Մենք հավակնոտ պրովինցիալներ էինք

Մենք հավակնոտ պրովինցիալներ էինք

1990-ի Երեւանը մտավորական քաղաք էր: Եւ կառավարության նիստերի դահլիճում, որտեղ նորընտիր Գերագույն խորհուրդն էր աշխատում, մտքերի եւ ոսկեղենիկ հայերենի մի շքահանդես էր, որ մնում էր միայն լռել եւ ունկրնդրել: Ի՜նչ կուռ տրամաբանությամբ էին փաստարկում, ի՜նչ բարձունքների էին հասնում մեկը մյուսին փոխարինող հռետորները, երբ քննարկման էր դրված անկախության Հռչակագիրը: Բարձրակարգ ինտելետուալների այդ կոհորտայի մոտ մենք՝ Արցախից ընտրվածներս, հավակնոտ պրովինցիալներ էինք: Բայց նրանք նրբանկատ էին: Չնկատելու էին տալիս մեր ագրեսիան կամ ընդամենը փորձում շտկել, մեզ բերել առաջնահերթությունների դաշտ, մասնակից դարձնել պետականաշինության դժվարագույն գործին: Ագրեսիվ պրովինցիալիզմը, սակայն,  մեր մեջ չափազանց ծանր էր նստած: Մենք չհասկացանք մտավորական Երեւանի զգուշավոր պրագմատիզմը: Չգնահատեցինք պրոֆեսիոնալիզմը: Մենք չկարողացանք Երեւանի մակարդակին հասնել, բայց տարիների հետ Երեւանը դարձրինք պրովինցիա: 

… Այսօր կյանքից հեռացել է Գերագույն խորհրդի իմ գործընկեր Երջանիկ Աբգարյանը: Նա մտավորական Երեւանի երդվյալ զավակն էր եւ ծանր տարավ իր քաղաքի պրովինցիալացումը: Դա մի ամբողջ սերնդի ողբերգությունն է, որ նա լուռ մարսեց հանուն Արցախի ապագայի:
Հիշատակն արդարոյ օրհնությամբ եղիցի՚
Ամեն: