Այլևս նողկալի և անտանելի է դառնում նման խորհրդարանում աշխատելը

Այլևս նողկալի և անտանելի է դառնում նման խորհրդարանում աշխատելը

Ազգային ժողովի վերջին քառօրյաները դեժավյուի զգացողություններ են առաջացնում ընդդիմություն-իշխանություն լավագույն ավանդույթների շարունակության առումով։ Սիրո եւ հանդուրժողականության լոզունգներով իշխանության եկածները ճիշտ հակառակ տրամադրվածությամբ են լցվել քաղաքական օպոնենտների նկատմամբ։ Եթե նախկինում նկատելի էր համագործակցության, կոմպրոմիսի գնալու միտում, իսկ դեռեւս հունվարին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ամբիոնից վստահեցնում էր, որ ինքն ԱԺ երեք խմբակցությունների նախագահն է, ապա վերջին շաբաթներին «Իմ քայլն» իր պահվածքով չի զիջում ՀՀԿ-ին՝ ձգտում է միահեծան իշխանության, «թքած ունի» ընդդիմադիրների քննադատությունների վրա եւ միանձնյա որոշումներ է կայացնում։

Ավելին, ցանկացած քննադատության պարագայում՝ անգամ ռացիոնալ, իմքայլականները շշպռում են ամենաբարձր՝ ԱԺ նախագահի ու փոխնախագահի մակարդակով, հիշեցնում ԲՀԿ-ի անցյալը, ԼՀԿ-ի երրորդ ճանապարհը եւ այլն։ Բանը հասավ նրան, որ երբեմնի հլու-հնազանդ ԲՀԿ-ից մի քանի օր առաջ Միրզոյանին հուշեցին, որ տված խոստումը դրժում է։ Այսօրվա իշխանությունների անհանդուրժող պահվածքը նկատում են անգամ նրանց երբեմնի դաշնակից Էդմոն Մարուքյանի թիմում։ Իշխանությունն ամիսներ առաջ ավելի կառուցողական էր, քան այսօր։ «Միգուցե ամիսներ առաջ հակադրվելու առիթներ չեն եղել, այսօր կան, այդ պատճառով է նրանց պահվածքն ավելի նկատելի դարձել»,- ասում է Մարուքյանը։ Նա իշխանության չափազանց ինքնավստահ եւ անհանդուրժող պահվածքը բացատրում է նրանց բարձր լեգիտիմությամբ․ «Այս իշխանությունը շատ ինքնավստահությունից ու լեգիտիմությունից կորցնում է այն կարեւոր հատկանիշը, որը պետք է իշխանությանը, այն է՝ լսել, լսել ընդդիմախոսներին եւ ոչ թե մուննաթ գալ տարբերությունների վրա, ասել, որ այսպես ելույթ մի ունեցեք, այնպես մի ունեցեք, որովհետեւ, ըստ էության, չկա մի այնպիսի մարդ, որը մեզ կարողանա ասել՝ մենք ինչը ոնց անենք, այլ ուղղակի պետք է լսել, թե մենք ինչ ենք ասում։ Դա միայն օգուտ կտա իրենց ու մեր երկրին, պետականությանը։ Իսկ եթե չլսեն, ընկնելու են նախկին իշխանությունների օրը։ Դրա համար ես չեմ ուզում, որ որեւէ ուժ հայտնվի նախկին իշխանության տեղը, դա վատ երազ կլինի իրենց համար»։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ոչ միայն զգացել, այլեւ նախօրեին էլ ելույթ է ունեցել՝ իշխանականներից փորձելով պարզել․ «Այդ ինչի՞ է ձեզ թվում, որ դուք անքննելի ու անքննադատելի եք, որ չի կարելի ձեզ քննադատել»։ Զոհրաբյանի կարծիքով՝ իշխանությանը թվում է, որ եթե ժողովրդի 88 տոկոսն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն իրենք դարձել են անքննադատելի՞։ «Նիկոլ Փաշինյանին եւ ո՛չ իրենց․ սա պետք է ընդունենք»,- շեշտեց Զոհրաբյանը։ «Ինչ-որ անքննելի վեղար են վերցրել իրենց վրա, դարձել են խիստ ագրեսիվ, ցանկացած քաղաքական քննադատությանը պատասխանում են բացառապես եւ միայն անձնական վիրավորանքներով, որովհետեւ քաղաքական արգումենտացիա չեն կարող ներկայացնել, եւ ցավոք սրտի, խորհրդարանի այս ամբիոնը, որը պետք է լիներ քաղաքական բանավեճերի ամբիոն, դարձրել են անձնական ռազբորկաների ամբիոն։ Իրենց միակ սիրելի բառը դարձել է «ձեր հետագիծը», «ձեր կոալիցիան ՀՀԿ-ի հետ»։ Այլեւս նողկալի եւ անտանելի է դառնում նման խորհրդարանում աշխատելը»։

