Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու թիմերը շարունակում են շրջայցերը: Այս անգամ գործընկերներն ուղեւորվել են Գյումրի եւ այցելել բնակարանաշինության ծրագրով 2019-ին աջակցություն ստացած, վագոն տնակից ազատված ու կիսակառույցն ավարտին հասցրած ընտանիքներից մեկին: Թիմերն այստեղ են եղեն նաեւ աշնանը՝ կամավորության հիմունքով կիսակառույցի շինարարությանը մասնակցելու համար: Վեց ամիս անց, բոլորը դարձյալ միասին են. այս անգամ՝ բնակարանամուտ նշելու համար:
Գյումրիում բնակվող Թադեւոսյանների ընտանիքը 1988-ի երկրաշարժից հետո, տարիներ շարունակ՝ ստիպված է եղել ապրել վագոն-տնակում։ 32 տարի անց՝ ծանր ու դժվարին հիշողությունները մնացել են անցյալում։
«Այսքան տարիներ անց, վերջապես իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը։ Սեփական տուն ունենալը մեծ եւ սպասված իրադարձություն է մեր կյանքում։ Երկրաշարժից հետո, ստիպված էինք բնակվել վագոն-տնակում։ Իսկ այժմ սեփական տուն ունենք՝ բոլոր հարմարություններով։ Իմ եւ երեխաներիս ուրախությանը սահման չկա։ Անչափ շնորհակալ ենք», - ասել է Քրիստինան։
Բնակարանաշինության ծրագրով,  2019թ.-ին, Շիրակի մարզում կառուցվել, վերանորոգվել կամ գնվել է 5 տուն, իսկ համագործակցության տարիների ընթացքում՝ 12 տուն։ Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կարեւոր են համարում ծրագրի դրական ազդեցության բոլոր դրսեւորումները: Գործընկեր կառույցների ղեկավարներն արձանագրել են, որ բարեկեցիկ պայմաններով ապահովված ընտանիքները ձգտում են կիսախարխուլ վագոն-տնակներից ազատվել ոչ միայն հիշողությամբ, այլեւ ֆիզիկապես՝ դրանք ապամոնտաժելով:  
«Երբ վագոն-տնակում տարիների կյանքն անցկացրած ընտանիքը ոտքի է կանգնում եւ ոգեւորված ու եռանդով նոր էջ է բացում իր համար, ուրեմն երազելու ուժ ունի, եւ դա լավ է: Իսկ երբ այդ ընտանիքը ձգտում է տեսադաշտից հեռացնել նաեւ երկաթյա կացարանը, ապա կարող ենք ասել, որ հաջողել ենք բոլորս: Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին շրջանում կա այդպիսի արդյունք: Գյումրին տնակների քաղաք չպետք է մնա ո՛չ հիշողության մեջ, ո՛չ էլ ճարտարապետական տեսքի առումով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վագոն-տնակներում բնակվող ընտանիքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Երկրաշարժից ի վեր այս ընտանիքը բնակություն է հաստատել տնակում։ Երեք երեխաների մանկությունն անցնում էր մետաղական պատերի ներսում։ Մենք, Վիվա-ՄՏՍ-ի հետ, աջակցության ձեռք մեկնեցինք Թադեւոսյաններին։ Այժմ, երբ նրանք ավարտել են տան շինարարությունը, համոզված եմ, որ նոր տունն ուրախություն եւ լավ հիշողություններ կպարգեւի նրանց»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: