870 ուսանող դիմել է, 748-ին բավարարել են

870 ուսանող դիմել է, 748-ին բավարարել են

Օրեր առաջ մենք գրել էինք, որ այս տարվա եկամտային հարկից օգտվող ուսանողների գումարը դեռեւս չի փոխանցվել: Մենք փորձել էինք նախ ՊԵԿ-ից ճշտել, թե ինչու են թերանում, ինչու վերոնշյալ գումարը չի փոխանցվել, սակայն մեզնից գրավոր հարցում էին պահանջել, ապա փորձել էինք հարցի պատասխանը ստանալ ԿԳՄՍ նախարարությունից: 

ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատել էր լուրը՝ նշելով, որ կարգը նախատեսում է եկամտային հարկի գումարը փոխանցել ուսումնական տարվա ավարտից հետո` եռամսյա ժամկետում, կամ որոշակի գործընթացներից հետո` վեց ամսվա ընթացքում: Գրիգորյանը մեզ վստահեցրեց, որ մինչեւ ուսումնական տարվա ավարտը ուսանողները կստանան իրենց հասանելիք գումարը, եւ եկամտահարկից օգտվող որեւէ ուսանող չի տուժի: 

Մեր հրապարակումից օրեր անց՝ այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. ՊԵԿ եկամտային հարկից՝ ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ «Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար․․․․ ՀՀ կառավարության 2020 թ․ հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով»: 

«Օրենսգրքով սահմանված՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի իրավունքից օգտվելու համար ՊԵԿ դիմել է շուրջ 870 ուսանող, որոնցից 748-ին արդեն վերադարձվել է եկամտային հարկի գումարները՝ շուրջ 264 միլիոն դրամի չափով: Մնացած դիմումները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններով և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված։ Առաջացած խնդրիների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է կրթության ոլորտի լիազոր մարմնին, և վերջինիս կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություններից կամ առկա խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումից հետո, կոմիտեն պատշաճ կերպով կշարունակի իրականացնել ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը»։ 

Նկատենք, որ մինչեւ մեր վերոնշյալ հոդվածի հրապարակումը այս թեմայով ՊԵԿ-ից հաղորդում էին, որ այս թեմայով որեւէ ինֆորմացիայի չէին տիրապետում: