Միլիոններ ես ծախսում տոնածառի վրա, սակայն նորմալ պայմաններ չես ստեղծում զինվորների համար

Միլիոններ ես ծախսում տոնածառի վրա, սակայն նորմալ պայմաններ չես ստեղծում զինվորների համար

Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 15 ժամկետային զինծառայող հրդեհի հետևանքով մահացել է, կան նաև տարատեսակ այրվածքներ ստացած զինվորականներ: Տեղի ունեցածի մասին «Հրապարակը» զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

- Տեղի է ունեցել հերթական ողբերգությունը: Նախնական տվյալներով, 15 ժամկետային զինծառայող է մահացել: Մի քանի զինվորական պաշտոնյաներ արդեն իսկ ազատվել են պաշտոններից: Ի վերջո` հերթական ողբերգության հիմնական պատասխանատուն ո՞վ է:

- Նման դեպքերում պետք է հետաքննություն սկսվի, այլ ոչ թե ուղղակի արագ` ում պատահի, աշխատանքից ազատեն՝ ցուցադրական նպատակներով, որպեսզի սլաքները հանկարծ Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի կողմը չուղղվեն: Միանգամից զինվորականների ազատեցին աշխատանքից, ըստ էության գլխատելով կորպուսի հրամանատարությանը, հիմա, օրինակ, եթե Ադրբեջանն ինչ-որ գործողությունների դիմի, ո՞վ է լինելու պատասխանատուն: Այդ ժամանակ էլ ասելու են` վայ, տեսա՞ք, էս ինչ եղավ: Այս մասշտաբի ողբերգություններն ու ցնցումները դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Անդադար նման երևույթներ են լինում, սա նորմալ է դարձել պետական համակարգի համար: Սա երկար ժամանակ պետական համակարգը քայքայելու հետևանքն է: Շատ ցավալի է տեղի ունեցածը, սակայն` սպասելի: Այնպես չէ, որ այս մասին չի խոսվել կամ չի խոսվում: Եթե դու անընդհատ բանակում կադրային փոփոխություններ ես անում, պետական բյուջեից միլիոններ ես ծախսում տոնածառի վրա, լույսեր ես գնում, սակայն նորմալ պայմաններ չես ստեղծում զինվորների համար: Զինվորը սահման է պահում վրաններում` բենզին վառելով, դուք ի՞նչ եք անում:

- 2020 թվականի պատերազմից հետո մի իրավիճակ է ստեղծվել շատ զորամասերում, որ զինվորը քնում է այլ կացարանում, որն անվանում են զորանոց: Կոնկրետ տեղի ունեցած վերջին դեպքի վայրն ավելի շատ անասնագոմ է հիշեցնում: Ինչո՞ւ են զինվորներին այդ պայմաններում պահում, ինչո՞ւ զորամասեր չեն կառուցում, որտեղ գոնե տարրական պայմաններ կլինեն: Ինչպե՞ս կարելի է 21-րդ դարի բանակում փայտի, նավթի կամ բենզինի վառարան օգտագործել:

- Այո, բենզինի վառարան…. սա նշանակում է այն, ինչ ես ասացի` բոլոր տեսակ համակարգերի քայքայում: Այսպիսի ողբերգությունները, ցավոք, մեզ համար կանխատեսելի են: Երբ քայքայվում են համակարգերը, լինում է այսպես, իսկ այդ քայքայման գործընթացն արվում է միտումնավոր: Անհնար է, որ մեզ չլսեն: Անվերջ փորձագետներին են թիրախավորում, լրագրողներին են թիրախավորում, չգիտես էլ ինչեր են անում, մինչև որ հասնում ենք այսպիսի իրավիճակների: Ցավոք, այս իրավիճակը փոխելու միտում չեմ տեսնում:

- Պատերազմից անցել է երկու տարի: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս երկու տարվա ընթացքում չէ՞ր կարող նորմալ զորամասեր կառուցել: Ժամանակը չէ՞ր հերիքի, թե՞ գումար չկար:

- Նույնիսկ ես չգիտեմ, թե ինչ է սա նշանակում: Ինչքա՞ն գումար է ծախսվել ամանորյա ճոխ զարդարանքների, լույսերի վրա: Մի քանի միլիոն դոլար: Երբ մենք այդ ծախսերի մասին էինք խոսում մեկ ամիս առաջ, նշում էինք, որ այդ միլիոնավոր դոլարները պետք է ուղղել բանակին, ոչ թե Ամանորին, մեզ ծաղրում էին, ասում էին` տոնում ենք, լավ ենք անում, աչքներդ էլ հանում ենք: Հիմա հանեցի՞ք աչքներս:

- Վարկածներ կան, որ կատարվածը թշնամու ձեռքի գործն է: Որքանո՞վ է այս վարկածն իրատեսական:

- Իսկապես ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: