«Հրապարակ». Եթե անգամ Հյուսիսային պողոտայում տուն առաջարկեն՝ Ոսկեպարից դուրս չի գա

«Հրապարակ». Եթե անգամ Հյուսիսային պողոտայում տուն առաջարկեն՝ Ոսկեպարից դուրս չի գա

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում օդը ծանր է՝ առաջիկա աղետի սպասումից։ Փաշինյանը, որ վերջին անգամ Ադրբեջանի հետ սահմանակից ոսկեպարցիներին ասել էր՝ գյուղերը չտանք, պատերազմ կլինի, Ադրբեջանը Տավուշից կհարձակվի, Թուրքիան՝ Արմավիրից, գնացել է Երեւան ու հետ չի վերադառնում, ո՛չ պատերազմ սկսվեց, ո՛չ ինքն է գալիս։ 

«Թշնամուն ոչ մի թիզ հող չունենք զիջելու։ Մենակ Նիկոլ Փաշինյանի որոշելով չի, մենք էստեղ 7-րդ դարի եկեղեցի ունենք, տուն ունենք, հող ունենք, չենք պատրաստվում զիջենք թշնամուն»,- ասում է ոսկեպարցի մի երիտասարդ։  
85-ամյա Խաչիկ պապը Ոսկեպարի հնաբնակներից է, բավական է տանը կախված հնամաշ լուսանկարներին նայես՝ արդեն պարզ է, ուղնուծուծով այս հողի ծնունդ է։ Տեսնելուն պես, սուրճ խմելու է հրավիրում, տան պատերի հարյուր տարվա վերքերն է ուզում ցույց տալ, որ սիրտը մի քիչ թեթեւացնի։ Ադրբեջանցիների բացած անկանոն կրակից է տունն այս օրն ընկել։ Ամեն անկյունում մի ճաք կա։ 1991-1992 թվականներին են ադրբեջանցիները Խաչիկ պապի տունը ասկոլկեքով պատել։ Ասում է՝ թշնամին նույնն է, երբ խելքներին փչի, նորից կկրակի։ 

Հիշողությունը չի դավաճանում Խաչիկ պապին, չնայած տարիքին՝ ամեն ինչ էլ հիշում է սովետական տարիներից, ադրբեջանցիների հետ հարեւանություն են արել նույն խաղի կանոններով՝ Սովետի կանոններով։ Հիմա էդ կանոնները չկան, պիտի քո խաղի կանոններով առաջնորդվես։ 

«Ասյա, Ասյա»,- կնոջն է կանչում։ Ոսկեպարում մի ողջ կյանք է ապրել 75-ամյա կնոջ՝ Ասյայի հետ, գյուղից դուրս գալ չի ուզում, եթե անգամ Հյուսիսային պողոտայում տուն առաջարկեն՝ կապիտալ վերանորոգված, կոմունալ ընտիր հարմարություններով, չի գնա։ Խաչիկ պապն իր տունն է սիրում, էս տանն իր պապերն են ապրել, օդը հայկական է, հողը հայկական է։

«Իմ տունն էստեղ ա, թող ճոռո խոսողները գան այստեղ ապրեն, տուն էլ ենք տալիս, հաց էլ։ Մեր հողից մի թիզ անգամ չենք տա»։ Նա Տավուշի չորս գյուղերի հայկական լինելը կասկածի տակ դնող Ալեն Սիմոնյանին է Ոսկեպար կանչում։ «Ալեն Սիմոնյանն ասել ա՝ Ոսկեպարը Հայաստանի գյուղ չի։ Տո շան տղա, ո՞նց ես ասում, որ հայկական չի»,-զայրանում է ոսկեպարցին։

Խաղաղություն ո՞վ չի ուզում՝ քթի տակ խոսում է Խաչիկ պապը, բայց ի՞նչ գնով։ «Մենք գիտենք, թե մեր հողերն ու սահմանները որտեղ են։ Ադրբեջանցիները մեր հողերը կտա՞ն։ Բերքաբերի մեր հողերն իրենց մոտ են։ Եթե համաձայն չեն, թող ձեռք քաշեն, իրենցը՝ իրենց, մերը՝ մեզ։ Ես մտածում եմ՝ իմ պապի, մոր, հոր, ախպորս գերեզմանը չգան քանդեն»,- խորը հոգոց է հանում 85-ամյա ոսկեպարցին։ Հանգստյան օրերին Ոսկեպարում խոսում էին, որ Նիկոլ Փաշինյանն Իջեւանում է՝ թե ինչու չմտավ Ոսկեպար, տեղացիների համար պարզ է։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած վերջին այցելության ժամանակ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի եւ հարակից այլ բնակավայրերի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե չտա Տավուշի 4 գյուղերը, պատերազմ կլինի։ Պաշտոնական Բաքուն Հայաստանից պահանջել է անհապաղ ազատել եւ զորքերը հետ քաշել Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գյուղերից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս գյուղերը հայկական չեն՝ ադրբեջանական են, եւ պետք է հանձնենք Ադրբեջանին, իսկ մեր հողերը, որ նրանց տնօրինության տակ են, շարունակելու է տնօրինել Ադրբեջանը, դրանք մեզ հանձնելու մասին խոսակցություն չկա։ Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այսպիսի անուններով գյուղեր չունի՝ ըստ էության, հայտարարելով, որ դրանք ադրբեջանական են։

Մանրամասն՝ տեսանյութում