Տերյանի բանաստեղծությունն օգնեց հայտնաբերել հինավուրց հայկական վալսը

Տերյանի բանաստեղծությունն օգնեց հայտնաբերել հինավուրց հայկական վալսը

Վահան Տերյանի 100-ամյակի տոնակատարությունները 1985 թվականին նման չէին այսօրվա նմանատիպ միջոցառումներին, երբ երկրի ղեկավարը Ֆեյսբուքում մի բանաստեղծություն է արտասանում և … վերջ: 1985-ի հանդիսությունները տևեցին մինչև տարեվերջ և տոնվեցին ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում, Թբիլիսիում, Օրենբուրգում, Ջավախքում:  

Հայաստանում տեղի ունեցած միջոցառումների շարքում ուզում եմ հիշատակել ՀԳՄ և ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի երկօրյա գիտական նստաշրջանը, որտեղ «Տերյանի պոեզիայի երաժշտականությունը» զեկույցով հանդես եկավ Ալմաստ Զաքարյանը: Անվանի գրականագետը մասնավորապես անդրադարձավ Տերյանի հռչակավոր «Կարուսել» բանաստեղծության մեջ հիշատակվող «Անդարձ ժամանակ» վալսին և նկարագրեց, թե ինչ երկարատև և ահռելի ջանքեր է գործադրել՝ գտնելու համար այդ երաժշտությունը: Բայց... դա նրան չի հաջողվել:

Վահան Տերյանի 136-ամյակի կապակցությամբ, որոշեցի լուծել սովետահայ գրականագիտության համար հանելուկ դարձած խնդիրը: Օգնության եկավ համակարգիչն ու Համացանցը: Ինտերնետում փնտրեցի “вальс невозвратное время”  և … գտա՜ա: Ահա այդ վալսի երևի թե առաջին ձայնագրությունը՝  «Կոլամբիա» նվագախմբի կատարմամբ: Ձայնագրությունն արվել է 1900 –ականների սկզբին՝ Թոմաս Էդիսոնի հայտնագործած աշխարհում առաջին ձայնագրող սարքի՝ ֆոնոգրաֆի միջոցով:

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ 

Columbia Phonograph CO ընկերության ֆաբրիկայում արտադրված ձայնապնակի վրա հայտնաբերեցի անսպասելի գրառում՝ «Անդարձ ժամանակ»… «հայկական վալս»: Այդ գրառումը կատարված է 3 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և գերմաներեն: Այսինքն ի՞նչ, մենք հայերս չգիտե՞նք, մոռացե՞լ ենք, որ այդպիսի վալս ենք ունեցել՝ շատ գեղեցիկ մի ստեղծագործություն: Նույն ձայնապնակի վրա գրված է, որ, իբր, վալսի հեղինակն է ոմն Ռոզենբերգը: 

Քանի որ հրեա Նաթան Յոնթաթանն այդ վալսի մեղեդիի վրա, որը նա անվանել է ռուսական ժողովրդական երաժշտություն, իվրիտով գրել է բառեր և դարձրել հրեական հանրահայտ երգ, Իդելսոնգ անվան տակ հանդես եկող հեղինակն իր էջում հետաքննություն է անցկացրել և արտահայտել է տարակուսանք, թե ինչու է այդ վալսը կոչվում հայկական: 

Էջում նա ներկայացրել է թե Columbia Phonograph CO ընկերության ձայնապնակի, թե Ռոզենբերգի կողմից Պետերբուրգում հրատարակված  նոտաների ալբոմի առաջին էջի լուսանկարները: Վերջինում նույնպես, ոչ միայն գրված է, որ այդ վալսը հայկական է, այլև նկարված է խոտերի վրա պառկած մի հայ տղամարդ, որը երազկոտ հիշում է անցած-գնացած «անդարձ ժամանակի» մասին: 
Ի դեպ, երկրորդ անակնկալը: Այդ տղամարդը բավականին նմանություն ունի … Նիկոլ Փաշինյանի հետ: 

Ո՞Վ Է ԱՅԴ ՎԱԼՍԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Իդելսոնգը հայտնաբերել է ևս 2 անձի, որոնց վերագրվում է այդ վալսի երաժշտության հեղինակը լինելը:  

Առաջինը, Մեծ թատրոնի այն օրերի դիրիժոր Ֆ.Բոգուսլավն է, որի մահախոսականում գրված է, թե, իբր, հենց  նա է հեղինակել այդ վալսը: Ուրիշ ոչ ոք դա չի հաստատել: Երկրորդը՝ Ալեքսանդր Բերնարդի կրտսերն  է: 
Նրա, իբր, հեղինակ  լինելը նշված է վալսի նոտաների կիևյան հրատարակության առաջին էջում, որի լուսանկարը Իդելսոնգը զետեղել է: Այդ լուսանկարում նույնպես տեսնում ենք, որ վալսը  կոչվել է հայկական: Կա այդ նոտաների մեկ այլ հրատարակություն, որտեղ գրված է, որ վալսի հեղինակը Ա.Բերնարդին է: Դրա լուսանկարը նույնպես զետեղված է Իդելսոնգի էջում: Բայց Օդեսայում տպագրված նոտաների այդ տետրակում ևս «Անդարձ ժամանակը» համարվել է հայկական վալս:

Իդելսոնգը կարծում է, թե Բերնարդին ինքն է իր երաժշտությունն անվանել հայկական, քանի որ «սիրում էր իր ստեղծագործություններն օժտել էքստրավագանտ անուններով«: Բայց անհասկանալի է, ի՞նչ է, Բերնարդին այդ վալսին երկու անու՞ն է տվել, մեկը՝ «Անդարձ ժամանակ», մյուսը՝ «Հայկական վա՞լս»:
Ինչևէ, պարզ է մի բան: Այդ ստեղծագործությունը 20-րդ դարի սկզբներին հանրությանը հայտնի է եղել որպես հայկական վալս և եղել է շատ սիրելի: Եվ, միգուցե, ղրա հայկական լինելն էր պատճառը, որ Վահան Տերյանը հենց այդ վալսն է հիշատակել իր բանաստեղծության մեջ:

Գրիգոր Էմին-Տերյան