Թվով երրորդ հրադադարը․ միջազգային մամուլի անդրադարձը

Թվով երրորդ հրադադարը․ միջազգային մամուլի անդրադարձը

Երևանի ժամանակով այսօր առավոտյան ժամը 08։00-ին ուժի մեջ մտավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնությունը։ Օտարերկրյա մամուլը նույնպես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, իրավիճակին։

Իրանական «ԻՌՆԱ» (IRNA) լրատվական գործակալությունն իր «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն․ Բաքուն, Երևանը հիասթափված են արևմտյան լուծումներից» (Nagorno-Karabakh conflict; Baku, Yerevan disappointed with Western solutions ) վերտառությամբ հոդվածում  (հրապարակման ժամը 11։05) գրել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանա-հայկական հակամարտությունը գնալով վատթարանում է և վերահսկողությունից դուրս է գալիս, միևնույն ժամանակ երկու կողմերը հիասթափված են արյունահեղությունը դադարեցնելու արևմտյան լուծումներից:

Հոդվածագիր Սաֆար Սարաբին նշել է, որ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ «երկու հարևան երկրների միջև հակամարտությունը շարունակվում է, մինչդեռ, կարծես, ոչ մի կողմ չի ցանկանում հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերել: Տարածաշրջանային երկրներն անհանգստացած են, որ հակամարտությունը կարող է արագորեն շղթայական կերպով տարածվել ամբողջ տարածաշրջանի վրա` ստեղծելով անբարենպաստ հումանիտար ճգնաժամ»:

Այնուհետև անդրադառնում է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար ձևավորված Մինսկի խմբի ստեղծմանը՝ որպես ստեղծող ներկայացնելով «Արևմտյան կառավարություններին»։ «Հարցն այն է, թե ինչու Արեւմուտքը չկարողացավ վերջ տալ այս հակամարտությանը, չնայած բարեխղճության որոշ ժեստերին: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Արևմուտքը չունի անհրաժեշտ վճռականություն` օգնելու գտնել հակամարտության կարգավորումը, և քայլ չի ձեռնարկել Կովկասում կայուն խաղաղության նպատակով ճանապարհային քարտեզ կազմելու համար: Նրանք պնդում են, որ Բաքվի և Երևանի հակամարտությունը որոշ քաղաքական հնարավորություններ է տալիս արեւմտյան տերություններին ընդլայնելու իրենց ներկայությունը և ազդեցությունն այս տարածաշրջանում»,- եզրափակել է Սարաբին:

Եվրոպական «Եվրանյուզ» (Euronews) հեռուստաալիքի կայքն իր  «Լեռնային Ղարաբաղ. Նոր հրադադարը գործի դրվեց, բայց Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրում են խախտումների մեջ» (Nagorno-Karabakh: New ceasefire struck but Azerbaijan and Armenia accuse each other of breaches) վերնագրով հոդվածում  (հրապարակման ժամը 08։00)  գրել է, որ կիրակի Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորման հետ և համաձայնվեցին չորս շաբաթ տևած ռազմական գործողություններից հետո հրադադար հաստատելու երրորդ փորձի հետ:

Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ անմիջապես մեկը մյուսին մեղադրեցին վերջին համաձայնությունը խախտելու մեջ՝ միաժամանակ պնդելով, որ իրենք հարգում են այն: |Շարունակում է «Եվրանյուզը» հղում անելով՝ ֆրանսիական «Ֆրանս-Պրես» գործակալությանը (AFP -  Agence France-Presse): «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին մեղադրեց Թարթառ քաղաքը և հարակից գյուղերը ռմբակոծելու մեջ, միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը դատապարտեց հակառակորդի հրետանային կրակը իր դիրքերի ուղղությամբ»: 

Նշենք, որ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Մարտունի քաղաքի վրա Ադրբեջանը կիրառել է ռազմական ավիացիա։

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում Ռուսաստանի միջնորդությամբ երկու նախորդ զինադադարին, որոնք նունպես չպահպանվեցին․ «Երկու կողմերն էլ միմյանց մեղադրեցին խախտումների մեջ»:

«Եվրանյուզը» նաև գրել է, թե «Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում, բայց Հայաստանի կողմից աջակցվող էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ է այն ժամանակվանից ի վեր, երբ այնտեղ պատերազմն ավարտվեց 1994-ին»: 

«Չորս շաբաթվա ռազմական գործողությունները մտահոգություններ են առաջացրել ընդլայնված հակամարտության մասով, որում ներգրավված են Թուրքիան, որն իր աջակցությունն հայտնել Ադրբեջանին, և Ռուսաստանը, որը Հայաստանի հետ անվտանգության պայմանագիր ունի:

Սա անհանգստացրեց նաև Իրանին, որը սահմաններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ: Իրանը երբեմն դժգոհություն է հայտնել «թափառող» ականներից և հրթիռներից, որոնք մարդկանց են վիրավորել և վնասել շենքերը սահմանամերձ գյուղական բնակավայրերում:

Իրանի հեղափոխական գվարդիան կիրակի օրը հայտարարել է, որ իր ցամաքային զորքերի ստորաբաժանումներ է տեղակայել ռազմական գործողությունների գոտու մոտակայքում գտնվող սահմանին, հաղորդում է երկրի պետական ​​ռադիոն: Գվարդիայի ցամաքային զորքերի ղեկավար, գեներալ Մոհամմադ Պակպուրը ասաց, որ Իրանը չի ընդունի որևէ գործողություն, որը խախտում է տարածաշրջանում իրանցիների անվտանգությունն ու խաղաղությունը»,- գրել է կայքը:

