Առաջիկայում պարզ կդառնա, թե ով ինչով է շահագրգռված

Առաջիկայում պարզ կդառնա, թե ով ինչով է շահագրգռված

Քաղաքական իշխանության հայտարարությունները բուհական ինքնավարության և ապաքաղաքականացման մասին ոչ միայն սին խոստումների հերթական շարքից էին, այլև հակառակ տրամաբանությամբ զարգացումներ ապահովելու հավակնության հայտ են ներկայացնում։ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ապօրինությունների շուրջ բարձրացված աղմուկը ոչ միայն չազդեց իշխանության կողմից նախաձեռնված գործընթացի վրա, այլև նախարարությունը ավելի «համակարգված» աշխատանք սկսեց տանել մի կողմից իրենց թիմակցի աղջկան, մյուս կողմից քաղաքացիական կնոջը ռեկտորի աթոռին բազմեցնելու համար։ «Համակարգված» բառը նշվել է չակերտների մեջ, քանի որ ԿԳՄՍ-ում թույլ տրված առերևույթ հանցագործությունների փաստի մասին արդեն հաղորդում է տրվել, իսկ խնդրի բարոյաէթիկական կողմի գնահատականները թողնում ենք ընթերցողին։ Նույն մոտեցումը որդեգրվել է նաև ԵՊՀ-ի պարագայում, երբ արդեն կուլիսներում որոշվել է, թե ով պետք է դառնա ռեկտոր, իսկ թե բուհական ինքնավարության մասին հայտարարությունները մոռացվե՞լ են, թե՞ ոչ, իշխանությանը չի հետաքրքրում։ 

Հատկանշական է, որ հեղափոխության օրերին, երբ Հանրապետության հրապարակում հայտարարվեց, որ համալսարանն այլևս նախագահի (նկատի ունեին երկրի առաջին դեմքին, ներկայումս` վարչապետին) առջև խոնարհվող կամ կռացող ռեկտոր չի ունենալու, խոստումը բառիս բուն իմաստով է որոշվել կյանքի կոչել, բայց բացասական իմաստով։ Այսուհետ նախարարի առջև խոնարհվելն է լինելու բավարար։ Հավաստի տեղեկություններ կան, որ Արայիկ Հարությունյանի ընտրությունը կանգ է առել Վահրամ Դումանյանի թեկնածության վրա, որը համալսարանում ամենաքաղաքականացվածն է, մասնակցել է ընտրություններին սկզբում որպես «Իմպիչմենտ» դաշինքի թեկնածու, այնուհետ անցում է կատարել «հանրապետական» վարչապետ Կարեն Կարապետյանի «ֆան ակումբ», սակայն միշտ եղել է նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի ընկերը։

Ավելին` ժամանակին նրա կաբինետը «Ռեստարտ» նախաձեռնության համար շտաբի և ծխարանի գործառույթ է իրականացրել։ Քաղաքական ակտիվիստին իշխանության կողմից ռեկտորի պաշտոնում առաջադրելը կանխատեսելի է, սակայն ունի որոշակի թերություններ։ Մեր կողմից հատուկ ուշադրության են արժանացել թեկնածուների ծրագրերը, կատարվել է համեմատական վերլուծություն, որոնց մասին կխոսենք հաջորդիվ։ Անհամբերությամբ սպասում ենք նաև ՀՊՏՀ ռեկտորի թեկնածուների ծրագրերին։ Այնպես որ առաջիկայում ակնհայտ կդառնա, թե ռեկտորների ընտրությունը կազմակերպվել է ծրագրային դրույթների գնահատմա՞մբ, թե՞ բոլորովին այլ հիմունքներով։ Դրանից էլ պարզ կդառնա, թե ով ինչով է շահագրգռված՝ բուհական զարգացման հեռանկարային ծրագրերո՞վ, թե՞ այլ բաներով։