Երդվյալ նպաստողներ և պաղպաղակ

Երդվյալ նպաստողներ և պաղպաղակ

Բանից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների երդման արարողություն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օրակարգում չի եղել: Նախագահականի իմ աղբյուրը՝ Ռուզան տոտան, պատմում է, որ Արմեն Սարգսյանն այդ գիշեր տուն չի գնացել: Չգիտեմ որ երկրից ուշ ժամի հասել է Երևան, մտել նախագահական, պորտֆելը դրել սեյֆը, պառկել է բազմոցին ու այդպես շորերով էլ քնել: Համենայն դեպս, առավոտ շուտ, երբ Ռուզան տոտան եկել է գործի, նախագահին այդ վիճակում է տեսել: Սպասել է մինչև նախագահը քունն առնի և նոր միայն անցնի իր աշխատանքին՝  մաքրություն, եփել-թափել…

Բայց շատ չանցած՝ Ռուզան տոտան 2-րդ հարկի պատուհանից տեսել է, թե ինչպես են մի խումբ ցուցարարներ, բարձր-բարձր խոսելով մտնում նախագահականի բակ: Արագ իջել է բակ ու առաջները կտրել.

-Դուք հո վայրենի չե՞ք, կամաց խոսեք, նախագահը քնած է: Գնացեք կառավարության դեմ ցույց արեք, ի՞նչ կա եկել եք այստեղ:
-Էդ խոսքերիս վրա,- պատմում է Ռուզան տոտան,- մի սև ավտո մտավ բակ: Հետևից մի մարդու հանեցին, որին տեսնելով, մյուսները զգաստացան: Երբ նա առաջ եկավ՝ ճանաչեցի՝ Նիկոլն էր: Յա՛ա՛ա՛, զարմացա, տեսնես ինչո՞ւ է եկել, ցուցարարները մի վնաս չտա՞ն… Ամեն ինչ անցավ մտքովս:

Իմ աղբյուրը հանգստացել է միայն այն ժամանակ, երբ Նիկոլը մոտեցել ու ջերմագին զրույցի է բռնվել հավաքվածների հետ: Ապա ժպտալով դիմել ձեռքերը կոնքերին կանթած Ռուզան տոտային՝ նախագահը տա՞նն ա:
-Նախագահը տեղում է, բայց խնդրել է իրեն չանհանգստացնել:
-Իսկ դուք նրան ասեք, որ վարչապետն է ժամանել՝ կառավարությամբ հանդերձ:
-Չեմ կարող:
-Ինչո՞ւ…
-Խեղճ մարդը գիշերն ուշ է եկել, քնած է:
-Այդ դեպքում ես կարթնացնեմ,- նեղսրտել է Նիկոլը,- ժամին նայե՞լ եք…
-Վարչապետը ճիշտ ա ասում էլի, ժամին նայե՞լ եք, սա ի՞նչ բան է, ոչ մի տեղ կարգ ու կանոն չկա,- միջամտել է «ցուցարարներից» մեկը՝ մի սև-սև տղա, որ էն գլխից Ռուզան տոտայի դուրը չէր եկել:
Ռուզան տոտան էլ տարել-բերել և քաղաքագիտորեն շշպռել է սրան.
-Քե՞զ ով խոսացրեց, երիտասարդ, մի հատ սահմանադրությանդ մեջ մնա, չգիտե՞ս որ երկրի գլուխը նախագահն է, ովքե՞ր են սրանք, պարոն Փաշինյան, ոնց որ տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում:

Այդ պահին երկրորդ հարկի պատշգամբի բաց դռնից լսվել է նախագահի ձայնը.
-Ռուզաննա Արշավիրովնա, Ռու-զաաաան, ինչո՞ւ եմ ես այստեղ և ոչ թե մեր տանը…
Նիկոլենք բերանները բաց նայել են Ռուզան տոտային, թե սա ինչ կասի: Բայց Ռուզան տոտան բակից ձայն է տվել՝ հեսա գալիս եմ, պարոն նախագահ, անսպասելի հյուրեր ունենք, տեղավորեմ ու գամ:

Էլ ի՞նչ երկարացնեմ: Ռուզան տոտան Նիկոլին իր կառավարության հետ ուղեկցել է նախագահական պալատի հետևի այգին, մի շվաք տեղ նստացրել, իսկ ինքը գնացել նախագահի հետևից՝ վրան գլուխը կարգի բերելելու:
-Ասում ես հյուր ունե՞նք Ռուզաննա Արշավիրովնա,- հարցրել է նախագահը, երբ Ռուզան տոտան մտել է աշխատասենյակ:
-Հա, Նիկոլն է եկել, հետն էլ մի 15 հոգի, որից մեկը՝ աղջիկ:
-Ի՞նչ, Նիկո՞լը, լա՞վ ես նայել, հաստա՞տ Նիկոլն է:
-Վայ, պարոն նախագահ, էն խաչը վկա, ուրեմն ես Նիկոլին չեմ ճանաչո՞ւմ…

