Միմյանց դեմ պատերազմող Ռուսաստանը եւ Ուկրաինան նաև համագործակցո՞ւմ են

Միմյանց դեմ պատերազմող Ռուսաստանը եւ Ուկրաինան նաև համագործակցո՞ւմ են

Չնայած ռուս-ուկրաինական պատերազմին եւ երկու երկրների փոխադարձ հարաճուն թշնամանքին, Մոսկվան եւ Կիեւը շարունակում են բնականոն համագործակցությունը գազի արտահանման ոլորտում։ Բացի այդ, ըստ լրագրողական հետաքննության արդյունքների, 2022 թ․ հունվարից մինչեւ 2023 թ․ հուլիսը ռուսական «Авиа ФЭД сервис» ընկերությունը երկիր է ներմուծել ինքնաթիռների եւ ուղղաթիռների առնվազն 650 միլիոն ռուբլու պահեստամասեր, որից 370 միլիոնն ուկրաինական ընկերությունների արտադրանք է։ 

Միմյանց դեմ պատերազմող այս երկու «եղբայրական» ժողովուրդները 2022 թ․ փետրվարի 24-ին սկիզբ առած ռազմական բախումների ընթացքում համագործակցության եզրեր ունեին նաեւ «հացահատիկային գործարքի» շրջանակում։ Չնայած Սեւծովյան համաձայնագրերի խափանմանը, ակնհայտ է, որ Մոսկվան եւ Կիեւը շարունակում են առնվազն առեւտրային հարաբերություններ պահպանել միմյանց հետ, ինչը վկայում է փոխադարձ հետաքրքրությունների եւ փոխշահավետ գործակցության մասին՝ անկախ ռազմաճակատում ծավալվող իրադարձություններից։

Լայնամասշտաբ պատերազմից առաջ Ուկրաինան եւ Ռուսաստանը շարունակում էին մնալ հիմնական առեւտրային գործընկերները՝ պահպանելով տնտեսական սերտ կապեր (դա՝ այն դեպքում, երբ տեղի էին ունեցել 2014 թ․ հայտնի ռազմական բախումները եւ Ղրիմի անեքսիան)։ Այսպես, 2021 թվականին Ուկրաինան Ռուսաստանի արտաքին առեւտրի գծով զբաղեցրել է 15-րդ տեղը՝ նրա մասնաբաժինը կազմել է գրեթե 2%-ը, երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 12 մլրդ դոլարը։

2021-ին Ուկրաինան, ըստ Ռոսստատի, 4,2 միլիարդ դոլարի ապրանքներ է մատակարարել ՌԴ-ին։ Իսկ Ռուսաստանն Ուկրաինա է արտահանել 7 միլիարդի ապրանք եւ ծառայություններ, Ուկրաինայի համար Ռուսաստանը երեք խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկն էր։

Պատերազմական 2022 թվականի առեւտրի ցուցանիշներին գանք․ Ուկրաինայի մաքսային ծառայության տվյալներով, եթե 2022 թվականի փետրվարին Ռուսաստանից Ուկրաինա ներմուծումը կազմել է 548 մլն դոլար, արտահանումը` 240 մլն դոլար, նույն տարվա մարտին այդ ցուցանիշները նվազել են համապատասխանաբար՝ 43 եւ 4,2 մլն դոլարի։ Բայց փաստ է, որ պատերազմող երկրների միջեւ առեւտրաշրջանառություն եղել է, բնականաբար, ոչ նախկին տեմպերով ու ծավալներով։

Ինչ վերաբերում է 2022 թ․ փետրվարից հետո տեղի ունեցած զարգացումներին․ լրագրողները պարզել են, որ 2022 թ․ հունվարից մինչեւ 2023 թ․ հուլիսը ռուսական «Авиа ФЭД сервис» ընկերությունը երկիր է ներմուծել ինքնաթիռների եւ ուղղաթիռների առնվազն 650 միլիոն ռուբլու պահեստամասեր, որից 370 միլիոնն ուկրաինական ընկերությունների արտադրանք է։ «Авиа ФЭД сервис»-ը մատակարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, «Ростех»-ին եւ նախագահական թռիչքային ջոկատին։

Բացի այդ, ըստ լրագրողական հետաքննության, ուկրաինական գնումների շնորհիվ ռուսական ընկերությունը սարքավորումներ է ստացել Խարկովի մեքենաշինական եւ Կիեւի «Ռադար» գործարաններից։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսել է 2022 թ․ փետրվարի 24-ին, այսինքն՝ վերոնշյալ գործարքներն իրականացվել են ինչպես հակամարտությունից առաջ, այնպես էլ դրանից հետո։
Այս ամիս հայտնի դարձավ նաեւ, որ ռուսական «Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում ուկրաինացիների կողմից հաստատված ծավալով «Սուջա» գազակայանի միջոցով։ Ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել էր, որ նոյեմբերի 4-ի դրությամբ՝ դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալը կազմել է 40,7 մլն խմ։ «Գազպրոմի» եւ Ուկրաինայի միջեւ տարանցման համաձայնագիրը ենթադրում է, որ 2021 թվականից պոմպային օրական երաշխավորված ծավալը (երկու կողմից) կազմում է 109,6 մլն խմ։

Ռազմական-ռազմավարական տեսակետից էլ կողմերը տարբեր պատկան խողովակներով կապեր են պահպանում ռազմագերիների փոխանակման հարցերով, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսությունը ֆանտաստիկայի ժանրից չէ։ Սա կարող է նաեւ հիմք ծառայել խաղաղ բանակցությունների համար, քանի որ երբ խոսում են դիվանագետներն ու ժողովուրդները, թնդանոթները լռում են։

Եվ եթե հաշվի առնենք, որ իսրայելապաղեստինյան էսկալացիայի ֆոնին աշխարհի համակ ուշադրությունը Գազայի հատվածի վրա է կենտրոնացել, Ուկրաինայի խոշոր աջակից ԱՄՆ-ն էլ հայտարարում է, թե իրենց համար առաջնահերթն Իսրայելին աջակցությունն է (նման հայտարարությամբ հանդես եկավ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը), Զելենսկին ինքն էլ խոստովանել է, որ Արեւմուտքն ու առաջին հերթին Վաշինգտոնն աչքաթող են արել ուկրաինացիներին նույն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի առճակատման պատճառով, ապա պարզ է դառնում, որ Մոսկվան եւ Կիեւը պետք է շուտով նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ ինքնուրույնաբար կարգավորեն բոլոր տեսակի վեճերը, որքան էլ դրանք ցավոտ ու սկզբունքային լինեն: