Ինչ փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Ինչ փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Կառավարության նիստում գործադիրն օրեր առաջ որոշում է կայացրել փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն ասում է, որ փոփոխությունները բազմաթիվ են եւ պայմանավորված են այն հանգամանքով, որ տնօրենի ընտրության կարգը նոր խմբագրությամբ շարադրելիս եւ գործընթացը սկսելիս պարզ դարձավ, որ որոշ դրույթներ անհրաժեշտ է վերանայել։ 

Հանրակրթության վարչության պետն ասում է` փոփոխություններ են արվել ժամկետների, որոշ ձեւակերպումների, մանկավարժական եւ ծնողական խորհուրդներում իրականացվող քվեարկության հետ կապված։ Նոր կարգով՝ տնօրենի հավակնորդը պետք է իր զարգացման ծրագիրը ներկայացնի մանկավարժական եւ ծնողական խորհրդում, որտեղ պետք է իրականացվի փակ քվեարկություն։ Այն հավակնորդը, որը քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ է ստանում, նա էլ դպրոցի կառավարման խորհրդում հանդիսանում է տվյալ մանկավարժական կամ ծնողական խորհրդի թեկնածուն։ 

Ստացվում է, որ, կախված մանկավարժական կամ ծնողական խորհուրդներում իրականացված քվեարկության արդյունքներից, դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված 2-ական ներկայացուցիչներն ավտոմատ քվեարկում են տվյալ թեկնածուի օգտին։ Արդյունքում` տեղի է ունենում ոչ թե փակ, այլ բաց քվեարկություն, ինչը, ըստ Բաղդասարյանի, վերոնշյալ կարգով է սահմանված․

«Քվեարկությունը բաց է իրականացվում կառավարման խորհրդում՝ հենց հաշվի առնելով այդ հանգամանքը, որ ծնողական ու մանկավարժական խորհուրդներում իրականացված քվեարկության արդյունքներում արդեն իսկ պարզ է լինում, թե որ հավակնորդներն են առավելագույն ձայներ ստացել, եւ խորհրդում մանկավարժների ու ծնողների կողմից ներկայացված անդամներն այդ 2-ական ձայներն ում են փոխանցելու: Սա արվում է այն նպատակով, որ հանկարծ այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ ծնողական կամ մանկավարժական խորհրդում իրականացված քվեարկության արդյունքում կառավարման խորհրդում տվյալ խորհրդի ներկայացուցիչները մեկ այլ թեկնածուի օգտին քվեարկեն, իսկ եթե քվեարկությունը փակ լիներ, ապա հնարավոր չէր էլ լինի պարզել, թե գործընթացն ինչու խափանվեց»: 

Նախկինում, ինչպես նկատում է Բաղդասարյանը, ծնողական եւ մանկավարժական խորհուրդներն ընդհանրապես չէին մասնակցում տնօրենի ընտրությանը, եւ ամբողջությամբ կառավարման խորհուրդն էր որոշում, թե քվեարկության արդյունքում ով է լինելու տնօրենը, բայց քանի որ «Հանրակրթության մասին» օրենքով կրթության մասնակիցներ են համարվում նաեւ աշակերտները, նրանց ծնողները, մանկավարժները, ապա, հաշվի առնելով այդ հանգամանքը, նախարարությունը որոշեց տնօրենի ընտրության գործընթացն ավելի ընդգրկուն դարձնել՝ այդ գործընթացին մասնակից դարձնելով նաեւ աշակերտներին, ծնողներին եւ մանկավարժներին: 

Ի դեպ, տնօրենի հավակնորդը, մինչեւ իր զարգացման ծրագիրը ներկայացնելը, այսուհետ պետք է հանդիպի աշակերտների հետ եւ հարցուպատասխանի միջոցով աշակերտների կարծիքներն էլ փորձի ճշտել, օրինակ՝ թե երեխաներն ինչպիսի դպրոց են պատկերացնում եւ ինչ կուզեին, որ իրենց դպրոցում լիներ: Տնօրենները նաեւ այդ արձագանքների հիման վրա կկառուցեն իրենց զարգացման ծրագրերը, իսկ ծնողական ու մանկավարժական խորհուրդներում կներկայացնեն արդեն գրված պատրաստի զարգացման ծրագիրը: 