Ամենահետաքրքիր նախագահի և Նիկոլի հանդիպումն է եղել: Նրանք հեռացել են ընդհանուր խմբից և մոտեցել են միայն այն ժամանակ, երբ ցուցա… ներողություն, նախարարներն արդեն շարված էին մեծ վրանի տակ: Թե ինչ էին խոսել նախագահն ու Նիկոլը, Ռուզան տոտան չի լսել, բայց նախագահի և Նիկոլի թթված դեմքերից եզրակացրել է, որ այդ օրվա արարողությունը անսպասելի է եղել նախագահի համար:

Ես հետո մի քանի անգամ դիտեցի նախագահականի տարածած տեսանյութը: Ռուզան տոտայի պատմածները մեկ առ մեկ հաստատվում էին: Դա կառավարության երդման արարողություն չէր: Ոչ ոք բացման խոսք չասաց: Եկան, փայտի պես ցցվեցին վրանի տակ, հերթով մոտեցան ամբիոնին, ինչ-որ խոսքեր քրթմնջացին ու գնացին: Հա, մեկ էլ մի կանացի ձայն ազդարարեց արարողության սկիզբն ու վերջը: Պարզ երևաց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլին ու նրա կառավարությանը գլխից ռադ անելու համար միայն մասնակցեց ցերեմոնիային:

Նա չէր հավատում երդվողներին: Երդվող մարդը ձեռքը պետք դնի որևէ սրբության վրա, կամ զենք պետք է լինի ձեռքին: Այլապես՝ զգաստ կանգնած աշակերտի նման տառետառ կարդում էին երդման տեքստն ու իրենցից գոհ անցնում դիմացի «մայթը»՝ միանալու «երդվածների» խմբին: Ոչ մի էմոցիա… Հայաստանի տարբեր մարզերում դեռ պահպանվել է գերեզմաններում ձեռք սեղմելու (ձեռ բռնելու) սովորությունը… Նախարարները գերեզմանային լռության մեջ հերթով մոտենում էին նախագահին ու Նիկոլին, սեղմում նրանց ձեռքը, ասես մեռլատերերին էին սփոփում:

Բա երդման տեքստը… Ո՞վ է գրել սա. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Նիկոլը, որ ինչքան էլ չլինի, ԵՊՀ բանասիրականի օդը մի քիչ շնչել է, իսկույն նկատեց խրթին նախադասությունը: Կանգ առավ, մի քիչ «բուքսավատ արեց», բայց, որպեսզի արարողությունը չփչանար, քշեց, գնաց: Խոսքը հետևյալ հատվածի մասին է. «նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը»: Այստեղ կամ բառ է թռել «ինքնիշխանույան» բառից հետո, կամ էլ պետք է լիներ «ինքնիշխանույանն»՝ այսինքն՝ որոշիչ հոդով: Ամենազավեշտալին, սակայն, հենց «նպաստել» բայն է: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար ամենապատասխանատու մարդը երդվում է, որ ընդամենը նպաստելու է երկրի ինքնիշխանությանը և շահերի պաշտպանությանը: Մյուսներն էլ թութակի նման կրկնեցին՝ նպաստել, հա նպաստել… Ու մեկը չգտնվեց ասեր՝ դուք այս երկրի կառավարությունն եք, դուք ոչ թե պետք է նպաստեք, այլ ապահովեք, պահեք, հզորացնեք այդ ինքնիշխանությունը: Հիշեցնեմ նաև, որ սա արդեն Փաշինյանի երրորդ երդումն էր, այն մարդու, որ վեր կացավ հայտարարեց, թե ինքը պատերազմի ժամանակ որոշումներ չի կայացրել, այլ միայն մոդերատոր է եղել, այսինքն՝ նպաստող…

Հ.Գ.
-Ռուզան տոտա, բա վերջում նախագահը հյուրասիրություն չկազմակերպե՞ց մեր երկրի ինքնիշխանությանը նպաստողների համար:
-Կազմակերպեց, իհարկե, բայց շատ թեթև, մի-մի պաղպաղակ տվեց ձեռներն ու ասաց՝ էս էլ լպստեք, որ լավ նպաստեք…