Եթե կորցնենք մեր հոգեւոր-մշակութային հայրենիքը, սահմաններն էլ կկորցնենք

Եթե կորցնենք մեր հոգեւոր-մշակութային հայրենիքը, սահմաններն էլ կկորցնենք

44-օրյա պատերազմից հետո 2021-ը չսպիացրեց մեր վերքերը, դեռ ավելին՝ խորացավ մեր երկրի ու անհատի ճգնաժամը, գիտակցեցինք մեր կորստի չափը՝ մարդկային, տարածքային, հոգեւոր, մշակութային եւ մի շարք այլ հարցերում։

Գրող Լեւոն Ջավախյանի գնահատմամբ, պատերազմը մեզ համար շարունակվեց նաեւ 2021-ին՝ թե՛ սահմանագծերին, թե՛ Հայաստանի ներսում․ «Տխրությամբ շարունակում ենք գնալ դեպի տխրություն եւ անորոշություն, ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Վերնիսաժում կանգնած եմ, մարդիկ գալիս ասում են՝ քո ի՞նչ գործն է քաղաքականությունը, դու գիրք գրի, գրականություն ստեղծի․․․ բայց եթե երկիր, պետություն չենք ունենալու, իմ գիրքն ո՞ւմ է պետք։ Թեեւ Հայնրիխ Բյոլն ասում է՝ եթե պետությունը գրականություն չունի, ուրեմն պետություն չկա։ Գրականություն լավից-վատից անում ենք, բայց պետություն չի ձեւավորվում։ Նախկինում պետականություն չկար, բայց հույս կար պետականության ստեղծման, դրա համար էլ բուռն գրականություն կար՝ Տերյան, Թումանյան, Չարենց, իսկ հիմա պետականությունը քանդվում է, եւ դրա հետ էլ գրականությունն ու արվեստն են քանդվում։ Իսկ քանդողի անունը Նիկոլ է, որովհետեւ նրա հետ չկա ապագա, ու դա՝ բոլոր բնագավառներում, մենք հետնահանջ ենք ապրում։ Նա մշակույթի վրա թքած ունի, լավից-վատից մրցանակներ կային, խրախուսման ֆոնդեր՝ բոլորը կտրեց։ Մենք անապատում ենք գտնվում ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ֆիզիկական առումներով: Բանը հասավ այնտեղ, որ ասաց՝ Արցախը ոչ միայն հայկական է, այլ նաեւ ադրբեջանական, ու փաստեց, որ այսուհետ Ադրբեջան է լինելու Արցախը, բա ի՞նչ է լինելու մնացած մարդկանց վիճակն Արցախում, որն իրենց հայրենիքն է, մի՞թե չի հասկանում, որ Արցախը դառնալու է Նախիջեւան։ Ձեռքերը լվանում է ու իր ազգին թողնում թշնամու հետ դեմ-հանդիման, ռուսը կպաշտպանի՝ կպաշտպանի, չէ՝ հերն անիծած»։

Լ․ Ջավախյանն ասում է՝ հոռետեսությունն այնպիսի մեծ ծավալների է հասել, որ մարդու ձեռքը չի գնում դեպի գրիչը․ «Եթե երկիր չունես, էլ ո՞ւմ համար գրես, ստեղծես։ Անասելի վատ վիճակ է, նման վիճակներ էլի եղել են, բայց Տերյանը գրել է, Թումանյանը գրել է, իսկ հիմա մտածում ես՝ ո՞ւմ համար գրես, իսկ Նիկոլը մահու չափ վախենում է արվեստի մարդուց, հատկապես՝ այլախոհ արվեստագետից։ Շատ քիչ արվեստագետներ կան, որ պաշտպանում են նրան, այն էլ՝ իրենց շահի համար, բայց զարմանում եմ, որ իրենց փոքրիկ, նեղ անձնական շահը վեր են համարում հայրենիքի շահից։ Երկիրն անկում է գնում, ու ո՛չ ֆիզիկական Հայաստան կա, ո՛չ էլ հոգեւոր հայրենիք։ Մարդիկ փորձում են համախմբվել, ինչ-որ բան անել, բայց տեռորի են հանդիպում, բոլոր կռված տղերքին, կարող ուժերին բանտերն է լցնում։ Ով գլուխ է բարձրացնում, գլխին տալիս է։ Այդ ո՞նց եղավ, որ ոստիկանության ռոճիկներն օր-օրի բարձրացնում է, ինչ է թե իր հետույքն են պաշտպանում, դրա՞ համար, իսկ ինչո՞ւ զինվորներինը չի բարձրանում, որովհետեւ նրանք հայրենիքի սահմաններն են պաշտպանում։ Իսկ հայրենիքն իրեն պետք չի՞, թե՞ իր հայրենիքը հենց այդ հետույքաչափ աթոռն է»։

Գրողը դժվարանում է որեւէ մշակութային իրադարձություն հիշատակել, բացի Վանոյի մահից․ «Ամենամեծ մշակութային իրադարձությունը Վանոյի մահն էր, որը գուժում էր երկրի հոգեվարքը։ Սա պետություն չի՝ մեռլատուն ա... Ամեն ինչ մահանում ա, թե՛ շագրենու կաշվի պես կծկվող սահմանները, թե՛ պետական կառույցները, թե՛ մշակույթը, թե՛ արվեստը եւ թե՛ մարդը... Ինչպիսի հրաշագործ ձեռք պիտի ունենաս, որ ինչի դիպչես, մեռնի։ Մենք ապրում ենք հրաշքների երկրում, որտեղ բոլորն էլ խոսում են մի լեզվով, բայց իրար չեն հասկանում... Ցուրտ է, սաստիկ ցուրտ, իսկ շուրջը սառցե արձաններ են, անշունչ, մեռած արձաններ...։ Հաջորդ տարին վագրի տարի է, ես էլ վագրի տարվա ծնունդ եմ, կարծես լավ ակնկալիքներ պետք է ունենամ, բայց գալիք տարին ինձ համար ոչ մի արժեք էլ չունի, պիտի ընկնես նույն ճահճոտ լիճը․ ո՞ւր ես գնում, ո՞նց ես ապրելու, ի՞նչ է լինելու՝ ոչինչ հայտնի չի, բացի մի բանից՝ քանի այս վարչակարգն է, մենք ապագա չունենք, որովհետեւ այս վարչակարգի օրոք ոտնահարվում է մարդու հոգեւոր արժանիքներից մեկը՝ արժանապատվությունը։ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում արժանապատվության հարցը բարձրացված է նույնիսկ սահմանադրության մակարդակի, որտեղ ասվում է, որ պետության սրբազան խնդիրներից մեկն է՝ ապահովել մարդու արժանապատվությունը, իսկ այսօր ոտնահարվում է մեր արժանապատվությունը թե՛ որպես ազգ՝ մեր հարեւանների կողմից, եւ թե՛ երկրի ներսում՝ վարչակարգի կողմից»։  

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ասում է․ իր համար ամենակարեւոր բանն այն է, որ մեր ժողովուրդը նմանվի ինքն իրեն, գտնի իր ինքնությունը․ «Ես բոլոր ժամանակներում ասել եմ, որ եթե մենք կորցնենք մեր հոգեւոր-մշակութային հայրենիքը, սահմաններն էլ կկորցնենք։ Հիմա մեզ մոտ գլխավոր խնդիրն անգամ սահմանի խնդիրը չէ, աշխարհում վաճառում են գլոբուսներ, եւ որ երկրի խանութից էլ այն առնենք, կտեսնենք, որ նույն գլոբուսն է, աշխարհը չի թողնում, որ իր գծած գլոբուսը փոխվի, 2 տերություն կա, որ կարող են այդ գլոբուսն արհամարհեն ու փոխեն՝ Ռուսաստանն է ու Ամերիկան, եթե մենք էլ կարողանանք՝ խնդրեմ, բայց ռեալ նայենք աշխարհին, հիմա մենք ձեռք չենք քաշում մեր նպատակներից ու հիմա ոչ թե հող ենք կորցնում ու սահման, այլ հայկական քաղաքակրթությունն ենք կորցնում եւ արդեն տասնյակ տարիներ։ Ես նստում եմ մեկի մեքենան, որ մեր շրջանակներում հայտնի է որպես հայրենասեր մարդ, եւ ինքը թուրքական մուղամ է միացնում, ու երբ դրա մասին ես բարձրաձայնում եմ, ինձ ասում են՝ ի՞նչ կապ ունի՝ ով ինչ ա լսում։ Դե որ կապ չունի, նշանակում է մենք մեր հասարակությանը լավ չենք ճանաչում, փողոցներում պետք է հետեւել մեքենաների բարձր երաժշտությանը, թե ոնց են, իրենց լեզվով ասած՝ տժժում։ Հայրենիքի, տեսակի պահպանման գիտակցությունը չկա։ Նստում ես տաքսի՝ թզբեհն ու խաչը կախած, մազերը չոլկա արած, բերանը բացած ու ամբողջ ճանապարհին քեզ ասում է, որ կարգին աղջիկ չկա, որի հետ ամուսնանա։ Ահա ինչ վիճակի մեջ ենք, ոչ ոք իրեն հայելու մեջ չի նայում»։  

Շահնազարյանն ընդգծում է, որ մեր միակ փրկությունը կրթությունն է․ «Նոր տարուն գրել էի, որ ձեր ազգային ծեսերով, սովորություններով արեք նոր տարին, ինձ գրում էին Ֆեյսբուքում, որ շատ փոքր ես, որ մեզ դաս տաս․․․ իհարկե, փոքր եմ, Կոմիտասն էլ էր փոքր։ Իսկ Կոմիտասն ասում էր՝ հեսա կփոխեմ այս ժողովրդին, ինքը կվերադառնա իր ակունքներին, թոթափելու է թույլ պատյանը եւ վերակենդանացման շավիղի մեջ է մտնելու։ Թումանյանն էլ ասում էր, որ մեր ժողովուրդը վերադառնում է արդեն իր արմատներին, նույնը նաեւ ասում էին Սիամանթոն, Վարուժանը, Աբովյանը։ Բոլորը գնացին դեմ առան պատին, այդ նույն ժողովուրդը նրանց ասաց այն, ինչ ինձ է հիմա գրում Ֆեյսբուքում, որ դուք շատ փոքր եք, որ մեզ դաս տաք, մենք գիտենք, թե ինչ ենք անում։ Մեր միակ փրկությունը մանկապարտեզն ու դպրոցն են, որ նորից ազգ ձեւավորվի, բայց այդ բանը չեն կարող անհատներն անել, դա միայն պետությունն է անում, պետք է պետական, ռազմական ծրագիր լինի, որպեսզի դրա դեմն առնվի։ Ոնց հասկանանք, որ մշակույթի նախարարությունն այսօր քարոզում է բարձր արժեքներ, «Ակունքին» էլ գովում են, բայց նույն պետական հեռուստատեսությունը ձեռք է առնում այդ երգերը, Կոմիտասին էլ՝ հետը։ Ընդ որում՝ ֆինանսավորվում են պետբյուջեից, եւ ոչ մի վերահսկողություն գոյություն չունի։ Էլի եմ կրկնում՝ վտանգված է հայկական քաղաքակրթությունը։ Օպերա, բալետ, սիմֆոնիկ երաժշտություն, Կոմիտաս․ սա կարծես ժողովրդի համար չէ եւ միշտ էլիտար մասսային է վերաբերում, ժողովուրդը, հասարակությունն ընդհանրապես կապ չունի մշակութային երեւույթների հետ, որովհետեւ ինքն իր ռաբիզը, մուղամը գրկած նստած է, եւ դրանից միակ փրկությունը կրթությունն է»։

Ըստ նրա՝ պատմությունը ցույց է տալիս, որ պարտվում են այն երկրները, որոնք իրենց մշակույթից նախապես հրաժարված են լինում․ «Հետպատերազմյան շրջանում էլ լինում է նույն վիճակը, իսկ եթե պահել են իրենց ինքնությունը, այդ պարտությունները ժամանակավոր են լինում, բայց հիմա վտանգված է հայկական քաղաքակրթությունը, ինձ մեկ-մեկ թվում է, որ ես հայության մեջ չեմ ապրում։ Դպրոցն ինչքան որ շեշտը դնում է գիտելիքի վրա, նույնքան էլ պետք է դնի դաստիարակության վրա, մի բան, որ բացակայում է դպրոցներում։ Գալիք տարվա հետ կապված իմ միակ մաղթանքը մեկն է՝ սթափվել եւ կրթությունը դնել նոր ռելսերի վրա, որպեսզի չկորցնենք հայկական քաղաքակրթությունը»։