Ընդդիմությանը «փչացնելու» նուրբ «արվեստը» 

Ընդդիմությանը «փչացնելու» նուրբ «արվեստը» 

Ցանկացած երկրում ցանկացած իշխանության անհրաժեշտ է ընդդիմություն՝ փառքից գլուխը չկորցնելու եւ սխալներից խուսափելու համար: Ընդդիմության գործն իշխանությանը քննադատելն է, սխալների մասին բարձրաձայնելը, աղմկելը՝ վերջնարդյունքում նպատակ ունենալով գահընկեց անել այդ իշխանությանը եւ վերցնել իշխանությունը՝ նայած թե որքան մեծ են տվյալ իշխանության սխալներն ու մեղքերը: Իշխանություններն ընդդիմության դեմ պայքարելու եւ նրան դիմակայելու տարբեր գործիքակազմեր ունեն՝ բռնություններից, ֆիզիկապես նրան ոչնչացնելուց մինչեւ բարոյապես փչացնելը: ՀՀ-ն իր «էվոլյուցիայի» ընթացքում անցել է այս բոլոր փուլերով… 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց ընդդիմադիրների նկատմամբ բռնություններ, բիրտ ուժ կիրառելու «ավանդույթի» հիմքը: 1996-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի առաջնորդությամբ դուրս եկավ փողոց, սկսվեց ծեծել-ջարդել «օպերացիան»։ Բռնությունների ենթարկվեցին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ ու ցուցարարներ։ 96-ի նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո գործում էր հանրահավաքների արգելքը, անվտանգության ուժերի աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստներով, ծեծում էին անգամ այն անցորդներին, որոնք հայտնվում էին  «կասկածելի» վայրերում: Այդ շրջանում տեղի ունեցան նաեւ քաղաքական սպանություններ:

Ըստ հասարակական կազմակերպությունների կազմած զեկույցի՝ Հայաստանի նորանկախ պատմության ամենաարյունալի տարին եղել է 1992 թվականը. «1992 թվականին տեղի է ունեցել 166 սպանություն, որոնք չեն բացահայտվել: Դրանցից շատերը քաղաքական սպանություններ էին, որոնք եւս մնացել են չբացահայտված։ Սպանվել են հրամանատարներ, քաղաքական, քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք դեմ էին օրվա ՀՀՇ-ական իշխանություններին»։ Հանուն արդարության նշենք նաեւ, որ շատ բան առանց երկրի նախագահի իմացության էր կատարվում, եւ նա շատ դեպքերում ուղղակի իրավիճակին չէր տիրապետում․ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Տեր Հուսիկ Լազարյանը, Էդվարդ Եգորյանը, Հրանտ Բագրատյանը եւ ուրիշներ երբեմն ավելի ազդեցիկ էին տարբեր ոլորտներում եւ ինքնուրույն որոշումներ էին կայացնում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես տանել չէր կարողանում ընդդիմադիրներին: Տարաբնույթ սպանություններ եղան նաեւ նրա օրոք, որոնք չբացահայտվեցին: Շատերը նշում են 2008-ի մարտի 1-ը, բայց դա այլ խնդիր էր. նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության իրավապահները չկարողացան բացահայտել, թե ով է կրակել մարտի 1-ին, ով է նման հրաման արձակել… Ոմանք դա համարում են 2018-ի գունավոր հեղափոխության նախերգանքը: Քոչարյանի օրոք նաեւ լրատվական դիկտատուրա սահմանվեց. փակվեց ընդդիմադիր հեռուստաընկերություն «Ա1+»-ը, խիստ վերահսկվում էր եթերը: Անգամ կաբելային ՀԸՌ-ների եթերից իշխանության հասցեին հնչող թեթեւ խոսքին հաջորդում էր «վերեւներից» հնչող կոպիտ զանգը…: 

Սերժ Սարգսյանը, ի տարբերություն նախորդների, ավելի փափուկ էր. նա ընդդիմադիրներին վերացնելու, ծեծելու կամ բռնությամբ լռեցնելու փոխարեն նախընտրում էր նրանց «փչացնել»՝ գնել, վարկաբեկել, ներքին պառակտում հրահրել: Շախմատն իր գործն անում է։ Իհարկե, Սարգսյանի օրոք նաեւ քաղաքական բռնություններ են եղել: Բռնություններ ցուցարարների նկատմամբ, ոստիկանական բիրտ ուժի կիրառում: Սակայն անհամեմատելի էին նախորդների հետ։ Սարգսյանը նաեւ այդքան անհանդուրժող չէր իրեն քննադատող մամուլի նկատմամբ: Փոխարենը կարելի է երկար թվարկել, թե ինչպես էր գլխավոր «շախմատիստը» փչացնում ընդդիմադիրներին՝ Գագիկ Ծառուկյանին, Արթուր Բաղդասարյանին, Վիկտոր Դալլաքյանին։ Նա նաեւ մեծ սեր ուներ դոսյեներ հավաքելու նկատմամբ՝ պոտենցիալ «ընդդիմադիրացուներին» թույլ էր տալիս տարբեր հանցանքներ ու զանցանքներ գործել՝ տնտեսականից մինչեւ քրեական, հետո այդ կոմպրոմատներն օգտագործում էր հարմար պահին: Երբ տվյալ մարդը որոշում էր մի փոքր ընդդիմանալ, թղթապանակը դրվում էր նրա առջեւ՝ կա՛մ օրենքով պատասխանատվության ենթարկվել, կա՛մ՝ հանգիստ նստել տեղը… Ու այսպես Սերժ Ազատիչը ստեղծեց իր «հագով» ընդդիմություն՝ ի դեմս «Ելք» դաշինքի՝ Էդմոն Մարուքյանով ու Նիկոլ Փաշինյանով, որոնք «թունդ» ընդդիմություն էին խաղում ԱԺ-ում, եւ «Ելք»-ով փոխարինեց Տեր-Պետրոսյանի թիմին: Հասարակությունը շատ ավելի ուշ իմացավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից, որ իշխանական ընտանիքն այդ ողջ շրջանում վճարել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին՝ «Հայկական ժամանակին» ուղղված «դոտացիաների» տեսքով։ Պաշտոնական պայմանավորվածությունը եղել է՝ իշխանական ընտանիքի անդորրը չխանգարել…

Նիկոլ Փաշինյանը, լինելով ճկուն մանիպուլյատոր եւ լավ աշակերտ, չնայած իշխանության եկավ դեմոկրատիայի լոզունգներով, բայց արագությամբ յուրացրեց, շատ հարցերում նաեւ «ժառանգեց» իր նախորդների որոշ սովորույթներն ու մարտավարությունը: Նա, լինելով ՀՀՇ-ի քաղաքական զավակը, ժառանգել է Տեր-Պետրոսյանի անտարբերությունը մարդկանց եւ հասարակության նկատմամբ եւ պատրաստ է ոտքի տակ տրորել բոլորին, ով կխանգարի իրեն։ Հաջորդ նախագահների նման՝ ամբողջ երկիրը դարձրել է ոստիկանապետություն. ոստիկանների մահակն այսօր ամենակիրառվող գործիքներից է երկրում, եւ անգամ ԱԺ դահլիճում են համազգեստավոր մարդիկ կարգուկանոն հաստատում, նույնիսկ պատերազմում զոհված տղաների մայրերին, կանանց չի խնայում: Բայց Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, ով հրապարակավ բռնության կոչեր եւ սպառնալիքներ է հնչեցնում. պատերին ծեփելուց, ասֆալտին փռելուց մինչեւ «շինել», մուրճը նրա քարոզարշավի սիմվոլն էր: Ցանկը կարելի է երկար շարունակել: Բայց նաեւ Սերժ Սարգսյանից է ժառանգել ընդդիմադիրներին փչացնելու «նուրբ արվեստը»: Նա կոմպրոմատներ ունի ոչ միայն իր քաղաքական հակառակորդների, այլեւ հենց իր թիմակիցների նկատմամբ, ըստ որոշ աղբյուրների՝ անգամ անձնական կյանքին առնչվող տեսաձայնագրություններ, որոնցով վախի մեջ է պահում, զսպում շատերին: Թիմակիցների նկատմամբ էլ կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահումների հետ կապված կոմպրոմատներ կան, ուստի հազիվ թե ՔՊ թիմի ներսում նրա դեմ ընդդիմություն հասունանա: Իսկ իշխանության մաս չկազմող ընդդիմադիրների մեծ մասն էլ նախկին պաշտոնյաներ են, որոնց վրա գործ հարուցելը մեր օրերում ամենահեշտ բանն է։ Հետեւաբար՝ նրանք էլ են կառավարելի: Այն, որ մինչեւ հիմա ընդդիմությունը չի կարողացել Փաշինյանին հեռացնել իշխանությունից, հիմնավոր պատճառներ ունի։ Բռնապետ, «շախմատիստ», կարմիր գծեր չունեցող Փաշինյանը հեշտությամբ չեզոքացնում է իր ընդդիմադիրներից ու ընդդիմախոսներից շատերին: 

ՀԳ․ Մեկ հետեւություն․ Հայաստանում շատ արագ պետք է ձեւավորվի նոր ընդդիմություն՝ չարատավորված, անխոցելի, ազնիվ ու նվիրյալ մարդկանցից, որոնք չեն վախենում կոմպրոմատներից, չեն ծախվում, եւ որոնց փչացնել հնարավոր չէ։