Հորդանանի թագավորի «անգլիական» այցը՝ Հայաստան

Հորդանանի թագավորի «անգլիական» այցը՝ Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին։ Կրճատ՝ Աբդալլահ Երկրորդը։ Սա Արմեն Սարգսյանի «դասավորած» հերթական բարձրաշխարհիկ միջոցառումն է՝ ի ցույց աշխարհի, ինչու ոչ՝ նաեւ ի ցույց ՀՀ քաղաքական ղեկավարության, որն ինքն ի զորու է Հայաստան բերել այնպիսի դեմքերի, որոնց հետ նույնիսկ հանդիպելը Հայաստանի իշխանությունների համար տիեզերք թռչելու պես մի բան է։ Ի դեպ, Արմեն Սարգսյանը կարծես թե լուրջ է տրամադրված «պաշտոնական այցով» տիեզերք մեկնելու եւ անկշռելիության պայմաններում մտքի հեղափոխության, կրոնական հանդուրժողականության եւ ձգողական ուժի վերաբերյալ ելույթներ ունենալու։

Իսկ մինչ այդ՝ նախ երեկ իր հարկի տակ ընդունեց Հորդանանի թագավորին, որը համարվում է Մուհամմադ Մարգարեի 41-րդ սերունդը եւ իսլամական աշխարհում բավականին ազդեցիկ ու հարգի կերպար է։ Թեպետ այդ նույն իսլամական աշխարհում եւ հենց իրենց երկրում՝ Հորդանանում, բոլորին քաջ հայտնի է նախեւառաջ Աբդալլահ Երկրորդի կինը՝ թագուհի Ռանիա ալ-Աբդուլան։ Նա բավականին բարձր հեղինակություն ու ճանաչում ունի աշխարհում, ազդեցիկ դեմք է համարվում Հորդանանում, նրա եղբայրները, ազգականները խոշոր բիզնեսներ ունեն Հորդանանում, զբաղեցնում են բարձր պաշտոններ եւ, կարելի է ասել, մեծ ազդեցություն ունեն երկրի քաղաքական կյանքում, պետական կառավարման համակարգում։

Այն աստիճանի, որ թագուհու եւ իր բարեկամների ակտիվությունն այդքան էլ դրական չի ազդում թագավորի՝ Աբդալլահ Երկրորդի հեղինակության վրա։ Բայց ինքը՝ թագավորը, պակաս ազդեցիկ ֆիգուր չէ՝ չհաշված կնոջ կամայականությունները։ Նախ նա զտարյուն հորդանանցի չէ, անգամ արաբերեն չի իմացել․ թագավոր կարգվելուց որոշ ժամանակ անց նոր սկսել է արաբերեն սովորել։ Նրա մայրենի լեզուն անգլերենն է, ընդ որում՝ բրիտանական անգլերենը։ Բանն այն է, որ Աբդալլահի մայրն անգլուհի է, եւ այնպես չէ, որ հենց նա պետք է դառնար Հորդանանի թագավոր։ Ըստ հաշեմական ընտանիքի օրենքների, եթե ծնողներից մեկն այլազգի է, չի կարող դառնալ թագավոր։ Աբդալլահ Երկրորդի հայրը՝ Նուր ալ-Հուսեյնը, 4 կին է ունեցել, որոնցից մեկն էլ՝ Մունա Ալ Հուսեյնը, վերոնշյալ անգլուհին, որից նա ունեցել է 2 որդի, նրանցից մեկն Աբդալլահ Երկրորդն է։ Աբդալլահ Առաջինը հենց նրան է անսպասելիորեն կարգել թագաժառանգ։ Վերջինս վայելում է Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, նաեւ հարեւան Իսրայելի աջակցությունը։ Եվ հենց նրանց ճշման ներքո կամ նրանց աջակցությամբ էլ նուր ալ-Հուսեյնը, Հորդանանի արքունական օրենքները շրջանցելով, իր որդի Աբդալլահ Երկրորդին կարգել է Հորդանանի թագավոր։ Այդ ընթացքում Աբդալլահ Երկրորդն ապրում եւ սովորում էր Անգլիայում՝ ստանալով զինվորական կրթություն, ապա ուսումը շարունակել է ԱՄՆ-ում։ Ասել է թե՝ Հորդանանի թագավորն ավելի շատ անգլիացի է, քան հորդանանցի։ Եվ «կես դրույքով» բրիտանացի Արմեն Սարգսյանն էլ Հորդանանի թագավորին, որքանով հասկացանք, ավելի շատ որպես անգլիացի է հրավիրել Հայաստան։ Նրանց ծանոթությունը թերեւս հենց անգլիական արմատներ ունի, ոչ թե արաբական։ Աբդալլահ Երկրորդը տեսքով էլ անգլիացու է նման։ Նա Արեւմուտքի «զավակն» է՝ արաբական աշխարհում, վայելում է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Անգլիայի հովանավորչությունը։ Պակաս դրամատիկ կերպար չէ նաեւ Աբդալլահ Երկրորդի քույրը, որը Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի կինն է։ Նա 2019-ի հուլիսին լքել է ամուսնուն, իր հետ վերցրել 60 մլն դոլար եւ փախել Անգլիա։ Սա՝ Հորդանանի թագավորի ընտանիքի մասով։ 

Իսկ ի՞նչ հարաբերություններ ունենք մենք Հորդանանի հետ։ Դրանք դժվար է համարել շատ սերտ, քանզի դեսպանություն չունենք՝ մեր դիվանագիտական կապն ապահովվում է Դամասկոսում գործող Սիրիայի դեսպանատան միջոցով։ Հայ համայնքը բավականին փոքրաթիվ է Հորդանանում՝ մոտ 5 հազար հայ, ասում են, ամենաանկազմակերպ համայնքներից է, որտեղ գուցե կան ազդեցիկ հայեր, բայց միասնական չեն։ Ուշագրավ է, որ Հորդանանի թագավորն անգամ մեր պատվո հյուպատոսի գործառույթները դեռ չի հաստատել։ Կա տեսակետ, որ կա 3 հայկական եկեղեցի, որոնցից վերջինի բացումը եղել է 2016-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Սակայն այն այսօր փակ է՝ չի գործում, դարձյալ ինչ-ինչ խժդժությունների պատճառով։ Մի խոսքով, հայերի մասով բավականին խնդիրներ կան Հորդանանում։ Բայց երեկ այդ մասին նախագահականում անցկացված հանդիպման ժամանակ խոսք չեղավ։ Հորդանանի թագավորն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսում էր Հայաստանի հետ բարեկամությունից, պատմում էր իր հույզերի մասին, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է եւ Հորդանանն է հիշեցնում։ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ սա պատմական այց է, եւ իր համար մեծ պատիվ է Հորդանանի թագավորին Հայաստանում հյուրընկալելը։ 

Առանձնազրույցի ժամանակ միակ կարեւորություն ներկայացնող խոսակցությունը եղել է Արմեն Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ։ Նախագահը նաեւ առաջարկել է 2 երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր ստորագրել։ Վերջում մի քանի ձեւական արձանագրում են արել՝ ապագային միտված, բարի ցանկությունների շարքից, որ «արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտներում»: Խոսվել է նաեւ ուսանողների փոխանակման ծրագրի եւ Երեւան-Ամման ուղիղ օդային հաղորդակցության մասին։