական աշխատանքը շարունակեն։ Առաջին հայացքից, բանավոր մակարդակում հավանության արժանացավ, դրանից հետո ես կապ հաստատեցի մեր մարզիչների, ֆեդերացիաների ղեկավարների հետ, տվյալներ հավաքագրեցի, թե նրանցից ով որտեղ է բնակվում, ու հանձնեցինք իրենց, բայց ոչ մի պատասխան էլ չստացանք, ընթացք չի եղել ու չի էլ լինելու․․․․»։

Փոխնախարարն ասում է․ դա ոչ պաշտոնական հանդիպում էր՝ նախարարությունից դուրս կազմակերպված, իրենց կողմից նախաձեռնված․ «Որ ցանկություն է լինում, մարդը միջոցներ է ձեռնարկում, որ չի լինում, պատճառներ են փնտրում․․․․ երեկ էլ մեր՝ աշխատանքից ազատվելու հրամանագրերը եկան, հոկտեմբերի 1-ից արդեն համարվում ենք ազատված»։

Ինչ վերաբերում է մարդկանց վերաբերմունքին, ապա Ա․ Հայրապետյանը նկատում է, որ ժողովրդի ու իշխանությունների վերաբերմունքը պետք չէ ոչ մի կերպ իրար խառնել, քանի որ․ «Ժողովուրդն ամենաբարձր մակարդակով ընդունում, դիմավորում է, ինչով կարողանում, օգնում է, եւ ես կարծում եմ, որ այդտեղ զարմանալու բան էլ չպետք է լինի, բոլորս էլ հայ ենք։ Բայց որպես իշխանություն՝ առհասարակ ոչ մի քայլ չի արվում, հա՝ մի երկու բան անում են, ցույց են տալիս, թե իբր սրան-նրան օգնում են, բայց դա օգնություն չէ, մեր արցախցիներին ո՛չ պետք է խղճալ, ո՛չ էլ օգնություն տալ, ուղղակի պետք է իրենց հասանելիքը տալ, մեզ պետք է փոխհատուցում տան, որը որ չեն տալիս, իսկ ժողովրդի բարոյական, հոգեբանական աջակցությունը, իրար սատար կանգնելը, փառք Աստծո, կա, որ դա էլ լիներ իշխանությունից կախված, չէր լինի»։

Նախարարը չի՞ առաջարկել՝ իրենց գերատեսչությունում գործող մասնագետներին կամ հենց իրենց՝ ներգրավվել ՀՀ ԿԳՄՍՆ-ում կամ դրա ենթակայությամբ գործող կառույցներում։ 

«Ոչ, մենք ենք առաջարկել, մի կեսբերան ասաց՝ այո, լավ կլինի․․․ ու վերջ։ Ես առանձնապես այլ առաջարկներ չեմ էլ արել, որովհետեւ, հրեն, տեսնում եք, թե ինչ դասագրքեր են տպում՝ ո՛չ հայանպաստ, էլ ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենաս մնացած ոլորտներից»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ հանդիպումը «բարեհամբույր» կբնութագրեր, եթե իրենց ներկայացրած որեւէ առաջարկ տեղ հասներ ու լուծում ստանար, այս դեպքում միայն «ձեւական» է բնութագրում տեղի ունեցած հանդիպումը, որովհետեւ հաջորդիվ որեւէ քայլ չի արվել, ու ընթացք չի տրվել որեւէ առաջարկի։

«Եթե այսպես շարունակենք, մի որոշ ժամանակ հետո Հայաստան էլ չենք ունենալու եւ որպես հայեր՝ չենք լինելու։ Երկու տարբերակ ունենք․ կա՛մ մի օր վերջապես պիտի զարթնենք որպես ազգ, կա՛մ էլ սենց թմրած մեռնելու ենք գնանք, ուրիշ ոչ մի բան։ Ես մի բան չեմ հասկանում․ այսպես հերթով հանձնելով ո՞ւր ենք գալու հասնենք, Ղարսի դեպքում ասացինք՝ ղարսեցիներն են մեղավոր, Սասունի դեպքում՝ սասունցիներն են մեղավոր, Նախիջեւանում՝ նախիջեւանցիք են մեղավոր, Ղարաբաղի դեպքում՝ ղարաբաղցիք են մեղավոր, հիմա հերթը Սյունիքին է հասել․․․ ու այսպես մեր տարածքներն են փոքրանում, ավելին՝ Սյունիքից հետո Երեւանը չի էլ կարողանալու դիմադրել, Արարատյան դաշտավայրում պատերազմ չեն տանելու, արդյունքում բոլորը մեղավոր են, բացի այստեղի իշխանավորներից, ու մինչեւ հիմա մեզ նույն զենքով քնեցնում, պառակտում են՝ հայաստանցի-ղարաբաղցի-երեւանցի-լեննականցի ու սեւ-սպիտակ անելով․․․»։

Այդ բաժանումներն իրականում որտեղի՞ց են  ուղղորդվում, հանրության մեջ կա՞ այդպիսի արմատացած մոտեցում ու ընկալում, թե՞ ավելի շատ դրսից է պարտադրվում։ «Այս իշխանություններն ինչքան եկել են, ասում են՝ հներն են մեղավոր, հներն էլ ասում են՝ նորերն են մեղավոր, ինձ համար չկա ո՛չ նոր, ո՛չ հին, ավելին՝ ոչ մեկն էլ աչքիս լույսը չէ, այս 30 տարվա արդյունքում ենք հասել սրան, բոլորն են մեղավոր, ու յուրաքանչյուրն իր մեղավորության չափաբաժինն ունի։ Դա միանշանակ է։ Ընդհանուր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երբեք նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ 2-րդ՝ ինչքան էլ ես իմ օբյեկտիվ դժգոհությունը հայտնեմ, որովհետեւ, ի վերջո, այս իշխանությունն Արցախը հանձնեց ու հիմա էլ վերջին քայլերն է անում՝ վերացնելով բոլոր շտաբները, բայց եթե սթափ դատենք իրավիճակը, ապա սերունդ դաստիարակելու համար մոտավորապես 20-25 տարի է պետք, այդպես է նաեւ կրթության ոլորտում։ Հիմա, մենք լինելով հաղթած բանակ, իսկ Ադրբեջանը՝ պարտված բանակ, ինքը 25 տարում իր կրթությունն այն մակարդակին բերեց, այնպիսի ռազմավարություն մշակեց իր կրթության ոլորտում, որ անգամ չեղած, գոյություն չունեցող բանն ասում են՝ մերն է, էլ չասեմ Երեւանի մասին, որն իրենց համար Արեւմտյան Ադրբեջան է, դեռ չեմ խոսում Սյունիքի, Սեւանի, Արեւմտյան Հայաստանի մասին։ Մեր ղեկավարների դեպքում էլ սա միայն վերջին 5 տարվա պատմություն չէ, այլ՝ վերջին 30 տարվա, տարանջատման այդ արատավոր երեւույթն էլ՝ արցախցի-հայաստանցի, տարիների արմատ ունի ու մեկ օրվա բան չէ։ Ու սրա վրա թշնամի Ադրբեջանը միլիարդներ է ծախսել, բոլոր ազգերը հասկացել են, բացի մեզնից, որ հայ ազգին դրսից զենքով հաղթել չի լինում, սրանց հաղթելու միակ ձեւը ներսից պառակտելն է, որն էլ միշտ անում են։ Պետք չէ դիվանագետ լինել՝ սա հասկանալու համար, պետք է գոնե մեկ անգամ մեր պատմությունը կարդալ ու տեսնել, որ նույն բանը՝ նույն սցենարով, ամեն դարը մեկ կրկնվում է։ Ու մենք սիրում ենք հույսներս դնել ուրիշների վրա եւ հետո բոլորին մեղադրել, բացի մեզնից, բայց մենք ենք մեղավոր, ու դրա մասին հազար անգամ ասել են մեր մեծերը՝ նշելով, որ մեր միակ փրկությունը մեր միասնության մեջ է, որն էլ չունենք։ Ու սա մեկ օրվա, ոչ էլ վերջին 5 տարվա բան է, այլ մի ամբողջ սերնդի կրթություն է։ Ադրբեջանն այլ բան է քարոզել, մենք՝ այլ բան՝ ի վնաս մեզ, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք։ Բայց ամենից վատն այն է, որ այս մղձավանջը չի վերջացել ու դեռ շարունակվում է, եւ մենք մնում ենք խորը թմրած, հանձնվողի, պարտվողի ստորացված կարգավիճակում։ Ամեն օր հայտարարում է՝ 50 հազար ենք տալիս, հետո՝ 100 հազար․․․ մենք տարիներով սոված ենք մնացել, բայց թասիբը, պատիվը ստամոքսից չենք գերադասել»։
Ինչո՞ւ է այս իշխանությունը՝ իր մեծ ու փոքր չինովնիկներով, սարսափում «Արցախ» բառից, որը եթե արտաբերում են, անմիջապես նրանց ուղղում են ու ասում՝ ԼՂ։ «Ինձ համար հայամետ քաղաքականություն վարող իշխանություն չկա, գործակալներ են, որ պարտադրված ասում են եւ անում, հիմա Արցախը մի կողմ դնենք, տեսեք, թե Հայաստանը հենց իր տարածքից ինչքան տարածքներ է զիջել, ու դա ժողովուրդը մարսում է։ Նա ասում է՝ մեզ պե՞տք է այդ սարը, որի վրա տարվա մեծ մասը ձյուն է, եկեք հանձնենք ու հանգիստ ապրենք, ժողովուրդ ջան, ու ժող ջանն էլ ասում է՝ ուռա, կեցցե մեր վարչապետը, սարը տվեց, ազգը փրկեց, ու այդպես տալով գնում ենք։ Այդպիսի մարդկանցից ի՞նչ սպասես։ Պարզ չէ՞, որ ամեն ինչ զիջելու են, իրենք էությամբ զիջող են, տվող են, անգամ նրա հայրն ասաց, որ ավելի իմաստուն մեկին ընտրեք, բայց հորն էլ չլսեցինք, էլ ի՞նչ ասեմ»։

