Ինչու չեն կալանավորել Նոր Նորք վարչական շրջանի դեկավարին

Ինչու չեն կալանավորել Նոր Նորք վարչական շրջանի դեկավարին

Ազգային ժողովում  քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին մի շարք հարցադրումներ ուղղեց՝ կապված հատկապես ԱՆԻՖ հիմնադրամի գործի և քննչական մարմնի՝ տարբեր գործերի նկատմամբ ցուցաբերած մոտեցումների հետ։

Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչու մինչև այսօր որևէ անձ չի ներգրավվել որպես մեղադրյալ ԱՆԻՖ-ի՝ պետական ֆինանսավորմամբ գործող հիմնադրամի գործով։ Նա հիշեցրեց, որ ԱՆԻՖ-ը կառավարության հսկողության ներքո գտնվող կառույց է, և այդպիսով նրա գործունեության համար պատասխանատվությունը կրում է գործադիրի ղեկավար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորը նաև հարցրեց՝ արդյոք Փաշինյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակում։

Բացի այդ, Գրիգորյանը քննադատեց Քննչական կոմիտեին՝ մատնանշելով տարբեր գործերի նկատմամբ տարբերակված մոտեցումը։ Մասնավորապես, նա դժգոհեց, որ Մարդուն խմբակային ծեծի ենթարկած վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ կալանավորման միջոց չի կիրառվել, մինչդեռ վիրավորանքի հիմքով Լիլիթ Աղեկյանը և ակտիվիստ Սամվել Վարդանյանը կալանավորվել են։

Ի պատասխան՝ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ծեծը համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, այդ պատճառով համապատասխան կալանք չի կիրառվել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ։ Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ի գործով վարչապետի հնարավոր հարցաքննությանը՝ Պողոսյանը այդ հարցը շրջանցեց՝ չտալով հստակ պատասխան։