Մենք եւ նրանք

Մենք եւ նրանք

Հեռավոր կամ մոտակա պատմական անցքերին հետահայաց անդրադառնալը մի իմաստ ունի՝ հասկանալ, թե որտեղ ենք սխալվել, եւ ինչպես անել, որ դրանք չկրկնվեն։ Մեկամյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են վերադառնալ հեռավոր 90-ականները եւ հասկանալ, թե ինչպես պատահեց, որ մենք՝ որպես Ադրբեջանի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տարած կողմ, չկարողացանք ճնշումը շարունակել եւ հասնել նրան, որ հենց 90-ականներին այդ հաղթանակն ամրագրվեր, կապիտալիզացվեր եւ վերածվեր կայուն փաստաթղթի՝ Արցախի անկախության եւ մեր պատերազմական առավելության ամրագրմամբ։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ 94-ին գետնատարած զինադադար մուրացող Ադրբեջանը կարողացավ կանգնեցնել մեր բանակի հաղթարշավը եւ կաշկանդել մեր իշխանություններին, ամրագրել ստատուս-քվոն եւ 30 տարի պահպանել։ Դիմանալ մեր եւ միջազգային հանրության ճնշումներին ու չստորագրել ոչ մի փաստաթուղթ՝ այնքան ժամանակ, մինչեւ որ կամրանա ու ռեւանշի կգնա։ Ինչո՞ւ մեր բանակն ու իշխանություններն իրենց չպահեցին այնպես, ինչպես այսօր իրենց պահում են ադրբեջանական բանակն ու իշխանությունը՝ չշարունակեցին ճնշել, նեղել, պարտադրելու մարտավարությունը։ Այդ պահվածքը մեր՝ հայերիս համեստությունի՞ց, հումանիզմի՞ց, թե՞ մեր իշխանությունների պաթոլոգիկ ինֆանտիլությունից է գալիս, գուցե մեր հասարակության՝ կողմնորոշվել չկարողանալու եւ անձնական շահը պետության շահից վեր դասելու կործանարար հատկությունից։

Ցավալի է արձանագրել, որ մեր անփութության, ապաշնորհության եւ տկարության պատճառով մենք պատմական շանս բաց թողեցինք։ Շանս, որն ազգերին հարյուր կամ հազար տարին մեկ է տրվում։ Շանս, որը կարող էր ջնջել նախկին պարտությունների հիշողությունը եւ պսակվել 2 հայկական պետության կայացմամբ։