Հայրապետյանն ազատվել է պաշտոնից, բայց կշարունակի վարել «Թիվ 1 բորտը»

Հայրապետյանն ազատվել է պաշտոնից, բայց կշարունակի վարել «Թիվ 1 բորտը»

Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Թիվ 1 բորտի հրամանատարը՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը։ Քաղաքավիացիայի կոմիտեից նախագահի օգնական Ժենյան խոստացավ ճշտել և պաշտոնապես տեղեկություն հաղորդել այդ մասին, սակայն մինչ այս պահը դեռ որևէ պատասխան չենք ստացել՝ մեր զանգերին, չգիտես ինչու, այլևս չի պատասխանում։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Հայրապետյանը, իրականում, իր դիմումի համաձայն դադարել է զբաղեցնել Թռիչքային գործունեության վարչության պետի պաշտոնը, սակայն շարունակում է ղեկավարել երկրի թիվ մեկ բորտը։

Հիշեցնենք, որ Հայրապետյանը երկարամյա և փորձառու օդաչու է, 2007 թվականից վարում է նախագահական օդանավը, նրա պատասխանատվության ներքո են թռչել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այժմ էլ՝ Նիկոլ Փաշինյանն է թռչում նրա հետ։

Մեզ ասացին, որ  Գրիգոր Հայրապետյանը վարչության պետի պաշտոնից ազատման դիմում է գրել, քանի որ հոգնել էր այդ աշխատանքից և ցանկանում է զբաղվել միայն օդաչուական աշխատանքով՝ շարունակելով կատարել թռիչքներ «Թիվ մեկ բորտով»։