Մոնիկա Հուննիուս․ Ուղեւորություն՝ Ծննդյան տոներին

Մոնիկա Հուննիուս․ Ուղեւորություն՝ Ծննդյան տոներին

Մենք կրկին ամանորյա ուղեւորության էինք աղքատ շրջաններում: Ճանապարհն այս անգամ մեզ տարավ Ռիգայի ամենահեռավոր արվարձաններից մեկը: Կանգ առանք մի քարե բարձրահարկ տան առջեւ. ուզում էինք տոնածառով այցելել մի խեղճ կնոջ: Հարեւանուհիներից մեկը քարե սանդուղք ցույց տվեց, որով մեծ դժվարությամբ բարձրացանք եւ շուտով կանգնեցինք մի մեծ, մութ սենյակում, որ ճրագով թույլ լուսավորված էր: Երբ բացեցինք դուռը, հազիվ կարողացանք որեւէ բան նշմարել մութ տարածության մեջ: Սարսափելի հոտ էր գալիս: Երբ մեր աչքերը սովորեցին կիսամթին, զգացինք տարօրինակ հոտի պատճառը. այն գալիս էր կենդանիների նեխած մաշկից, որ չորացնելու համար կախել էին առաստաղից: Պատի մոտ գտանք մի նեղ մահճակալ, որի վրա փոքրիկ մութ կերպարանք էր:

Մոտեցանք մահճակալին, մեզ հետ բերած տոնածառը դրինք սեղանին, հոգեւոր հովիվը Ավետարանից կարդաց սուրբծննդյան հատվածներ, երգեցինք ծննդյան երգեր: Հիվանդը չար ու խիստ արտահայտությամբ մեզ էր նայում, նրա դեմքը նման էր գիշատիչ թռչունի, ուրախության ոչ մի նշույլ, նույնիսկ զարմանք չկար կլոր, չար աչքերում: Հոգեւոր հովիվը մի քանի բառ փոխանակեց նրա հետ այն ուրախության մասին, որ այդ օրը աշխարհ է եկել։ Հիվանդը սեւեռուն նայեց հովվի դեմքին․ առանց ներելու նրա դեմքի արտահայտությունը՝ չկարողացավ լսել բարի լուրը, նրա սիրտը փակ էր ու մեռած: Հոգեւոր հայրը հարցրեց նրան՝ արդյոք ունի՞ մեկը, որ հոգ է տանում իր մասին:

- Հա՛, որդիներս, առավոտյան նրանք գնում են աշխատանքի, ինչ որ անհրաժեշտ է, դնում են կողքիս ու երեկոյան կրկին վերադառնում են. ամբողջ օրը մենակ եմ:

- Միայնությունը դժվա՞ր է քեզ համար:

Նա չպատասխանեց: Այդ անլույս կյանքի թշվառությունը ընդգրկեց մեր սրտերը: Մի սիրալիր ծաղկավաճառուհի գարնանային ծաղիկների մեծ փունջ էր բերել խղճուկ ճամփորդությանս համար:

Վերցրի զամբյուղս, որտեղ խնամքով պահել էի դրանք ձմռան ցրտից, եւ բոլորը դրի հիվանդի կրծքին: Իր մուգ, ծռմռված մատները զգույշ մեկնեց՝ ասես մի անիրական բանի: Եվ ապա տարօրինակ փոփոխություն նկատվեց խիստ, հատու դեմքին. նրա աչքերից լույսի նման մի բան էր ճառագում: 

- Ծաղիկնե՜ր, իսկակա՜ն ծաղիկներ,- արտաբերեց խիստ ձայնը, որում հանկարծ ուրախություն հնչեց:- Ծաղիկներ՝ ինձ համար,- ասաց նա մի անգամ էլ,- եւ ես կարող եմ պահել դրանք:

Վերցրեց գարնանային պայծառ ծաղիկները, մոտեցրեց այտերին ու հոտ քաշեց: Դեմքը փայլում էր: Նա չէր նկատում տոնածառը՝ իր աղոտ լույսերով, չէր նկատում նաեւ մեզ, որ ցնցված կանգնած էինք մահճակալի մոտ. միայն ծաղիկներին էր նայում, եւ իր հոգին ականջ էր դնում այդ կանչին՝ մի պայծառ աշխարհից: Անաղմուկ դուրս եկանք: Ես շուռ եկա դեպի դուռը եւ մի անգամ էլ զննեցի անմխիթար միջավայրը, որտեղ նա էր գտնվում: Բայց կինը խաղաղ պառկած էր այնտեղ՝ ծննդյան մոմերի լույսի ներքո, ձեռքերն ամուր բռնել էին գարնանային փունջը, պայծառ ծաղիկները սեղմվել էին մութ այտին: Աչքերը փակ էին, դեմքին խաղաղություն կար:      

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