«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վերջին փորձերն է անում՝ մարդկանց մոլորության մեջ գցելու համար

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:
- Նիկոլ Փաշինյանի խոսույթում փոփոխություն է նկատվում: Կա տեսակետ, որ նա հոգեբանական հնարքների է դիմում եւ փորձում է հասարակության մոտ խղճահարություն առաջացնել: Ասում է, որ յոթ տարի նույն դասարանում է մնացել` քաղաքականապես, խոսում է իր թերացումների ու բացերի մասին, ուզում է ասել, որ գիտակցում է այն բոլոր սխալները, որոնք գործել է, եւ կարծես հանրության ներողամտությունն է հայցում: Սակայն իրականում` գլոբալ սխալների մասին չի խոսում, իր նշած սխալները կենցաղային մակարդակի սխալներ են, կամ` սխալվել եմ, որ ժամանակին չեմ ասել ձեզ այս մասին եւ այլն: Ի՞նչ հոգեբանական հնարքի է դիմում Նիկոլ Փաշինյանը:
- Մեկընդմիշտ պետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյան անունով արարածը երբեւէ կարող է մեղքի զգացում ունենալ եւ զղջալ ինչ-որ մի բանի համար: Նա ո՛չ ամոթ ունի, ո՛չ մեղքի զգացում, այդ զգացումները Փաշինյանի հետ անհամատեղելի են, հակոտնյա բեւեռներում են: Մարդու այս տեսակը քիչ է պատահում, դժբախտաբար, նա դարձավ մեր երկրի ղեկավարը, սակայն երբեք ու երբեք այդ տեսակը չի փոխվում, չի գիտակցում իր սխալը: Նա չգիտի, թե ինչ բան է ամոթը, խիղճը, մեղքի զգացումը, այնպես որ՝ եկեք բացառենք, որ այս մարդը կարող է փոխվել: Նա խաղալու, ինչ-որ դերի մեջ մտնելու մեծ ունակություն ունի: Այս ամենի նպատակն այն է, որ մարդկանց մոտ հարց առաջանա՝ իսկ գուցե զղջո՞ւմ է, գուցե վերջապես հասկացա՞վ, վերջապես խելքի՞ է գալիս: Համենայնդեպս, իր մտադրությունը դա է: Բայց յոթ տարվա հայ ժողովրդի տառապանքն արդեն փորձ ունի, եթե նա այս խոսույթով հանդես գար, օրինակ, երեք, չորս, հինգ տարի առաջ, գուցե հաջողվեր նրան մարդկանց մոտ հավատ ներշնչել: Ի վերջո, մարդիկ շատ տարբեր արդարացումներ էին բերում տեւական ժամանակ, ասում էին` Նիկոլը լավն է, թիմն է ապաշնորհ, Նիկոլը խեղճ տղա է` գրպանը գցեցին Արցախի հարցը, ասում էին` թողեք, թող աշխատեն, բայց այս յոթ տարիները բավարար էին խելամիտ զանգվածի համար, որպեսզի հասկանար, թե ինչ է կատարվում իրականում: Կան մարդիկ, ովքեր չեն ուզում իրենց դիրքորոշումներին դեմ դուրս գալ, սակայն միեւնույն ժամանակ արդեն չունեն հենարան՝ պրոնիկոլական դիրքորոշումներն արդարացնելու համար: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի աճպարարությունն այժմ ոչ միայն զզվանք է առաջացնում, այլեւ` զայրույթ: Նա վերջին փորձերն է անում՝ մարդկանց մոլորության մեջ գցելու համար: Մտածում է` ո՞վ գիտի, գուցե մինչեւ 2026 թվականն այնպես ստացվի, որ նախընտրական պայքարում կարողանամ հաջողել: Բայց իրականում մեղքի զգացում առաջացնելով՝ նա ոչ մի բանի չի հասնելու, որովհետեւ այս մարդն ու իր ոհմակը վաղուց սպառել են իրենց: Մանավանդ, արդեն իրենց պարզ դեմքով են սկսել հանդես գալ, այլեւս չեն էլ թաքցնում իրենց դավադիր նպատակները: Չեմ էլ ուզում անունը տալ, արտաքին գործերի նախարարի մասին է խոսքը, որը խայտառակ հայտարարություններով է հանդես գալիս` հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ կապ ունեն մեր ժողովրդի հետ, որ բոլորիս ճակատագիրն են որոշում: Այնքան բաց են արդեն գործում, որ անհնար է ծուղակն ընկնել: Չնչին մի տոկոս կարող է սրանց հետեւից գնալ: Դա այն զանգվածն է, որը չունի համապատասխան գիտելիքներ, մտածողություն, վերլուծելու կարողություն, այդ ամենի հետ մեկտեղ էլ սարսափելի եսակենտրոն զանգված է դա, սակայն նման մարդիկ շատ քիչ են: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ իրեն գժի տեղ դնելով, թեպետ երբեմն ծիծաղ է առաջացնում, գավառական թատրոնի դերասանի պես, սակայն արդյունքում գործ է անում, հանձնում է Հայաստանը, եւ սա շատ վատ նշան է: Նա անդադար դավաճանական քայլերի է դիմում, հայրենիք է հանձնում, նա թքած ունի մարդկանց կյանքերի վրա, ընկել ենք խելագար շրջապտույտի մեջ, որից օր առաջ պետք է դուրս գալ, հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցներով: Նայում ես դրա շարժուձեւին, լսում ես խոսքը, մտքերը, լրիվ այլասերված տրամաբանության մեջ են: Խոսում է գաղափարախոսությունից, այն դեպքում, երբ ունի շեղված տրամաբանություն, նա շատ լավ կատարող է եւ, ինչպես ինքն է խոստովանում` կարողանում է Թուրքիայի հետ արդեն այնպիսի քայլերի դիմել, որոնք երբեք ու երբեք մեր մտքով չէին կարող անցնել: Այնպես որ՝ այս կարգի մարդը չի կարող զղջալ իր արարքների համար: Նա շարունակելու է սրիկայաբար իր գործը շարունակել, ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու:
- Ըստ Ձեզ` Նիկոլ Փաշինյանն ադեկվա՞տ է: Լսելով նրա հայտարարությունները, երբեմն թվում է, թե կիսախելագար մեկի հետ գործ ունենք: Ասում է` ատամ մի լվացեք, մսով ճաշ մի կերեք, կերը գիրք է եւ այլն, հաճախ անգամ չի ընկալվում, թե ինչ է ուզում ասել:
- Նա ադեկվատ է: Նա այնպիսի բաներ է ասում, որ սուր զգացողություններ առաջանան, դրանք հիմնականում անիմաստ են ու ծիծաղելի, սակայն` շատ վտանգավոր: Նա դրա վարպետն է, բառախաղեր շատ է սիրում, բայց տակը բան չկա, դատարկություն է, փուչիկ: Նա փորձում է մարդկանց զբաղեցնել, ծիծաղեցնել, զզվեցնել, նյարդայնացնել, սակայն իր գործն անում է: Ես նրան համարում եմ ադեկվատ մարդ, նրա խնդիրը բարոյականության տիրույթում է, նա բարոյական զրո է, բայց պրակտիկորեն առողջ է, իրականության ընկալումներ ունի: Նա պատասխանատու է այն ամենի համար, ինչ արել է մեր հայրենիքի ու ազգի հետ: Նա ամեն ինչ հասկանալով է անում, սակայն բարոյապես հիվանդ է:
Կարծիքներ