Նախկինում ավելի կառուցողական պահվածքն արդյոք բացատրվո՞ւմ է նրանով, որ ընդդիմադիրները չէին քննադատում իշխանություններին։ «Ես չեմ կարող պատասխանել, թե ինչ տրանսֆորմացիաներ է կրել իրենց հոգեվիճակը, բայց այս պահին իսկապես առավել անհանդուրժող խմբակցություն այլակարծության հանդեպ, քան իրենցն է, չկա»,- ասում է Զոհրաբյանը։ Ի դեպ, ընդդիմադիրներից ոչ պակաս «Իմ քայլում» անհանդուրժողականություն կա նաեւ ԶԼՄ-ների նկատմամբ, պատահական չէ, որ երեկ մի խումբ պատգամավորներ հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ Վաղարշակ Հակոբյան, Գեւորգ Պապոյան, անգամ Հայկ Կոնջորյանը մերժեց՝ հանդիպում ունենալու պատճառաբանությամբ։ Հրաչյա Հակոբյանն արձագանքեց ընդդիմադիր գործընկերների պնդումներին, ասաց, թե իրենք էլ մի քանի ամիս առաջ նկատում էին, որ ընդդիմադիրները շատ ավելի «զուսպ էին» իրենց հայտարարություններում եւ ավելի «կառուցողական», քան այսօր, երբ ԱԺ ամբիոնին խոսափող են «շրխկացնում»․ «Ու ընդհանրապես՝ ժողովրդի մեծամասնություն վայելող ուժի նկատմամբ խոսում քամահրանքով»։

«Անհանդուրժող ենք, քննադատություններ չենք ընդունում, իսկ, ներողություն, ի՞նչ են ուզում մեր ընդդիմադիրները»,- հարցրեց իմքայլականն ու ինքն էլ պատասխանեց իր հարցին․ «Ուզում են, որ իրենք քննադատեն, մենք էլ լռե՞նք»։ Հակոբյանն ընդդիմադիրներին հիշեցնում է իրենց հեղինակած եւ իշխող մեծամասնության ընդունած նախագծերն ու հորդորում իրենց մասին այդ կտրվածքով տպավորություն կազմել․ «Եթե ընդդիմությունը մեզ է վերագրում չեղած բաներ, ինչպես Նաիրա Զոհրաբյանը որոշ դպրոցների լուսանկարներ ներկայացնելով ասաց, որ Դրեզդենի ավերակներ են, Ալեն Սիմոնյանն էլ ասաց՝ այն պահին, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա էիք կազմում, այդ ժամանակ հիշեցնեիք»։

Մինչդեռ «Իմ քայլից» Սոֆյա Հովսեփյանը նկատել է, որ քննադատություններին դիմանալու մշակույթն առհասարակ բոլոր ոլորտներում է վատ զարգացած․ «Դա կրթական եւ հասունության հետ է կապված, ու ընդդիմության մտահոգությունները, կարելի է ասել, համահայկական խնդիր են»։ Պատգամավորի դիտարկմամբ՝ եթե հասարակության 20 տոկոսը կարողանում է քննադատութուններին նորմալ մոտենալ, հետեւություններ անել ու զարգացման գնալ, ապա մյուս 80 տոկոսը քննադատության տակ կարող է ճնշվել․ «Ինչ վերաբերում է իշխանությունների հանդեպ քննադատություններին, բուն գործող անձինք շատ ավելի ադեկվատ վերաբերմունք են ցույց տալիս քննադատություններին, եւ հետագա քայլերում երեւում են իրենց գործողությունները»։ Նա չի հերքում, որ որոշ դեպքերում խուճապի պատճառով գուցե իր գործընկերները կոշտ են արձագանքում, բայց իշխանությունը քննադատություններից չի ընկճվում եւ չի էլ ընկճվի, քանի որ իր ներսում հուժկու քննադատներ ունի։