Արդյոք թվաքանակի որոշակի սահմանափակում դրվա՞ծ է այդ խորհուրդների վրա, թե՞ ոչ։ Բաղդասարյանը նշեց, որ դա ուսումնական հաստատության կանոնադրությամբ է կարգավորվում, բայց այդ քննարկումներին կարող են մասնակցել բոլոր ծնողները, նաեւ նրանք, ովքեր չեն մտնում ծնողական խորհրդի մեջ, բայց քվեարկությանը մասնակցելու են միայն ծնողական խորհրդի ներկայացուցիչները:

Դեռ գարնանը, երբ նախարարի հրամանով փոփոխության ենթարկվեցին դպրոցների կառավարման խորհուրդները, մեծ դժգոհություն առաջացրեց հատկապես այն կետը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ին նշանակելու է լիազոր մարմինը, եւ միայն 4 հոգին (2-ական ներկայացուցիչներ ծնողական ու մանկավարժական համայնքներից) են ներկայացնելու դպրոցի շահերը, ինչը նշանակում է ոչ այլ ինչ, քան պետության կողմից ուղիղ միջամտություն դպրոցի կառավարման գործում: 

«Փոփոխություններ կատարելու նպատակներից մեկն էլ հենց դա էր, որովհետեւ մենք էլ էինք շատ մտահոգություններ ստանում, որ միայն լիազոր մարմնի ներկայացուցիչները կարող են վճռել տնօրենի ընտրության ելքը, եւ այդ մտահոգությունները հաշվի առնելով՝ փոփոխություն կատարեցինք նաեւ կազմի համամասնության մեջ, եւ եթե նախկինում 5 ձայնով կարող էր ընտրվել տնօրենը, ապա այժմ խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ով կարող է ընտրվել տնօրեն, այսինքն՝ 9 ձայնից առնվազն 6 ձայն պետք է ունենա հավակնորդը, որպեսզի ընտրվի տնօրեն»:

Համաձայն կարգի, տնօրենի ընտրությունը կազմակերպվում է մինչեւ գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետի ավարտը, եւ սա փորձ է՝ սահմանափակել պաշտոնակատարի ինստիտուտն այս համակարգում։ «Սա էլ բազմաթիվ գործընթացների արդյունքում լրացուցիչ վարչարարություն էր, որը մենք այս փոփոխություններով կարգավորեցինք․ նախկինում տնօրենի ժամկետը լրանում էր, հետո նշանակվում էր ժամանակավոր պաշտոնակատար, որին զուգահեռ կատարվում էր ընդունման-հանձնման գործընթաց, ինչը երկարատեւ ու բարդ գործընթաց է, ապա խորհուրդը հայտարարում էր մրցույթ, ընտրվում էր տնօրեն, ում հետ նորից անցկացվում էր ընդունման-հանձնման գործընթաց, որը ե՛ւ ռեսուրս, ե՛ւ ժամանակ էր պահանջում:

Հետեւաբար, որոշում կայացվեց, որ մրցույթը հայտարարվի մինչեւ տնօրենի պաշտոնավարման ժամկետի լրանալը, որը մեզ հնարավորություն կտա այդ մի վարչարարությունից խուսափել, եւ ժամկետներն այնպես են հաշվարկված, որ եթե որեւէ խնդիր չեղավ, մրցույթը չհետաձգվեց եւ բնականոն ընթացքով շարունակվեց, ապա նոր տնօրենը մոտավորապես կընտրվի գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու մոտ օրերը, որի արդյունքում նաեւ մեկ ընդունման ու հանձնման գործընթաց կիրականացվի»: