Հաջորդը լինելու է Նիկոլի երդմնակալությունը Թուրքիայում

Հաջորդը լինելու է Նիկոլի երդմնակալությունը Թուրքիայում

Մեր ականջները, սովորել, աչքերը հարմարվել են արդեն, վտանգավորը դա է։ Նիկոլը հինգ տարի թուրքական մուղամ է լսեցնում հայ ժողովրդին։ 2018-ին, երբ Նիկոլը բերվեց իշխանության, կպատկերացնեի՞ք, որ նա կգնա Էրդողանի երդմնակալությանը։ Հինգ տարվա մեջ նա կարողացել է նման բաները մեր ականջների ու աչքերի համար այնքան  սովորական դարձնել, որ հիմա քչերն են զարմանում, թե էս ի՜նչ թատրոնից է։ Մարդ է՝ գնացել, գնացել է։ Ի՞նչ անենք, մուրացկան, թշվառ, պարտված, ջնջխված մարդուն էլ կարող են հրավեր ուղարկել, այս անգամ՝ բարոյապես ոչնչացնել։ Եթե խոսքը Նիկոլ անհատի մասին լիներ, կարելի է նաև այդպես մտածել։ Բայց նա, ի դժբախտություն հայ ժողովրդի, ներկայացնում է Հայաստանը։ 

Այդ ամենով հանդերձ սարսափելին գիտե՞ք որն է։ Ոչ թե այն բանը, որ նա երդմնակալությանն է գնում, այլ այն, որ նա հայտարարում է, որ Արցախում ցեղասպանություն է սպասվում, մեր 120 հազար հայերին ցեղասպանելու են և նման հայտարարությունից հետո գնում ու սեղմում է ցեղասպանի ձեռքը։ Նա հայտարարում է, որ օկուպացրել են մեր տարածքները, բայց սիրահոժար գնում ու սեղմում է օկուպանտի ձեռքը։  Սա ի՞նչ է նշանակում, որ նույնիսկ իր կեղծ հայրենասիրական պոռթկումները պայմանավորված են հակառակորդի հետ՝ «հայերին կուտ տալու» սկզբունքով։ Էրդողանն ու Ալիևը գիտեն, որ առանց հեղծ հայրենասիրություն դրսևորելու, Նիկոլը չի կարող իրագործել իրենց ծրագրերը։ Եվ թույլ են տալիս մի քիչ խոսելու, ծավալվելու․․․

Սա է ամենավատթարը։ Երբ Հայաստանում գառան դիմակով Նիկոլ Փաշինյանը որս է անում։ Հայաստանը որսատեղի է դարձրել, մեր տարածքները թռչնաորսի նման հրամցնում է հակառակորդին, որին իր շուրթերով անվանում է ցեղասպանություն իրականացնող։ 

Հաջորդը լինելու է Նիկոլի երդմնակալությունը Թուրքիայում։ Մեր ականջները, սովորել, աչքերը հարմարվել են, էլ ի՞նչ պիտի լինի, որ զարմանանք։