Euronews-ը նաև հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից։ «Հրադադարը չի կարող առանց պայմանների լինել: Զինադադարը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը հայտարարի իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու մասին», - գրել է «Եվրանյուզը»՝ մեջբերելով Ալիևի կիրակի օրվա հայտարարությունից մի հատված:

«Այս հարցը լուծելու համար մեզ փոխզիջումներ են պետք: Ամեն անգամ, երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ցանկացած զիջման գնալու համար, Ադրբեջանը հանդես է գալիս նոր պահանջներով, նոր պայմաններով», - Փաշինյանի կիրակի օրվա հարցազրույցից մի հատված է հրապարակել կայքը։ 

«Ռոյթերս» (Reuters) միջազգային լրատվական կազմակերպությունը «Լեռնային Ղարաբաղում նոր մարտերը սպառնում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող զինադադարին» (Renewed fighting in Nagorno-Karabakh threatens U.S.-backed truce) հոդվածում գրել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը երկուշաբթի օրը միմյանց մեղադրեցին Լեռնային Ղարաբաղի լեռնային անկլավի վրա մղվող մարտերում ԱՄՆ միջնորդությամբ հրադադարը խախտելու մեջ՝ կասկածի տակ դնելով մեկամսյա բախումների դադարեցման վերջին միջազգային ճնշումը»։ Այստեղ «Ռոյթերսը» Լեռնային Ղարաբաղը ներկայացնում է իբրև «լեռնային անկլավ» (the mountain enclave)։ 

«Ռոյթերս»-ն անդրադարձել է նաև երրորդ զինադադարն ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունների հայտարարություններին։ 

Այս դեպքում լրատվական կազմակերպությունն օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություն» (The Nagorno-Karabakh defence ministry) ձևակերպումը․ «Մի քանի րոպեի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայկական ուժերը գնդակոծել են Թարթառի և Լաչինի շրջանների գյուղերը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքեց դա և հայտնեց, որ ադրբեջանական ուժերը հրթիռային հարված են հասցրել շփման գծի հյուսիսարևելյան կողմի հայկական ռազմական դիրքերին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 9.10-ին»:

«Վերջին մարտերը Լեռնային Ղարաբաղում (էթնիկ հայերի կողմից բնակեցված ու վերհսկվող Ադրբեջանի լեռնային հատվածում) բռնկվել են սեպտեմբերի 27-ին և ամենածանր են Հարավային Կովկասում 1990-ականներից ի վեր: Ռուսական միջնորդությամբ հրադադարը չի հաջողվել պահպանել»: Այս դեպքում «Ռոյթերսը» Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես «Ադրբեջանի լեռնային հատված»։

«Համաշխարհային տերությունները ցանկանում են կանխել ավելի ընդլայնված պատերազմը, որ կարող է տեղի ունենալ Թուրքիայում, որն ամուր աջակցություն է հայտնել Ադրբեջանին, և Ռուսաստանը, որը Հայաստանի հետ պաշտպանական պայմանագիր ունի: Հակամարտությունը նաև սրել է Անկարայի ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների միջեւ հարաբերությունները»,- գրել է Reuters-ը։

Կազմակերպությունը նաև նշել է, որ Լեռնային Ղարբաղը հայտարարել է 974 զոհի մասին, որ եղել է սեպտեմբերի 27-ից ի վեր, սակայն «Ադրբեջանն ասում է, որ 65 ադրբեջանցի քաղաքացիական է սպանվել, բայց չի հայտնել իր ռազմական զոհերի մասին»։

«1991-94 թվականներին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում զոհվեց շուրջ 30 000 մարդ: Հայերն անկլավը համարում են իրենց պատմական հայրենիքի մի մասը, Ադրբեջանցիները համարում են, որ դա անօրինական կերպով գրավված հող է, որը պետք է վերադարձվի իրենց վերահսկողության տակ»,- եզրափակել է «Ռոյթերսը»։

Ֆրանսիական «Լը Մոնդ» (Le Monde) օրաթերթը ««Սա տոտալ պատերազմի իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում». Հայաստանը փորձում է գրավել միջազգային հանրության ուշադրությունը» (« C’est une situation de guerre totale dans le Haut-Karabakh » : l’Arménie tente d’attirer l’attention de la communauté internationale) հոդվածում  գրում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում վիրավորվածները, որոնց մեծ մասն իրենց քսան տարեկան հասակում են, շարունակում են ընդունվել Էրեբունի հիվանդանոց, որը Հայաստանի մայրաքաղաք Երևանում ամենամեծն է: «Նրանց 90%-ը ձեռքի և ոտքերի հատուկ վնասվածքներ ունի կասետային զինամթերքից, կան բազմաթիվ անդամահատումներ», - մեջբերում է վիրաբույժ Միքայել Մանուկյանի խոսքերը «Լը Մոնդը»: 

Ֆրանսիական թերթը գրել է, որ ինտենսիվ թերապիայի երկու բաժանմունքները լիքն են, ամբողջ հաստատությունում հարյուրավոր մահճակալներ զբաղված են․ «Դեմքերը մռայլ, ընտանիքները լուռ սպասում են միջանցքներում: Մյուսները ոչինչ չգիտեն իրենց սիրելիների ճակատագրի մասին»: Թերթը նաև անդրադարձել է հրադադարի, հակամարտության վերաբերյալ արված հայտարարություններին, 1990-ականների պատերազմին։