Ալիևը նոր ընտրությունների է գնում «ԼՂ-ում հաղթանակի» էյֆորիայի մարման վախից․ ադրբեջանցի գործիչ
Տարիներ առաջ բռնաճնշումների սաստկացման պատճառով Ադրբեջանից հեռացած և Եվրոպայում բնակվող Ալի Քարիմլիի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախկին մամուլի քարտուղար Նաթիղ Ադիլովն անդրադարձել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու՝ Իլհամ Ալիևի որոշմանը։
Ադրբեջանի հայտնի քաղաքական և մեդիա ակտիվիստը նշել է, որ դա պայմանավորված է Ղարաբաղում «հաղթանակով» առաջացած ոգևորության ավարտի հետ կապված մտահոգությամբ, փոխանցում է Pars Today-ը։
«Ալիևը բոլորից լավ գիտի, որ հասարակության մեջ առկա հաղթական էյֆորիան և ոգևորությունը մարելու է, և մարդիկ նրա հետ հաշիվներ են մաքրելու՝ իրենց խնդիրների համար։ Դա պարզապես ժամանակի հարց է», գրել է Ադիլովը։
Հիշեցնելով, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն հաջորդ տարվա փետրվարի 7-ին, ինչպես նախորդ անգամ, ակտիվիստը շեշտել է, որ «երկրի քաղաքական համակարգը քայքայված է, ընտրությունները ժողովրդի կողմից ընդունելի չեն, քանի որ անցկացվում են կեղծիքներով: Նման ռեժիմների ճակատագիրը երբեք չի որոշվում ընտրություններով»:
«Երբ հասարակությունը, հատկապես նրա հիմնական մասը, կատարի իր առաքելությունը, տեղի կունենան իսկական արտահերթ ընտրություններ, և երկրում այս սև էջը կփակվի: Դա անպայման տեղի է ունենալու, բայց ինչքան ուշ լինի, այնքան թանկ կարժենա իշխող ընտանիքի և Ադրբեջանի համար»,-եզրափակել է ադրբեջանցի գործիչը։
Կարծիքներ