Այսօր Ա․ Հայրապետյանին միակ ապրեցնող բանն Արցախ վերադառնալու հույսն է․ «Ես այդ հույսով եմ ապրում, եթե այդ հույսը չլինի, այստեղ էլ չեմ ապրի, կգնամ Աֆրիկա կապրեմ, ի՞նչ տարբերություն։ Իմ ապրելու միակ նպատակը, հույսը հզոր Հայաստան, ազատագրված Արցախ տեսնելն է, մեկն առանց մյուսի չի կարող լինել։ Առանց ազատագրված Արցախ հզոր Հայաստան չի կարող լինել, առանց հզոր Հայաստան էլ չի կարող Արցախ լինել։ Իսկ հզոր Հայաստան այն դեպքում կունենանք, երբ կունենանք հզոր հայ ղեկավարներ, որը մինչ օրս չենք ունեցել, որովհետեւ այս երկիրն այնքան ներուժ, ռեսուրս ունի լավ ու հզոր ապրելու համար, ուղղակի ագահությունը եւ ոչ պրոֆեսիոնալ կառավարումը մեզ այս 30 տարվա մեջ բերեցին հասցրին այս ամենին, երբ հիմա Հայաստանի թե՛ ոտքերն են ջարդված, թե՛ ձեռքերը, ու ողնաշարի մեջ էլ թուրն է խրված»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image