Ո՞ւմ բողոքների հիման վրա են քրեական վարույթներ հարուցվել

Ո՞ւմ բողոքների հիման վրա են քրեական վարույթներ հարուցվել

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքների շուրջ նոր զարգացումներ կան։ Պարզվում է՝ ընտրությունից 17 օր անց քրեական վարույթներ են հարուցվել, այն էլ՝ երկուսը։ Դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Բացի այդ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Բրյուսովի անվան պետական համալսարանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ծանոթացել է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը․ «Այն առաջացրել է բուհի ռեկտորի եւ անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը։ Իրավիճակի վերաբերյալ այս պահին այլ մեկնաբանություններ չունենք»:

Այդուհանդերձ, կապ հաստատեցինք համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչ կեղծիքների մասին է խոսքը։ «Ինձ համար էլ դա նույնքան անակնկալ էր, ինչպեսեւ Ձեզ համար, ես ոչ մի տեղեկատվություն չունեմ։ Ու, իսկապես, զարմացած ենք, թե ինչի մասին է խոսքը գնում։ Ավել բան չեմ կարող ասել․․․»։ Ընտրությունից անմիջապես հետո հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից եղե՞լ են դժգոհություններ կամ բողոքներ։ «Ոչ, երբեւիցե․․․ երեւի տեսել եք պատրաստված ռեպորտաժը, որտեղ տիկին Անդրեասյանը՝ ինքը, Հ1-ին ասաց, որ ընտրված եմ․․․ ու հիմա չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»։ Ռեկտորը տեղյա՞կ է, թե ում կողմից է բողոքը եղել, ներսի՞ց է, թե՞ դրսից։ «Ընդհանրապես տեղյակ չեմ, նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը գնում․․․ քվեարկությունը եղել է փակ-գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ես 12 ձայն եմ ստացել, պարոն Գյուրջինյանը՝ 8 ձայն։ Մրցույթի արդյունքները դրվել են քվեարկության, հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է, եւ դրանով ավարտվել է նիստը»։

Ի դեպ, ռեկտորի ընտրության արդյունքները, որ սովորաբար հաստատվում են մի քանի օրում՝ վարչապետի կողմից, Բրյուսովի անվան համալսարանի պարագայում դեռեւս չեն հաստատվել, եւ նորընտիր ռեկտորը դեռ չի հրամանագրվել  իր պաշտոնում։  

Կ․ Հարությունյանը նկատեց, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունվարի 10-ին, եւ գուցե մինչ այդ հաստատվի վարչապետի կողմից․ «Քանի դեռ ժամկետը չի ավարտվել, ոչ մի եզրահանգում եւ ենթադրություն անել չենք կարող․․․»։

ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Բրյուսովի անվան բուհի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանից նույնպես հետաքրքրվեցինք, թե ում բողոքների հիման վրա են քրեական վարույթներ հարուցվել, եւ ինչ կեղծիքների մասին է խոսքը։ «Ինձ համար էլ է անհասկանալի, թե քրեական ինչ վարույթների մասին կարող է խոսք լինել, ուղղակի կռահում ունեմ Հանրային հեռուստաընկերության տարածած ռեպորտաժի հետ, որից անմիջապես հետո ես հերքել եմ, որ որեւէ հայհոյանք չեմ հնչեցրել համալսարանի տարածքում։ Բացի դրանից, ես հիմա աշխատում եմ իմ փաստաբանների հետ, եւ մոտ օրերս հայց ենք ներկայացնելու այդ ռեպորտաժի հետ կապված, քանի որ դա ակնհայտ եւ բացահայտ զրպարտություն է»։

Ընտրություններից հետո, այս 17 օրերի ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամներից որեւէ մեկը բողոք ներկայացրե՞լ է կամ դժգոհե՞լ է ընտրության եւ քվեարկության արդյունքների հետ կապված։ «Ոչ։ Հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն հաստատել են քվեարկության արդյունքները, հաշվիչ հանձնաժողովի նախագահը (ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը) ներկայացրել է հանձնաժողովի արձանագրած տվյալները, եւ հոգաբարձուների խորհրդի բոլոր 20 անդամները միաձայն հաստատել են արդյունքները։ Թե ինչի մասին է խոսքը, ես համալսարանի տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Ինչ վերաբերում է խուլիգանության այդ հոդվածին, ապա պետք է նորից նշեմ, որ Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված այդ ռեպորտաժը ծայրից ծայր հերյուրանք է, ես հենց ռեպորտաժից հետո եմ հերքել մամուլով, որ որեւէ հայհոյանք համալսարանի տարածքում չեմ հնչեցրել»։

Ակնհայտ է, որ իշխանությունները չեն հաշտվում Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ, իսկ դրա համար թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո գործի դրվեցին բոլոր հնարավոր տարբերակները։ Ընտրություններից մեկ օր առաջ «Հայկական ժամանակ»-ի կայքում՝ armtimes.com-ում, մի լուր հրապարակվեց՝ «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասներ են հասցվել կրթական հաստատությանը» վերնագրով: Խոսքը ՊՎԾ ստուգումների մասին էր, որին 5 օր անց համալսարանն անդրադարձավ ծավալուն կերպով՝ նշելով, որ «ՊՎԾ ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն»։ Ի դեպ, ՊՎԾ ստուգումների առնչությամբ դեռ վերջնական որոշում չկա, այս դեպքում եւս վերջնական որոշումը պետք է կայացնի վարչապետը։

Ի՞նչ է ստացվում․ Բրյուսովի անվան համալսարանը դարձել է փոքրիկ ոսկոր իշխանությունների կոկորդում, որը ոչ մի կերպ չեն «մարսում», ամենայն հավանականությամբ՝ հենց դրանով էին պայմանավորված ռեկտորի ընտրությունից անմիջապես հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի (ում թեկնածուն էր Դավիթ Գյուրջինյանը) եւ փոխվարչապետ, Բրյուսովի անվան բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթեւոսյանի հրաժարականները։ Ու քանի որ օրինական ճանապարհով չկարողացան կասեցնել բուհի միասնական ընթացքը, քրեական գործեր հարուցելով են փորձում կազմաքանդել ու կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, որի հետ կապված՝ մինչ այս պահը դեռ ոչ մի բողոք եւ դժգոհություն չէին հնչել։